ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել

 

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի  (ԵԽԽՎ) 72-ամյա պատմության մեջ առաջին անգամ գլխավոր քարտուղարի պաշտոնում կին է ընտրվել։

 

 

ԵԽԽՎ պաշտոնական էջի փոխանցմամբ, հունվարի 26-ին կայացած ընտրության արդյունքում այդ պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Դեսպինա Չացիվասիլյու-Ցովիլիսը։ Պաշտոնավարման մեկնարկը մարտի 1-ից է, նա այդ պաշտոնում  ընտրվել է հինգ տարի ժամկետով՝ փոխարինելով լեհ քաղաքական գործիչ Վոյչեխ Սավիցկին։

 

 

Էլեկտրոնային քվեարկության արդյունքում կին թեկնածուի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 96.46 % – ը կամ 300 մասնակիցներից 240-ը։ Նրա միակ մրցակիցը գործող քարտուղարն էր, ում օգտին քվեարկել է 60 պատգամավոր։

 

 

 Ընտրվելուց հետո Դեսպինա  Չացիվասիլյու-Ցովիլիսը շնորհակալություն է հայտնել վեհաժողովի անդամներին նրանց աջակցության համար։

 

 

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ ԵԽԽՎ անդամների վստահությունն ու այս մեծ մոբիլիզացիան։ Ես ընդունում եմ մարտահրավերը։  Ես մեծ ոգևորությամբ ու անհամբերությամբ սպասում եմ մարտի 1-ից աշխատելու Վեհաժողովի անդամ 47 երկրների հետ, ինչպես նաև այդ շրջանակից դուրս, նախարարների կոմիտեի ու գլխավոր քարտուղարի հետ սերտ համագործակցությամբ, մեր Վեհաժողովի ազդեցությունը ուժեղացնելու համար»,-նշել է նա իր խոսքում։

 

 

Վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ գլխավոր քարտուղարը ապահովում է ԵԽԽՎ պատշաճ գործունեությունը, իրականացնում է նրա կայացրած որոշումները և համակարգում է հանձնաժողովների աշխատանքը: Նա գլխավորում է շուրջ 90 աշխատակազմի քարտուղարություն, աջակցում է Նախագահին և Վեհաժողովի անդամներին իրենց աշխատանքներն իրականացնելու գործում, ապահովում է խորհրդարանական գործընթացների պատշաճ անցկացումը:

 

 

Դեսպինա  Չացիվասիլյու-Ցովիլիսը Խորհրդարանական Վեհաժողովում աշխատում է 21 տարի, նա ղեկավարել է Մոնիտորինգի և Քաղաքական հարցերի հանձնաժողովները։ Սկսել է իր կարիերան 1993-ին Եվրոպական խորհրդում՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովում։

 

 

Նա իրավագիտության դոկտոր է, գիտական աստիճանը ստացել է Իտալիայի Ֆլորենս քաղաքի Եվրոպական ինստիտուտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ ատենախոսությունից հետո։

 

 

Դեսպինա  Չացիվասիլյու-Ցովիլիսը ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, 1967 թվականի փետրվարի  28-ին։ Նա ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

 

«Ես ազգությամբ հույն եմ։ Իմ ընտանիքի արմատները սերում են Փոքր Ասիայից՝ մասնավորապես Սև Ծովի ափին գտնվող թուրքական Սինոպ հնագույն քաղաքից»,-մանրամասնում է ԵԽԽՎ նորընտիր պաշտոնյան իր էջում։

 

 

 

Հիշեցնենք, որ ի տարբերություն գլխավոր քարտուղարի պաշտոնի,  ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում  կանայք չորս անգամ են ընտրվել:  1949 թվականին հիմնադրված այս կառույցում կանայք վեհաժողովի  խոսնակի  պաշտոնում միայն  25 տարի առաջ հայտնվեցին, մինչ այդ կին նախագահներ չեն եղել։ Առաջինը  Գերմանիան ներկայացնող Լենի Ֆիշերն էր (1996-1999 թթ.), այնուհետև Լյուխսեմբուրգը ներկայացնող Անն Բրասերը (2014-2016 թթ.), իրենից անմիջապես հետո  Կիպրոսը ներկայացնող Ստելա Կիրյակիդիսը (2017-2018 թթ) և Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն էր, ով պաշտոնավարել է 2018-2020 թվականներին։

 

 

 Նշենք նաև, որ  այսօր ԵԽԽՎ 17 փոխնախագահներից չորսն են կին՝  Չեխիայից, Ֆրանսիայից, Լիտվիայից, Հունաստանից։  Եղել են նախադեպեր, երբ  Հայաստանի պատվիրակության կին ներկայացուցիչներն են  ԵԽԽՎ  փոխնախագահի պաշտոնում ընտրվել.  2017-ին՝  ընտրվեց  Արփինե Հովհաննիսյանը, մինչ այդ  Հերմինե Նաղդալյանն էր նույն պաշտոնում ընտրվել:

 

 

Այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության 8 անդամներից երկուսն են կին՝  Նաիրա Զոհրաբյանը ( «Բարգավաճ Հայաստան»)  և  Տաթևիկ Հայրապետյանը («Իմ քայլը» ): Պատվիրակության ղեկավարն  է Ռուբեն Ռուբինյանը:   

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

Դիտումների քանակը` 847

Գլխավոր էջ