Խորհրդարանի ղեկավար կազմում ընդամենը չորս կին ընտրվեց

 

Ինչպես հայտնի է, հունվարի 14-ին նորընտիր Ազգային ժողովում մեկնարկեց առաջին նստաշրջանը, որի օրակարգում են   խորհրդարանի ղեկավարության ընտրությունը, մշտական հանձնաժողովների ձևավորումն ու դրանց նախագահների ընտրությունը:

 

Այս օրերին արդեն իսկ կայացված ընտրությունների արդյունքում խորհրդարանի խոսնակ է ընտրվել Արարատ Միրզոյանը  («Իմ քայլը» դաշինք ), իսկ խորհրդարանի երեք փոխխոսնակների պաշտոններում ՝ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը» դաշինք ), Լենա Նազարյանը («Իմ քայլը» դաշինք ),  Վահե Էնֆիաջյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն):

Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական նորագույն պատմության կին ԱԺ նախագահ երբևէ չենք ունեցել, թեպետ կին փոխնախագահներ եղել են: Ընդամենը մեկ անգամ է կին թեկնածու առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար՝ 2011 թվականին «Ժառանգություն» խմբակցությունը առաջադրել էր պատգամավոր Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:

 

Դիտարկելով Ազգային ժողովի ղեկավար կազմը  կարելի է փաստել, որ  նախորդ գումարումների համեմատ կանանց  թիվը  խորհրդարանի ղեկավար պաշտոններում գրեթե չի փոխվել:  Այսպես,  խորհրդարանի երեք խմբակցություններից մեկն է կին ղեկավարում ՝ Լիլիթ Մակունցը  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է: Ազգային ժողովի երեք փոխխոսնակներից մեկն է կին ՝ Լենա Նազարյանը (  «Իմ քայլը»),  11 մշտական հանձնաժողովներից միայն երկուսն են կանայք գլխավորում  ՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է Մանե Թանդիլյանը («Լուսավոր Հայաստան» խմբակցություն ) և  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի  Նաիրա Զոհրաբյանը   ( «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն ):

 

«Իշխանությունը ինձ, ծաղիկները՝ քեզ»

 

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջին անգամ առաջադրվել էր երկու կին  թեկնածու, որոնցից  մեկը Լենա Նազարյանը` մեծամասնության կողմից,  երկրորդը ընդդիմության կողմից՝  Մանե Թանդիլյանը:  Ընդդիմության կողմից առաջադրվել էր նաև թվով ավելի մեծ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  անդամ  Վահե Էնֆիաջյանը: Ու թեև Մանե Թանդիլյանը ազատ ընտրության դեպքում մեծ շանսեր ուներ ընտրվելու,  մեծամասնության կողմից կայացված քաղաական որոշման արդյունքում փոխնախագահ դարձավ  ԲՀԿ թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանը: Նա  ստացավ  108 կողմ ձայն, իսկ   Մանե Թանդիլյանը ՝  19-ը:  Արդյունքների հրապարակումից հետո Վահե Էնֆիաջյանը մոտեցավ Մանե Թանդիլյանին ու նրան դեղին վարդեր նվիրեց՝ դրանով իսկ վերջ դնելով նրանց միջև ծավալված բավականին թեժ մրցակցությանը:  Առավել դիպուկ որոկեցին  այս «ջենտլմենական» ժեստը  սոցցանցերի օգտատերերը՝ առաջ քաշելով  «իշխանությունը ինձ, ծաղիկները՝ քեզ»  բանաձևը:  Այժմ կարևոր է , որ այդ բանաձևը չվերացվի ավանդույթի և  դեղին վարդերն այսուհետ չդիտարկվեն  որպես կին քաղաքական մրցակիցներին սփոփելու միջոց: Հատկապես, որ տղամարդկանց դեպքում  քաղաքական մշակույթը սահմանափակվում է  ընդամենը ձեռք սեղմելու արարողությամբ:

