Ինչ պատկեր կունենա նորընտիր Ազգային ժողովը. վերջնական արդյունքներ

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ օրենքով սահմանված ժամկետում,  ներկայացրել է  2018 թ.–ի դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք  նախնականից գրեթե  չեն տարբերվում։

 

Ըստ ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից ներկայացված վերջնական  տվյալների՝ Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 593 140, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 4706։

 

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

 

ՀՀԿ – 59083 կամ 4․7 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն – 8514 կամ 0,68 տոկոս,

ՀՅԴ – 48816 կամ 3,88 տոկոս,

«Իմ քայլը»,  դաշինք – 884864 կամ 70,42 տոկոս,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 80047 կամ 6,37 տոկոս,

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 6458 կամ 0,51 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 4121 կամ 0,33 տոկոս,

«Մենք» դաշինք – 25176 կամ 2 տոկոս,

«Օրինաց երկիր» – 12393 կամ 0,99 տոկոս,

«Սասնա ծռեր» համահայկական  կուսակցություն – 22868 կամ 1,82 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103801 կամ 8,26 տոկոս:

Անճշտությունների գումարային չափը 405 է:

 

Խորհրդարան  անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 88 մանդատ։ 88 մանդատից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը։

 

Քանի որ «Իմ քայլը» դաշինքի ստացած մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, հետևաբար, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին տրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը լինի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։

 

Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։«Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված,  9՝ տարածքային։

 

Այսպիսով, դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր: Այս պահին դերևս պարզ չէ թե ցուցակներում  ներկայացված  թեկնածուներից ովքեր են ստանալու պատգամավորական մանդատները, և հետևապես քանի  կին պատգամավոր է ունենալու նորընտիր խորհրդարանը: Այս հարցում  ցանկացած կանխատեսում վաղաժամ է , քանի որ  քաղաքական ուժերի կողմից  կայացվող որոշումները  կախված են  ինքնաբացարկներից և գործադիրում  նշանակումներից: Հատկապես, դա վերաբերում է    խորհրդարանական մեծամասնություն կազմող  «Իմ քայլը» դաշինքին:  Խիստ մոտավոր հաշվարկներով՝  հաշվի առնելով հնարավոր նշանակումները, մանդատ կարող են ստանալ մոտ 30 կին թեկնածուներ:

 

Դեռևս պարզ չէ նաև երբ կգումարվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը:  Մինչև դեկտեմբերի 21-ը, քաղաքական ուժերը կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները: Բողոքարկման ժամկետի ավարտին կհաջորդի ինքնաբացարկների համար նախատեսված ժամկետը։ Դրանից հետո ԿԸՀ-ն մանդատները հանձնելու մասին որոշումը կընդունի և կհայտարարի 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի օրը: Հենց առաջին նիստում, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, պատգամավորները կընտրեն ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կձևավորվեն հանձնաժողովները:

 

Այս անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրի, քանի որ նորընտիր խորհրդարանի պարագայում, օրենքի համաձայն, հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում կկազմավորվի կառավարություն, իսկ դրան հաջորդող 20 օրյա ժամկետում նոր կառավարությունը կներկայացնի իր գործունեության ծրագիրը:

 

 

Դիտումների քանակը` 1817

Գլխավոր էջ