ԵԽԽՎ նախագահ. «Կանայք նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում վեհաժողովի նախագահ վերընտրվեց Լիլիան Մորի Պասկեն։ Հիշեցնենք՝ նա  ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել 2018թ. հունիսի 25-ին: 

 

Բացման խոսքում ԵԽԽՎ պաշտոնյան ջերմորեն ողջունել է, որ վեհաժողովում ազգային շատ պատվիրակությունների թվում կանանց ներկայացվածությունն ավելի մեծ է, քան ազգային խորհրդարաններում։ Լիլիան Մորի Պասկեն դա շատ դրական զարգացում է որակել։

 

«Հավասարությունը շատ կարևոր է ընտրական գործընթացների համատեքստում, մենք պետք է շարունակենք աջակցել՝ հասնելու կանանց ու տղամարդկանց միջև հավասարության սկզբունքին։ Ես հաճախ եմ ասում՝ կանայք նման են թթվածնի, ինչքան վերև ես բարձրանում, այնքան նրանք քիչ են։ Սա հատկապես ճիշտ է քաղաքականության դեպքում։ Որպես բազմակարծության ջատագով ու խտրականության դեմ պայքարող՝ Եվրոպայի Խորհուրդը պետք է շարունակի նպաստել գենդերային հավասարության խնդրի լիարժեք լուծմանը»,-նշել է նա իր բացման խոսքում։

 

Միաժամանակ ԽՎ նախագահն ընդգծել է, որ 50/50 ներկայացվածության հասնելու համար դեռ ճանապարհ պետք է անցնել։ «Մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք գենդերային հավասարության հասնելու համար։ Մենք պետք է ապահովենք գենդերային լիարժեք հավասարություն համազեկուցողներ, հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ, ինչպես նաև ԵԽԽՎ պաշտոնյաներ նշանակելիս։ Վիճակագրությունը, որ ձեզ խնդրում եմ ուսումնասիրել, ցույց է տալիս, որ այս առումով էլ առաջընթաց կա»,-նշել է նա։

Համաձայն Վեհաժողովի էջում հրապարակված այդ վիճակագրության, ԵԽԽՎ անդամների 34 տոկոսը կանայք են, այն պարագայում, երբ ազգային խորհրդարաններում ներկայացվածությունը միջինում  25.92 տոկոս է։

 

«Սա վկայում է Վեհաժողովի կանոնադրության այն պահանջի  դրական ազդեցության մասին, ըստ որի, պատվիրակությունների կազմում  պետք է ներառվեն նույնքան կանայք, որքան ներկայացված են ազգային խորհրդարաններում։ Մենք ճիշտ ուղու վրա ենք, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ընդգծել  է նա։

 

Լիլիան Մորի Պասկեն միաժամանակ տեղեկացրել է, որ նախորդ տարիների համեմատ Վեհոժողովում կանանց ներկայացվածությունը նվազել է, եթե 2016-ին նրանք կազմում էին 39 տոկոս, 2017-ին՝ 37 տոկոսը, ապա 2018-ին այդ թիվը նվազել է՝ հասնելով 34 տոկոսի։

 

Նկատենք, որ Հայաստանից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ են  գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: Պատվիրակության 8 անդամներից 2-ը կամ 25 տոկոսն են կանայք։ Նորընտիր ԱԺ-ում 132 պատգամավորներից 32-ը կամ 24 %-ը  կանայք են: Այնպես որ ԵԽԽՎ նախագահի ջերմ ողջույնն ուղղված է նաև հայաստանյան պատվիրակությանը։

 

 

 Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 1923

Գլխավոր էջ