Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա
Անցած քսան տարվա ընթացքում կանանց թիվը Ազգային ժողովի կազմում աճել է ընդամենը 4 տոկոսով: Հաշվի առնելով կանանց ներկայացվածության այս դինամիկան ԱԺ հինգ գումարումների ընթացքում կարող ենք ենթադրել, որ հավասարությանը հասնելու համար մեզ կպահանջվի ևս 200 տարի… Մնում է միայն զինվել համբերությամբ, քանզի քաղաքական այրերը , իրենց իսկ դիտարկմամբ , « շտապելու խնդիր չունեն» և նրանց, կարծես թե, քիչ է մտահոգում այն փաստը, որ Հայաստանի բնակչության 52 տոկոսը կազմող կանայք օրենսդրական մարմնում այսօր ունեն ընդամենը 10% ներկայացվածություն:
Աշխարհի խորհրդարաններում այսօր արդեն առկա կանանց 23 տոկոսանոց ներկայացվածությանը մենք լավագույն դեպքում կհասնենք 50 տարի հետո, իսկ հյուսիսային Եվրոպայում արդեն իսկ արձանագրված կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը մեզանում իրականություն կդառնա ոչ շուտ քան երկու դար անց … Այսպիսի եզրակացության կարելի է հանգել՝ վերլուծելով վերջին քսան տարվա ընթացքում հայոց խորհրդարանում կանանց թվի ավելացման տեմպերն ու միտումները…
Համեմատության համար հիշենք, որ 1985-ի խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում կանայք 35,6% էին կազմում: Այսօր շատերն առիթը բաց չեն թողնում քննադատել այն ժամանակվա քվոտային համակարգը նշելով, որ դրա պատճառով խորհրդարանում կթվորուհիներ էին ընդգրված… Նման հարցադրման արժանի պատասխանն է . «Իսկ կթվորուհիներն ինչո՞վ են պակաս, որ ԱԺ-ում ներկայացված չլինեն»…
Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդում, որը կազմավորվեց 1990-ին միայն մեծամասնական ընտրակարգով 260 պատգամավորով, 9 կին էր ներկայացված, այսինքն 3,5 % :
Առաջին գումարման Ազգային ժողովում 1995-ին ՝ 12 կին էր ընդգրկված 190 պատգամավորից, այսինքն 6,3%, ընդ որում համամասնականով անցած բոլոր կանայք «Շամիրամի» ընտրացուցակով էին ընտրվել և խորհրդարանում կանանց խմբակցություն էր ձևավորվել: Մեծամասնական ընտրակարգով 4 կին էր ընտրվել:
Երկրորդ գումարման ժամանակ 1999-ին կանայք ամենաքիչն էին ընդգրկված , նրանք ընդամենը չորսն էին 131 պատգամավորից, ինչը կազմում էր 3 %: Ընդ որում, նրանցից երկուսը մեծամասնականով էին ընտրվել:
Երրորդ գումարման ԱԺ-ում՝ 2003-ին ներդրվեց կանանց համար աննախադեպ խտրական 5-տոկոսանոց քվոտան և կանանց թիվը հասավ յոթի 131 պատգամավորից, ինչը կազմեց 5,3% : Մեծամասնականով ընտրվեց միայն մեկ կին:
Չորրորդ գումարման ԱԺ-ի կազմում գործի դրվեց 15-տոկոսանոց քվոտան և 12 կին ընտրվեց, այսինքն 9,2 %: Մեծամասնականով ոչ մի կին չէր ընտրվել:
Գործող հինգերորդ գումարման Ազգային ժողովում 14 կին պատգամավոր էր ընտրվել (այժմ 13-ն են), որոնցից երկուսը մեծամամսնականով: Այսօր խորհրդարանի կազմում կանայք 10%-են կազմում, ինչը նշանակում է, որ բարձրացնելով գենդերային քվոտան մինչեւ 20 տոկոս եւ ներկայացնելով հանրությանը համամասնական ցուցակներում միջինում 23% կին , կուսակցությունները դե ֆակտո՝ որպես արդյունք խորհրդարանում ընդգրկեցին արձանագրվածի կիսով չափ ավելի քիչ :
