«Խնդիր, որի առաջ այլևս չենք կարող աչքերը փակել». բլից հարցում խորհրդարանում

 

 

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկմանն ընդառաջ WomenNet.am-ը բլից հարցում է իրականացրել՝ նախագծի շուրջ պատգամավորների տրամադրվածությունը   պարզելու նպատակով….

 

 

Էդուարդ Շարմազանով,

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցություն.

 

«Օրենքի նախագծի այս տարբերակն ավելի ընդունելի է, քան նախկինը»…

 

 «Ես նախկինում բազմիցս հայտարարել եմ, որ օրենքի նախագծում մտահոգիչ կետեր կային, և թե՛ ես, թե՛ իմ գործընկերները մի շարք առաջարկություններով էինք հանդես եկել: Կարող եմ ասել, որ մեր կողմից հնչեցված հիմնական առաջարկություններն ընդունվել են, մի քանիսն էլ Ազգային ժողովի նիստում կքննարկենք: Սակայն արդեն այսօր, ծանոթանալով փոփոխված տարբերակին, կարող եմ ասել, որ օրենքի նախագծի այս տարբերակն ավելի ընդունելի է, քան նախկինը»…

 

Նաիրա Զոհրաբյան,

«Ծառուկյան» խմբակցություն .

 

«Անթույլատրելի  է ընտանեկան բռնությունը ներկայացնել որպես հայկական ընտանիքի մոդել»

 

«Ինչպես հայտնի է, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը հրավիրեց խորհրդարանական լսումներ, առաջիկայում հանձնաժողովը նաև աշխատանքային քննարկումներ է կազմակերպելու` ամփոփելու այն առաջարկները, որ կներկայացվեն մեր հանձնաժողովի անդամների և այլ պատգամավորների կողմից: Ինձ համար հասկանալի չէ այն աղմուկը, որ փորձ է արվում ընտանեկան բռնությունը ներկայացնել՝ որպես հայկական ընտանիքի մոդել. սա բացարձակ անթույլատրելի է: Ես ցավում եմ, որ քննարկումները բացարձակապես այս հունով են գնացել և այսօր էլ գնում են: Ինձ համար հայ ընտանիքը այն ընտանիքը չէ, որտեղ կան բռնություն ու նվաստացում կնոջ ու երեխայի հանդեպ: Ինձ համար հայ ընտանիքը այն ընտանիքն է, որտեղ կան փոխվստահություն և փոխհարգանք: Այն, որ բռնարարը, անկախ նրանից, թե դա ով է, պիտի պատժվի, միանշանակ է, բայց ինչ կերպ կամ օրենքը ինչ լրամշակումներ է պահանջում՝ սա արդեն քննարկման առարկա է»:

 

 

Լենա Նազարյան,

«Ելք» խմբակցություն.

 

«Ընտանեկան բռնությունը տղամարդկանց արժանապատվության հարցն է նաև»

 

«Կա երկու պատճառ ընտանեկան բռնության. առաջինն անհատական մակարդակում քարանձավային մտածողությունն է, որ՝ իմ կինն է, ինչ կուզեմ կանեմ, և երկրորդ՝ հանրային մակարդակում նույն կարգի մտածողությունն է, որ ընտանեկան բռնությունը մասնավոր գործ է: Այդպես չէ: Ոչ մեկ իրավունք չունի վնասել կնոջը, երեխաներին, տղամարդուն, և ընտանեկան բռնությունը մասնավոր հարց չէ հենց միայն այն պատճառով, որ բռնության ենթարկված երեխաները գնում են դպրոց, ծառայում են բանակում, ամուսնանում են, ու այդ բռնարար վարքը տարածվում է նաև հանրային կյանքում: Ահա թե ինչու այս հարցը պետք է վերաբերի բոլորին, քննարկվի, անընդունելի ու ամոթալի համարվի հանրության կողմից: Oրենքին զուգահեռ պետք է լինեն հանրային պարսավանք ու անհանդուրժողականություն ընտանեկան բռնության հանդեպ: Եվ հանրային կարծիքի ձևավորման գործում շատ մեծ նշանակություն ունի նաև տղամարդկանց դերը: Ընտանեկան բռնության հարցը արժանապատվություն, կամք ու պատասխանատվություն ունեցող տղամարդկանց հարցն է նաև: Եվ հատկապես այն տղամարդկանց, ովքեր առաջնորդներ են  կյանքի տարբեր ոլորտներում և կարող են ազդել պատանիների աշխարհայացքի ձևավորման գործում»:

 

 

 

Սուրեն Մանուկյան,

ՀՅԴ խմբակցություն.

