«Համավարակի ժամանակ էլ գենդերային հավասարության ու կանանց իրավունքների պաշտպանությունը կենսական անհրաժեշտություն է »

 

«COVID-19 համավարակն ազդում է բոլորի վրա և ամենուր։ Սակայն այն մարդկանց տարբեր խմբերի վրա ազդում է  տարբեր կերպ՝ խորացնելով առկա անհավասարությունը»,- նշել է իր ուղերձում  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

 

 

Վկայակոչելով նախնական տվյալները, ՄԱԿ-ի ղեկավարն ասել է, դրանք վկայում են այն մասին որ հիվանդության հետևանքով մահացության մակարդակը բարձր է տղամարդկանց շրջանում, սակայն դրա հետ մեկտեղ համավարակը սոցիալական և տնտեսական ավերիչ ազդեցություն է ունենում կանանց ու աղջիկների համար։

 

 

Նա ներկայացրել է իր ղեկավարած կառույցի կողմից պատրաստված «Կանանց վրա COVID-19-ի ազդեցությունը» քաղաքականության ամփոփագիրը, որը հասցեագրված է քաղաքականություն մշակողներին: Փաստաթղթում  վերլուծվում է, թե ինչպես  է COVID-19-ը բացասաբար ազդում  այն առաջընթացի վրա, որը մինչ այդ արձանագրվել էր գենդերային հավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Զեկույցում ներկայացված են նաև խորհրդատվական բնույթի առաջարկներ, թե ինչպես կարելի է կանանց ներուժն  ու առաջատար դերը օգտագործել որպես կարևոր տարր կենսունակության ու վերականգնման ապահովման համար։

 

 

Կանանց մոտ 60 տոկոսն ընդգրկված է ոչ ֆորմալ տնտեսության մեջ՝ վաստակելով, խնայելով ավելի քիչ ու բախվելով աղքատության մեջ հայտնվելու ավելի մեծ ռիսկին։ Շուկաների անկման, ձեռնարկությունների փակման հետևանքով միլիոնավոր աշխատատեղեր, որտեղ հիմնականում կանայք էին աշխատում,  վերացան։ Ընդ որում, վճարովի աշխատանքը կորցնելուն զուգահեռ մեծանում է կանանց չվճարվող աշխատանքի ծավալը, քանի որ փակ են դպրոցները, երեխաները ողջ օրը տանն են, ավելացել են տարեցների կարիքները։ Այս խնդիրներն ու միտումները միավորվելով զրկում են կանանց իրենց իրավունքներից ու հնարավորություններից։

 

 

Կորսված առաջընթացը վերականգնելու համար տարիներ են պահանջվելու։ Մեծ է ռիսկը, որ դեռահաս աղջիկները, թողնելով դպրոցը, հնարավոր է՝ այդպես էլ չվերադառնան այնտեղ։

 

 

«Ես վճռական կերպով կոչ եմ անում կառավարություններին COVID-19-ից հետո իրենց հնարավորությունների սահմաններում վերականգնման շրջանակում առաջնահերթ ուշադրություն դարձնել կանանց ու աղջիկներին։ Դրա համար, նախևառաջ, պետք է կանանց տրվի առաջնորդների դեր՝  հավասար ներկայացվածությամբ ու  որոշումներ կայացնելու հավասար իրավասություններով»,- նշել է Գուտերեշը։ Նրա խոսքով,  տնտեսության պաշտպանության ու խթանման միջոցառումները սկսկած դրամական փոխանցումներից, վերջացրած վարկերի ու փոխառնությունների տրամադրումով, պետք է  կողմնորոշվեն դեպի կանայք։  ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է սոցիալական աջակցության ընդլայնումը։ Խնամքի չվճարվող աշխատանքը պետք է ճանաչվի և գնահատվի որպես կենսական կարևոր ներդրում տնտեսության մեջ։ Նրա խոսքով, այս համավարակի հետևանքներից մեկն էլ դարձել է կանանց նկատմամբ բռնությունների սահմռկեցուցիչ աճը։  Վերջին տարում ողջ աշխարհում ամեն հինգերորդ կինը բախվել է բռնության։ Ներկայում այդ կանայք փակված են տնրերում բռնարարների հետ, ինչպես ծուղակում՝ ապարդյուն փորձելով օգտվել սահմանափակված ծառայություններից։

 

 

«Հենց դա է հիմք հանդիսացել կանանց պաշտպանելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու և նրանց աջակցության ծառայություններն ընդլայնելու իմ կոչի համար, որով ես դիմել եմ  կառավարություններին։

 

 

COVID-19- ը ոչ միայն մարտահրավեր է նետում համաշխարհային առողջապահական համակարգերին, այլև փորձարկում է մեր մարդկային էությունը: Համատեղ ուժերով այդ համաճարակը հաղթահարելու և բոլորի համար ավելի լավ ապագա կերտելու գործում կենսական նշանակություն ունի գենդերային հավասարության ապահովումն ու կանանց իրավունքների պաշտպանությունը»,-նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

 

 

Աղբյուրը՝ United Nations

 

Դիտումների քանակը` 1316

Գլխավոր էջ