ԱԺ ընտրություններ-2018. առավելագույն ձայներ հավաքած կին թեկնածուները

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում կազմեց և վավերացրեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերի 9-ի կայացած քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ  արձանագրությունը:

 

Համաձայն պաշտոնական տվյալների, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2. 592. 481 քաղաքացիներից 1 մլն 260 հազար 840-ը կամ ընտրողների 48.63 %-ը:

 

Նախնական արդյունքների համաձայն,  7-րդ գումարման  Ազգային ժողովում ներկայացված կլինի միայն երեք քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը (70.43%),  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (8.27%), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (6.37%)։

 

Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ անցողիկ շեմը, որը կազմում է  5% կուսակցությունների և 7% դաշինքների համար:    

 

 

Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր

 

Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաշվում են, թե ապագա խորհրդարանը քանի՞ պատգամավոր կունենա, որ ուժից քանի՞ ներկայացուցիչ կլինի օրենսդիր մարմնում,  մամուլում արդեն իսկ հայտնվել են խիստ նախնական ոչ պաշտոնական հաշվարկներ, ըստ որոնց   Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհդրարանում պատգամավորների թիվը 105 է:

 

 

Պատճառն այն է, որ «Իմ քայլը» ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը, մինչդեռ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ Ազգային ժողովում ընդդիմությունը չի կարող 1/3-ից պակաս մանդատներ ունենա: Հետեւաբար, ԱԺ անցած մյուս երկու ուժերը լրացուցիչ մանդատներ են ստանալու, մինչեւ նրանց ներկայությունը ԱԺ-ում կազմի 30 տոկոս : 

 

NEWS. am –ի կողմից ներկայացված մոտավոր հաշվարկների համաձայն ,  «Իմ քայլը» դաշինքն ստանում է 84 մանդատ, նաեւ ըստ Դոնթի բանաձեւի դաշինքին են բաժին ընկնում ազգային փոքրամասնություններին հասնող 4 մանդատները: Այսպիսով «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում  մոտավոր հաշվարկներով կունենա 88 մանդատ:

 

Մյուս երկու ուժերից ԲՀԿ-ն պետք է ունենար 10, իսկ «Լուսավոր Հայաստանը» 7 մանդատ, սակայն նրանք կստանան լրացուցիչ մանդատներ, և արդյունքում  ԲՀԿ-ն կունենա  26 մանդատ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը – 18 մանդատ:

 

Խիստ նախնական հաշվարկներով  կարող են միայն 28 կին մանդատ ստանալ

 

Հիմնվելով մամուլում հայտնված  ընտրված պատգամավորների խիստ նախնական ցուցակների վրա, կարելի է եզրակացնել, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանում ապահովել կանանց ներկայացվածության 25%-ը, և պատգամավորական մանդատ ստացող  կանանց թիվը կարող է և  չգերազանցի 28-ը:  Խնդիրն անշուշտ տարածքային ցուցակների մեջ է, քանի որ  պատգամավորական մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակներով , իսկ մյուս կեսը տարածքային ցուցակներով , իսկ ընտրատարածքներում բավարար թվով ձայն ստացած կին թեկնածուների թիվը խիստ սահմանափակ է:  Ահա այս իրողության պատճառով է, որ տարածքային ցուցակներն անվանում են «ռեյտինգային»: Մոտավոր հաշվարկներով, ռեյտինգային ընտրակարգով մանդատ են ստանալու ընդամենը  7 կին:

 

Բոլոր դեպքերում,  այս պահին ցանկացած հաշվարկ խիստ նախնական բնույթ է կրում , քանի որ պարզ չէ, ովքեր են վերցնելու մանդատները, իսկ ովքեր են նշանակվելու գործադիր մարմնում աշխատելու համար:

 

 

Ընտրատարածքներում առավելագույն ձայներ հավաքած կին թեկնածուները

 

WomenNet.am-ը փորձել է պարզել  թե ռեյտինգային կարգով առաջադրված կին գործիչներից ովքեր են առավելագույն ձայներ հավաքել ընտրատարածքներում:

 

  • Հանրապետության 13 ընտրատարածքներից որևէ մեկում առավելագույն ձայներ ստացած թեկնածուների թվում  կանայք չկան:

 

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, 1287 տարածքային թեկնածուններից ամենաշատ քվե ստացել է «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը՝ 31 հազար 739, ամենաքիչը՝ ՕԵԿ-ից Աննա Մելիքբեկյանը՝ 6 ձայն։ Սասուն Միքայլեյանին հաջորդում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը 25 հազար 550 քվեով, ապա Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ 24 հազար 172, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ 22 հազար 604 ձայն, Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ 21 հազար 812 ձայն, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը՝ 17 հազար 155 ձայն, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ 16 հազար 508 ձայն:

 

  • Ընտրատարածքների կտրվածքով առավելագույն ձայներ հավաքած հնգյակներում ընդհանուր թվով  12 կին թեկնածու կա:

 

Թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն)՝ առավել մեծ թվով ձայներ հավաքել է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Կոնջորյանը։ Նրա օգտին քվեարկել է 12 784 ընտրող։ Լավագույն հնգյակում կին չկա, սակայն առավել մեծ թվով ձայներ հավաքած վեցերորդ թեկնածուն Զարուհի Բաթոյանն է, ով ստացել է 3995 ձայն։

 