Հաշվի առնելով, որ 1995-ից` Ազգային ժողովի առաջին գումարումից մինչև 2015 թվականը (հինգերորդ գումարում) ընկած ժամանակահատվածում կանանց թիվը խորհրդարանում աճել է 6%-ից 10%, այսինքն` ընդամենը 4%-ով, այն էլ շնորհիվ կիրառվող քվոտաների , կարելի է փաստել, որ նման տեմպերով առաջ շարժվելու դեպքում Հայաստանը չի կարողանա Ազգային ժողովում ապահովել մինչև 2030 թվականը կանանց ու տղամարդկանց ` 50/50 համամասնությունը: Մինչեւ 2030-ը առնվազն 3 խորհրդրանական ընտրություններ ենք ունենալու եւ հավասարությանը հասնելու համար պետք է արագացնենք ընթացքը, առաջ շարժվելով 30-40-50 քայլերով:
Հիշեցնենք, որ գենդերային հավասարության 50/50 տեսլականը Պեկին+20 գործընթացի ամփոփման կապակցությամբ 2015-ի մարտի 5-ին ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների անունից ընդունված քաղաքական հռչակագրում, հաստատվել է 2015-ի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ում տեղի ունեցած Համաշխարհային լիդերների հանդիպմանը և տեղ գտել Կայուն զարգացման նպատակների օրակարգում :
«Тише едешь – дальше будешь» հայտնի ասացվածքն այս դեպքում իրեն չի արդարացնում
Եթե հաշվի առնենք , որ ողջ աշխարհում երկրների առաջընթացն անմիջականորեն կապվում է որոշումների ընդունման մակարդակում կանանց պատշաճ ներկայցվածության հետ, ապա պետք է ընդունենք, որ «тише едешь – дальше будешь» հայտնի ասացվածքն այս դեպքում իրեն չի արդարացնում:
Ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ գալիք ընտրություններում կանանց ներկայացվածության առումով կտրուկ փոփոխությունների հնարավոր կլինի հասնել միայն ոչ պակաս, քան 30-տոկոսանոց քվոտայի ներդրմամբ և դրա արդյունավետ կիրառմամբ: Քվոտայի բարձրացումը կստիպի նաև կուսակցություններին մտահոգվել կանանց նկատմամբ կադրային քաղաքականության խնդրով և ձերբազատվել ընտրական ցուցակներում «ոչ իրական թեկնածուների» ներգրավման գործելաոճից:
Ինչպես ցույց են տալիս Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները, կուսակցությունները շատ ավելի պահպանողական են խորհրդարանում կանանց ներկայացվածության և քվոտայի նկատմամբ վերաբերմունքի առումով, քան հանրապետության քաղաքացիները, ովքեր պատրաստ են տեսնելու ավելի շատ կանանց խորհրդարանում, քան առաջադրում են կուսակցությունները իրենց ցուցակներում։ Հարցվածների 57%-ը դրական է վերաբերվում քաղաքական և պետական կառավարման տարբեր օղակներում քվոտայի սահմանման գաղափարին, ընդ որում` գենդերային քվոտայի օպտիմալ չափը օրենսդիր մարմնում առնվազն 30-40%-ի շրջակայքում պետք է լինի: Ըստ հարցվածների` կանանց նկատմամբ խտրականությունը առավել արտահայտվում է քաղաքականության մեջ, ընտրությունների համակարգում:
WomenNet.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները
Երկրներ, որտեղ կանանց համար քանդվում են «ապակյա առաստաղները»
Կին խորհրդարանականների թիվն աշխարհում աճում է, բայց շատ դանդաղ
ՀՀ Նախագահ․ «Այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան երբևէ»
«Մենք այնքան «ապակյա առաստաղներ» ու պատեր ենք քանդել…». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը
Կանանց միջազգային օր -2016. Քայլե՛նք դեպի հավասարություն
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Դիտումների քանակը` 3125