Փոխնախագահների ընտրության շուրջ իրավիճակը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ Մանե Թանդիլյանը ներկայիս իշխանության հետ ճանապարհ անցած թեկնածու է, հանրությանը ծանոթ ակտիվիստ, որը տարիներ շարունակ պայքար է մղել նախկին իշխանությունների դեմ և վերջին տարին աշխատել է որպես նախարար Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Բայց շատերի համար զարմանալի էր, որ հենց  վերջինիս գլխավորած քաղաքական ուժը  որոշում կայացրեց, որ կաջակցի ոչ թե տիկին Թանդիլյանի թեկնածությանը, այլ պատգամավորների թվով երկրորդ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Վահե Էնֆիաջյանին: «Իմ քայլը» դսաշինքի պատգամավոր  Լենա Նազարյանն՝ անդարադառնալով այս որոշմանը հայտարարեց, որ ինքն անձամբ  իր ձայնը կտար Մանե Թանդիլյանին, սակայն խմբակցությունը որոշել է քվեարկել ԲՀԿ թեկնածուի օգտին, և այդ որոշման պատասխանատվությունը ընտրողներինն է, ովքեր ավելի մեծ թվով ձայներ են տվել «Բարգավաճ Հայստանին»:  ԱԺ խոսնակ  Արարատ Միրզոյանն էլ, իր հերթին ընդգծել է, որ խմբակցությունն իրեն իրավունք չի վերապահում վերափոխելու ժողովրդի քվեարկությամբ արդեն իսկ արձանագրված համամասնությունը: Այս կապակցությամբ Մանե Թանդիլյանն իր ելույթում՝ դիմելով խորհրդարանական մեծամասնությանը,  հետաքրքիր հարցադրում արեց.  « Իսկ եթե պատգամավորների թվով երկրորդ ուժը ՀՀԿ-ն լիներ դուք նույնպես նման որոշում կկայացնեի՞ք»… Նշենք, որ հենց այս որոշումից հետո  խորհրդարանում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ թեժ պայքար է ծավալվել «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ խմբակցությունների միջև:

 

 

«Մենք ունենք սեփական ուժերին ապավինելու և չհանձնվելու փորձ»

 

Ինչ վերաբերում է  Լենա Նազարյանի ընտրությանը, ապա այս հարցում  ամեն ինչ հարթ անցավ, նա ԱԺ փոխնախագահ ընտրվեց 124 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Թեկնածությունը ներկայացնելու ընթացքում բավականին շատ գովեստի խոսքեր հնչեցվեցին նրա հասցեին: Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ելույթում՝ անդրադառնալով կանանց քաղաքական մասնակցությանը խոչընդոտող  խնդիրներին, նշեց որ  պարտական է այս հարցում հենց Լենա Նազարյանին, ով իր օրինակով օգնել է նրան որոշում կայացնել քաղաքականություն մտնելու հարցում: . ««Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ հայտարարեց,  որ ինքն անձամբ մոտիվացվել է Լենա Նազարյանի շնորհիվ.  «Անձամբ ես, եղել եմ այն մարդականցից մեկը, ով մոտիվացվել է Լենա Նազարյանի  շնորհիվ:  Ու ես  վստահ եմ,որ առաջիկայում ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կկարողանաք մոտիվացնել բազմաթիվ երիտասարդ կանանց, որոնք կփորձեն իրենց ուժերը քաղաքականության ասպարեզում»,- նշեց երիտասարդ պատգամավորը: 

 

Լենա Նազարյանն իր ելույթում ընդգծեց, որ խմբակցությունը գործելու է այնպես, որպեսզի չընդհատվի հանրության հետ Ազգային ժողովի կապը: Խոստացավ  որոշումների կայացման գործում լինել ներառական, ականջալուր իրենց որոշումների ազդեցությունն իրենց վրա զգացող մարդկանց կարծիքներին, որոշումներ կայացնել հանրային շահին ծառայելու իրենց հանձնառությանը հավատարիմ: «Վերահսկելու ենք կառավարությանը, նոր կառավարությունն էլ չի կարող ունենալ ամեն ինչի հետ համաձայնող խորհրդարանի ակնկալիք»,-հայտարարեց նա:

 

 

Խմբակցության  հասցեին էլ հնչող քննադատությանն էլ արձագանքեց.  «Մինչև հեղափոխությունը ես և իմ թիմակիցներից շատերը, լինելով երիտասարդ ընդդիմադիր գործիչներ, հիմնականում զրկված ենք եղել պետական կառավարման մարմիններում փորձ կուտակելու հնարավորությունից, սակայն ունենք մեր անցած ուղիով ձեռք բերած փորձը, այն է` անանցանելի թվացող խոչընդոտների հաղթահարման, սեփական ուժերին ապավինելու, չհանձնվելու, գաղափարներին և օրակարգերին հավատարիմ մնալու փորձ: Այս ճանապարհը հաշվի առնելով` պարտավոր ենք պայմաններ ստեղծել քաղաքացիների ու խմբերի համար` սեփական խնդիրները լուծելու ելքեր գտնելու համար` դարձյալ մտքում պահելով մեր անցած ճանապարհը»,- ասաց նա:

 

 

«Ընտանիքում բռնությունն ինձ համար չի կարող լինել մենթալիտետ»…

 

Ավելի ուշ, երբ ԱԺ-ն ձևավորում էր մշտական հանձնաժողովները և խմբակցությունները ներկայացնում էին, թե ում են առաջադրում դրանց ղեկավարի պաշտոնում, հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը տրվելու է մեկ հանձնաժողով: Այն է՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարելու է Մանե Թանդիլյանը: Իր ելույթում նա ներկայացրեց հանձնաժողովի գործառույթների հետ կապված իր պատկերացումները՝ շեշտադրելով, որ փորձելու են «վերահսկողության միջոցով հակակշռել գործադիրին»:

 

 
Եվս մեկ մշտական հանձնաժողով կին կղեկավարի, խոսքը ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որը կնախագահի Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, հիշեցնենք, վերջին երեք գումարումների Ազգային Ժողովում նախագահում էր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Ի դեպ, անդրադառնալով իր ելույթում մի շարք մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին, նա  նաև խոսեց ընտանեկան բռնության խնդրի մասին՝ նշելով, որ «ընտանիքում բռնությունն ինձ համար չի կարող լինել մենթալիտետ»…

 

 

«Անկեղծ շնորհակալ եմ եւ անչափ տպավորված եմ խորհրդարանից վստահության նման բարձր քվե ստանալու համար։ Ես երկար խոսել չեմ սիրում. ընդամենն ասեմ, որ աշխատելու եմ նվիրումով եւ սիրով: Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ում իրավունքը կլինի ոտնահարված, կարող է վստահ լինել, որ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դռները բաց են լինելու յուրաքանչյուրի համար։ Իմ գլխավորած հանձնաժողովը լինելու է հանրային բաց հարթակ, որտեղ մենք քննարկելու ենք ամենասուր եւ հանրային հնչեղություն ունեցող ամենահրատապ հարցերը։ Այս հանձնաժողովը դառնալու է ձեզանից յուրաքանչյուրի հանձնաժողովը», – գրել է Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյբուքյան էջում ընտրվելուց հետո: 

 

Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց նաև  11 մշտական խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին, որոնց թվում նաև Նաիրա Զոհրաբյանին և Մանե Թանդիլյանին:  Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Զեյնալյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Ռուբինյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Մխիթար Հայրապետյանը, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վարազդատ Կարապետյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Բաբկեն Թունյանը: Բոլոր 8 պատգամավորները «Իմ քայլը» խմբակցությունից են: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովները կգլխավորի «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

Այսպիսով, խորհրդարանի ղեկավար կազմը  լրիվ ձևավորված կարելի է համարել. ղեկավար 18 պաշտոններից միայն չորսն են կանանց բաժին հասել:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2610

Գլխավոր էջ