 

«Ակնհայտ է, որ օրինագծի նկատմամբ կա թյուրըմբռնում»

 

«Ցանկացած բռնությանը ես դեմ եմ, և կապ չունի՝ այդ բռնությունը ընտանիքո՞ւմ է, թե՞ դրանից դուրս: Ակնհայտ է նաև, որ օրենքի նախագծի նկատմամբ կա թյուրըմբռնում, մարդիկ սխալ կամ ոչ լիարժեք են ընկալում դրա բովանդակությունը: Բայց Դաշնակցությունը ընդհանուր առմամբ օրենքին կողմ է՝ որոշակի փոփոխություններով, որոնց մասով պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ:  Թե որո՛նք են մեր կարծիքով փոփոխության ենթակա դրույթները, կբացահայտենք քննարկումների ժամանակ. այս պահին ես պատրաստ չեմ դրանք նշել, քանի որ խմբակցությունում դեռ չենք քննարկել»:

 

 

Իվետա Տոնոյան,

«Ծառուկյան» խմբակցություն.

 

«Սա այն դեպքը չէ, երբ բռնության դեպքերի շատ կամ քիչ լինելով պետք է առաջնորդվել»

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի քննարկումներն իսկապես վերջին շրջանում դարձան մեր քաղաքական օրակարգի թոփ թեմաներից մեկը: Իհարկե, շատ եղան նաև ծայրահեղական գնահատականներ, հարցը «լինել-չլինելու» հարթություն տեղափոխելու փորձեր, սակայն առողջ բանականությունը և մտահոգիչ վիճակագրությունը խոսում են այն մասին, որ խնդիրն իրականում առկա է, և սա այն դեպքը չէ, երբ բռնության դեպքերի քանակի շատ կամ քիչ լինելով պետք է առաջնորդվել: Բռնության յուրաքանչյուր դեպքի հետևում մարդկային մեկ կամ մի քանի ճակատագրեր են, որոնց նկատմամբ մենք պարզապես բարոյական իրավունք չունենք անտարբեր գտնվելու: Օրենքի հետ կապված հասարակության տարբեր շրջանակներում կա նաև տեղեկատվական որոշակի վակուում, որի պատճառով այս կամ այն դրույթը մեկնաբանվում է սխալ կերպով և բացասական ենթատեքստեր է պարունակում: Իրականում այս օրենքով բռնության թեկուզ մեկ դեպքի կանխարգելումն արդեն իսկ ձեռքբերում պետք է դիտարկել: Իսկ վիճահարույց կետերը պետք է մասնագետների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում վերանայվեն և վերացվեն»:

 

 

Գևորգ Գորգիսյան,

«Ելք» խմբակցություն.

 

«Հայաստանը վաղուց ունի  նման օրենքի կարիք»

 

Հայաստանը, կարծում եմ, ունի նման օրենքի կարիք և վաղուց ունի, որովհետև մենք ունենք դեպքեր, երբ կանայք և երեխաները ենթարկվում են ընտանիքում ճնշումների և բռնության, և իրականում մեր օրենսդրությունը պատրաստ չէ այդ իրավիճակին: Երբ ընդդիմախոսները հայտարարում են, որ օրենքի կարիք չկա, և գործառույթները կարելի է Քրեական օրենսգրքով իրականացնել, ապա հարկ է նշել, որ ՔՕ-ով այդ ամենին ավելի խիստ պատիժ է ենթադրվում, ինչի  արդյունքում ընտանիքը հազիվ թե պահպանվի:   Մինչդեռ ընդունվող օրենքի տրամաբանությունն ու իմաստը նրանում է, որ կանխարգելվի բռնությունը և ամեն ինչ արվի ընտանիքը պահպանելու համար: Թեպետ ընդդիմախոսների մեծ մասը օրենքի նախագիծը նույնիսկ չէր էլ կարդացել, և այս թեմայով հրավիրված խորհրդարանական լսումները դրա վառ ապացույցն էին»:

 

 

Լուիզա Սարգսյան,

«Ծառուկյան» խմբակցություն.

 

«Ճիշտ չեմ համարում, երբ ընկնում են ծայրահեղությունների մեջ»

 

«Իհարկե, Հայաստանը, բարեբախտաբար, չի դասվում այն պետությունների շարքը, որտեղ ընտանեկան բռնությունն ահռելի մասշտաբների է հասնում, բայց առկա վիճակագրությունը վկայում է, որ խնդիրը կա և այն հարկավոր է լուծել: «Ծառուկյան» խմբակցությունը դեռ վերջնական որոշում չունի այս օրենքի նախագծի վերաբերյալ, բայց ես համաձայն եմ իմ որոշ գործընկերների հետ, որ նախագիծը պարունակում է վիճահարույց դրույթներ, թեև ճիշտ չեմ համարում, երբ քննարկումների ժամանակ ընկնում են ծայրահեղությունների մեջ՝ փորձելով երեխային պաղպաղակ չտալը որակել որպես ընտանեկան բռնություն կամ անընդհատ շահարկելով, թե մի՛ մտեք հայ ավանդական ընտանիք: Ի վերջո, ավանդական հայ ընտանիք ձևակերպում չունենք, բայց ակնհայտ է, որ ավանդական հայ ընտանիքը ծեծը, բռնությունը չէ և, առավել ևս, խեղաթյուրված հոգեբանությամբ երեխաները չեն»:

 

 

Կարինե Աճեմյան,

ՀՀԿ խմբակցություն.

