ՀՀ Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածությունը 18% է. ևս մեկ կին մանդատ ստացավ/ ինֆոգրաֆիկա

 

 

 

Վեցերորդ գումարման ՀՀ Ազգային Ժողովի կազմում 105 պատգամավորներից 19-ը կամ 18%-ը կանայք են: Նրանց թվում,  մեկ կին ՝ Տատյանա Միքայելյանը, անցել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ցուցակով, և երկուսն  ընտրվել են տարածքային ցուցակներով՝  Մանե Թանդիլյանը  «Ելք» դաշինքից  և Նորա Առուստամյանը «Ծառուկյան» դաշինքից, ով այսօր մանդատ ստացավ:  Մնացած կին պատգամավորները անցել են խորհրդարան համապետական  ցուցակներով:

 

 

 

Հիշեցնենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովի կազմում կանայք 10%-ով էին ներկայացված, և այս ընտրություններում արձանագրված արդյունքը կարելի էր մեկ քայլ առաջ դիտարկել, եթե չլինեին ՀՀ ընտրական օրենսգրքում մեկ սեռի առնվազն 25-տոկոսանոց ներկայացվածություն ամրագրող քվոտայի հետ կապված ակնկալիքները, որոնք, ըստ էության, կրկին չարդարացան: Այս առումով նույնիսկ Գյումրու և Վանաձորի ընտրություններում քվոտան շատ ավելի արդյունավետ աշխատեց` ապահովելով ավագանիների կազմում 24% կին:

 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 58 մանդատ է ստացել, որոնցից 8-ը կամ 14%-ը բաժին են ընկել կանանց: Օրենսդիր մարմնում աշխատելու են` ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ՀՀ վարչապետի օգնական Շուշան Սարդարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը և Կարինե Աճեմյանը:

 

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 31 մանդատ է ստացել, որոնցից 8-ը կամ 25,8%-ը կանայք են ստացել: Համապետական հիմնական ցուցակից խորհրդարանում աշխատելու են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Գագիկ Ծառուկյանի խոսնակ, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյանը, ագրարային համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Մարինե Մարգարյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի օգնական Շաքե Իսայանը: Տարածքային ցուցակով  ընտրվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնական Նորա Առուստամյանը, նաև համապետական ցուցակի երկրորդ մասից, որում ընդգրկված են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, խորհրդարան է անցել ազգությամբ ռուս Տատյանա Միքայելյանը:

 

«Ելք» կուսակցությունների դաշինքը ներկայացված է 9 պատգամավորով, որոնցից 2-ը կամ 22%-ը կին են: Նրանք են` տարածքային ցուցակով ԱԺ անցած միակ կինը` Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, ով առաջադրվելով թիվ 1 ընտրատարածքում ստացել է  5110 ձայն, և համապետական ցուցակով խորհրդարան անցած Լենա Նազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

 

ՀՅԴ կուսակցությունը  ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր, նրանցից մեկն է կին (14%)` Արմենուհի Կյուրեղյանը:

 

Այսպիսով, ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված մեկ սեռի առնվազն 25-տոկոսանոց ներկայացվածությունը Ազգային ժողով անցած քաղաքական ուժերից միայն մեկն է  կարողացել ապահովել: Թեպետ խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների ցուցակներում ընդգրկված  թեկնածուների 30%-ը կանայք էին: 

 

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ կանանց թիվը նվազեց ինքնաբացարկների պատճառով, այս անգամ հիմնական պատճառը` տարածքային կամ, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակներն էին, որտեղ կանայք ուղղակի դուրս մնացին փողատեր տղամարդկանց միջև ծավալված պայքարից: Ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, ապա այս անգամ դրանից տուժեցին հիմնականում տղամարդիկ: Մասնավորապես, ԿԸՀ ներկայացված ընդհանուր թվով 35 դիմումից (ՀՀԿ-ից 9 դիմում, ՀՅԴ-ից` 3 դիմում, «Ծառուկյան» դաշինքից 23 դիմում) միայն երկուսն էին կանայք ներկայացրել: Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուների կեսը` 12-ը, հայտարարեցին, որ իրենք ոչ մի դիմում չեն գրել: Արդյունքում, ԿԸՀ որոշմամբ, հանձնաժողով դիմած 12 թեկնածուներից 8-ը պատգամավորի մանդատ ստացան:

 

ԱԺ առաջին նստաշրջանի ընթացքում «Ծառուկյան» դաշինքի հենց այդ պատգամավորներից երեքը` Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը, հրաժարվել են մանդատներից:  Այսօր հայտնի դարձավ, որ դաշինքի որոշմամբ,  Խաչիկ Մանուկյանի փոխարեն ԱԺ կմտնի  Նորա Առուստամյանը, ով Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում ստացավ 4773 ձայն ու մանդատ ստացավ, քանի որ նրանից շատ ձայներ ստացած տղամարդիկ ինքնաբացարկի դիմեցին:

 

Դիտումների քանակը` 3351

Գլխավոր էջ