Թիվ 2 ընտրատարածքում  (Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ)  առավել մեծ թվով ձայներ հավաքել է Տիգրան Ավինյանը (14 314 քվե)։ Առավել մեծ թվով ձայներ հավաքած թեկնածուների  հնգյակում  «Իմ քայլը» դաշինքից Լենա Նազարյանն է  (11 300 քվե) և Լիլիթ Մակունցը (5 087 քվե)։

 

Թիվ 3  ընտրատարածքում (Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա)` ամենաշատ ձայները ստացել է  Արարատ Միրզոյան (25 550 քվե)։  Լավագույն հնգյակում  «Իմ քայլը» դաշինքից Հռիփսիմե Գրիգորյանն է  (4 019 քվե)։

 

Թիվ 4 ընտրատարածքում (Նուբարաշեն, Էրեբ«ունի, Նորք-Մարաշ և Կենտրոն)՝ առավելագույն քվեներ հավաքած թեկնածուն Ալեն Սիմոնյանն է (21 812 քվե)։ Առաջին հնգյակում  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Մանե Թանդիլյանն է (3 636 քվե)։

 

Թիվ 5 ընտրատարածքում ( Արարատի մարզ) ` առաջատարը Գարիկ Սարգսյանն է (22 604 քվե։) Լավագույն հնգյակում   «Իմ քայլը» դաշինքից Տաթևիկ Գասպարյանն է (9 390 քվե)։

 

 Թիվ 6 ընտրատարածքում ( Արմավիրում)` ամենամեծ թվով ձայներ ստացել է  Արգիշտի Մեխակյանը (13 122 քվե)։ Լավագույն հնգյակում  «Իմ քայլը» դաշինքից  Մարիամ Գրիգորյանն է (6 161 քվե)։

 

Թիվ 7 ընտրատարածքում (Արագածոտն)`առավել շատ ձայներ է հավաքել «Իմ քայլը» դաշինքից Դավիթ Գևորգյանը, նա ստացել է 16 508 քվե։ Լավագույն արդյունք ցուցաբերած հնգյակում կին թեկնածու չկա։ Այս ընտրատարածքում լավագույն ցուցանիշ ունեցող կին թեկնածուն Նորա Առուստամյանն է, նրա օգտին քվեարկել է 1 994 ընտրող (12-րդ հորիզոնական)։ Նրան 1.699 քվեով հաջոդում է «Իմ քայլը» դաշինքից Անահիտ Սարգսյանը։

 

Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիք)` առաջատար է Վարազդատ Կարապետյանը (14 616 քվե)։ Լավագույն արդյունք ցուցաբերած հինգ թեկնածուների թվում «Իմ քայլը» դաշինքից   Թագուհի Թովմասյանն է ( 7 114) :

 

Թիվ 9 ընտրատարածքում  (Լոռի)`  առավել շատ քվեներ ստացել է Արամ Խաչատրյանը (15 038 քվե)։ Լավագույն հնգյակում «Իմ քայլը» դաշինքից   Արփինե Դավոյանն է ( 8 139 քվե):

 

Թիվ 11 ընտրատարածքում ( Շիրակ) առավել մեծ թվով ձայներ տվել են Ֆելիքս Ցոլակյանին (24 172 քվե)։ Լավագույն հնգյակում «Իմ քայլը» դաշինքից  Սոֆյա Հովսեփյանն է ( 5 981 քվե) և Նազելի Բաղդասարյանը (4 771 քվե)։

 

Թիվ 12 ընտրատարածքում (Սյունիք, Վայոց Ձոր)  առավել շատ ձայներ է ստացել «Իմ քայլը» դաշինքից Տրդատ Սարգսյանը, նրա օգտին քվեարկել է 10.042 մարդ։ Լավագույն ցուցանիշ ցուցաբերած թեկնածուն նույն դաշինքից Աննա Գրիգորյանն է, ով 5503 ձայնով 10-րդ հորիզոնականում է։  4455 քվեով 11-րդ հորիզոնականում է «Իմ քայլը» դաշինքից Մարիամ Ծատրյանը։ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից  – 2110 ձայն է ստացել:

 

Թիվ 13 ընտրատարածքում (Տավուշ)  առաջատարը Սիփան Փաշինյանն է (17 155քվե։)  Լավագույն հնգյակում «Իմ քայլը» դաշինքից Լուսինե Անտոնյանն է (3 560 քվե) և Հայկանուշ Բեգլարյանը ( 1 888 քվե):

 

 

  • Ռեյտինգային ցուցակներով առաջադրված 7 կին թեկնածուները, ովքեր իրենց կուսակցությունների համար առավելագույն թվով ձայներ ստացած թեկնածուների թվում են,  նախնական հաշվարկներով  կարող են մանդատ ստանալ հենց այդ ընտրակարգով .  

 

 

«Իմ քայլը» դաշինքում՝ Լենա Նազարյանը (թիվ 2, 11 300 քվե),  Հռիփսիմե Գրիգորյանը (թիվ 3, 4019 քվե )  Տաթեւիկ Գասպարյանը ( թիվ  5, 9390 քվե ), Սոֆիա Հովսեփյանը (թիվ 11,  5981 քվե );

 

ԲՀԿ-ում Նաիրիա Զոհրաբյանը (թիվ 4, 2110 քվե), Նորա Առուստամյանը (թիվ 7,  1994 քվե)։ Նրանք այդ ցուցանիշներով տասնյակի 8-րդ և 9-րդ տեղերում են։

 

 «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում  Մանե Թանդիլյանը իր թիվ 4 ընտրատարածքում 3 636 քվեով զիջում է միայն կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։

 

 Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2361

Գլխավոր էջ