 

«Փաստ է, որ խնդիր կա, որի առաջ մենք աչքերը փակել այլևս չենք կարող»

 

«Ես առհասարակ դեմ եմ ցանկացած բռնության, և քանի որ մեր երկրում էլ, համաձայն վիճակագրության, բռնության դեպքերը գնալով ավելանում են ու հատկապես ընտանիքներում, ապա պետությունը պետք է ավելի ամրապնդի ու մեծացնի պրոֆիլակտիկ միջոցները: Եվ այս օրենքը կարող է որոշակիորեն դրական դերակատարություն ունենալ: Իսկ եթե կան որոշակի խնդիրներ, օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ դրանք կարելի է շտկել: Բայց այն, որ խնդիրը նաև մեր ընտանիքներում է, որ խնդիր կա, որի առաջ մենք աչքերը փակել այլևս չենք կարող՝ փաստ է. Հայաստանում, հայկական ընտանիքներում և երեխաների հանդեպ բռնությունը պետք է բացառվի»:

 

 

Սերգեյ Բագրատյան,

 «Ծառուկյան» խմբակցություն.

 

«Պետք է ընտանեկան հոգեբանի ինստիտուտը հնարավորինս կայացնենք, ակտիվացնենք սոցաշխատողի դերը»

 

«Ցանկացած բռնության ես դեմ եմ, առավել ևս, երբ այդ բռնությունը տեղ է գտնում ընտանիքներում: Բայց խիստ կարևորում եմ նաև հայ ավանդական ընտանիքի դրական կերպարն այն իմաստով, որ բոլոր ժամանակներում հայ ընտանիքն ապացուցել է իր կենսունակությունը: Ցավոք, հայ ընտանիքներում բռնություն երևույթը առկա է, ինչպես և ցանկացած երկրում, բայց արդյոք այդ բռնությունը ա՞յն քանակի ու ծավալի է, որ ընդունվող օրենքում շատ խստացումներ լինեն: Առավելապես կշեշտադրեի, որ պահպանվի մեր տեսակի կարևորությունը, քանզի ընտանիքի պրիզմայով չափել ենք նաև մեր հայրենասիրությունը և ընտանիք-հայրենիք համահյուսվածքից հաջորդ քայլն ենք կատարել դեպի պետություն ու պետականություն հասկացությունը: Հենց այս արժեհամակարգն է, որ պետք է պահպանենք մեր ընտանիքներում՝ հնարավորինս կանխարգելելով ընտանիքում բռնության երևույթները: Բայց այդ ամենը, իմ կարծիքով, չպետք է արվի ոստիկանական մեթոդներով: Ես կարևորում եմ օրենքով որոշ մասնագետների առանձնացվող դերը, և, այո՛, մենք պետք է վերցնենք միջազգային փորձը և ընտանեկան հոգեբանի ինստիտուտը հնարավորինս կայացնենք, ակտիվացնենք սոցաշխատողի ինստիտուտը և այդ ճանապարհով կանխարգելենք ընտանեկան բռնությունը»:

 

 

 

Շաքե Իսայան,

«Ծառուկյան» խմբակցություն.

 

«Բոլորս էլ ցանկանում ենք, որ ընտանիքը զերծ մնա որևէ տեսակի բռնությունից»

 

«Նախ ասեմ, որ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրինագիծը բուռն արձագանք ստացավ հանրության կողմից, որովհետև խոսքը վերաբերում է ազգային բարձրագույն արժեք համարվող ընտանիքի ինստիտուտին: Կարծում եմ, որ օրինագծին և՛ կողմ, և՛ դեմ արտահայտվողները իրականում հետապնդում են մեկ նպատակ` բոլորս էլ ցանկանում ենք, որ ընտանիքը զերծ մնա որևէ տեսակի բռնությունից: Այո՛, կա թեզ, որ բռնությունը մեր ընտանիքներում այնչափ չէ, որ դրա համար առանձին օրինագիծ ընդունվի, բայց և կա վիճակագրություն, որը փաստում է, որ ոչ միայն բռնությունը կա, այլ նաև գրանցում է դինամիկ աճ, որի հետ հաշվի չնստել ևս չի կարելի: Այնպես որ, խնդիրը ավելի քան նուրբ է և այս պահին մեր իրավաբանների կողմից ուսումնասիրությունների փուլում է: Վերջիններիս արդյունքը կքննարկվի խմբակցությունում, որից հետո կկարողանանք ունենալ վերջնական դիրքորոշում: Հուսամ, որ կգտնվի ճիշտ և օպտիմալ օրենսդրական ելք»:

 

 

Վահե Էնֆիաջյան,

«Ծառուկյան» խմբակցություն.

 

«Այն, որ մեր ընտանքներում բռնության դրսևորումներ կան, այս իմաստով երկրորդ կարծիք չկա»

 

«Օրենքի նախագիծը բավականին մեծ արձագանք ստացավ հանրության շրջանում, և դա պատահական չէ, քանի որ մենք շատ մեծ տեղ ու ուշադրություն ենք տալիս ընտանիքին և ոչ թե ինչ-որ իրավական առումով, այլ դա մեզանում արմատավորված է, որ ընտանիքը սրբություն է: Եթե բռնության մասին խոսենք, ապա որևէ տեսակի բռնություն ինձ համար, բնականաբար, ընդունելի չէ, այդ թվում՝ ընտանեկան բռնությունը: Եվ այն, որ մեր հասարակության մեջ ընտանեկան բռնության դրսևորումներ կան, այս իմաստով երկրորդ կարծիք չկա: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ նախագծում առկա են դրույթներ, որոնք իրենց մեջ իրատեսություն և լավատեսություն չեն պարունակում: Օրինակ՝ նախագծում ձևակերպում կա, որ վարչապետին կից պետք է խորհուրդ ձևավորվի, բայց ես առիթ ունեցել եմ Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղել ՀՀ ներկայիս վարչապետին, որ իրեն կից այսօր գործող ամենատարբեր ոլորտներին նվիրված շուրջ քսան խորհուրդները գրեթե անգործության են մատնված: Ի վերջո, նման դրույթ ամրագրելով օրենքում, ի՞նչ խնդիր են իրենց առջև դնում՝ սա իրավական կամ քաղաքական պարտավորվածությո՞ւն է, թե՞ իսկապես ուզում ենք հարցը կարգավորել»…

 

 

 

Մարգարիտ Եսայան,

ՀՀԿ խմբակցություն.

 

«Օրինագիծն ի սկզբանե դարձավ թիրախ՝ իրարամերժ, հակասական և տարաբնույթ կարծիքների»

 

«Ցանկացած օրենքի նախագիծ, բնականաբար, պիտի անցնի լուրջ քննարկումների փուլ, առանց այդ քննարկումների, կողմ և դեմ տեսակետների համադրման, դրանց ուսումնասիրության հնարավոր չէ վերջնական արդյունքում ունենալ բոլոր կողմերի համար ընդունելի նախագիծ, ապա և՝ օրենք։ Ընտանիքում բռնության մասին օրենքի նախագիծը ևս չի կարող բացառություն լինել, մանավանդ, այն ի սկզբանե դարձավ թիրախ՝ իրարամերժ, հակասական և տարաբնույթ կարծիքների։ Ես ևս այն կարծիքին եմ եղել, որ կարիք կա մի շարք վիճահարույց հարցերի պարզաբանման, հստակեցման՝ առավել մեծ խմբի համար ընդունելի դարձնելու նպատակով, հաշվի առնելով մեր ազգային ավանդույթները, հոգեկերտվածքը և սովորությունները»:

 

 

 

Արփինե Հովհաննիսյան,

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցություն.

 

«Ավանդականը` սիրո, վստահության և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, որտեղ այս օրենքը երբևէ չի կիրառվի»…

 

«Իմ պատկերացմամբ, ավանդական ընտանիքը՝ սիրո, վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, որտեղ այս օրենքը երբևէ չի կիրառվի: Ինչ վերաբերում է օրինագծի վերտառության մեջ «ընտանիքում համերաշխության վերականգնման» ձևակերպմանը, ապա այն որևէ ձևով չի նսեմացնում բռնության դեմ պայքարի հանձնառությունը։ Կարծում եմ, այս պահի դրությամբ, նախագիծը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և այն մտահոգությունները, որոնք առկա էին հանրության շրջանում , հիմնականում փարատվել են: Երեխաներին ընտանիքից հեռացնելու վտանգի մասին ասեմ, որ այս օրինագիծը նման կարգավորում չի պարունակում: Հակառակը՝ այն, որպես սկզբունք, նախատեսում է երեխայի շահերի առաջնահերթությունը, իսկ  ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք սահմանափակելու վերաբերյալ հարցը կարգավորվել է 13 տարի առաջ ընդունված Ընտանեկան օրենքով»:

 

Զրուցեց՝  Լիա Խոջոյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 2053

Գլխավոր էջ