ԵԽԽՎ-ն բողոքարկեց Անդորրայի պատվիրակության լիազորությունները գենդերային կազմի պատճառով
Հունվարի 22-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է: Նախ նախագահ ընտրեցին: Վեհաժողովի նախագահի պաշտոնի համար միայն մեկ թեկնածու էր առաջադրված: Միկելե Նիկոլետին 1949 թվականից ի վեր ԵԽԽՎ 31-րդ նախագահն է, այդ պաշտոնում՝ երկրորդ իտալացին:
Հաջորդն ընտրեցին փոխնախագահներին: 20 փոխնախագահներից ընտրեցին 18-ին, այս պահին թափուր են Ռուսաստանի ու Իտալիայի համար հատկացված տեղերը: 18 փոխնախագահներից 6-ը կանայք են, նրանք ներկայացնում են Կիպրոսը, Էստոնիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Սերբիան, Իսլանդիան: Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը երեք անգամ են կանայք զբաղեցրել: Վերջինը՝ Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը, ով ընտրվեց անցյալ տարվա աշնանը Պեդրո Ագրամունտի սկանդալային հրաժարականից հետո:
Անդորրայի պատվիրակությունը խախտել է գենդերային հավասարությունը
Նստաշրջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել ԵԽԽՎ-ում Անդորրայի պատվիրակության կազմը: Ամենափոքր պատվիրակություններից մեկում խախտված է գենդերային հավասարությունը: Հենց այդ պատճառով վիճարկվել են դրա լիազորությունները: Ավանդաբար պատվիրակությունների լիազորությունները հաստատվում են նստաշրջանի սկզբում: Եթե դեմ արտահայտվող չի լինում, լիազորությունների հաստատումը լինում է ինքնաբերաբար:
ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության կին անդամներից Մարիվոն Բլոնդինը հանդես է եկել ելույթով՝ վիճարկելով այդ երկրի պատվիրակության լիազորությունները, հիշեցնելով, կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածության պահանջի մասին: Կանայք պատվիրակության կազմում պետք է լինեն նույնքան ներկայացված, որքան այդ երկրի խորհրդարանում են:
Նշենք, որ Անդորրայի պատվիրակության երկու հիմնական անդամները տղամարդիկ են, իսկ փոխարինող երկու անդամները՝ կանայք: Ըստ ԵԽԽՎ պաշտոնական էջի, Անդորրան խոստացել է հնարավորինս շուտ կարգավորել խնդիրը: Վեհաժողովն այս շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի նրանց ելույթի ու քվեարկության իրավունք տրամադրելու վերաբերյալ, իսկ մինչ այդ պատվիրակության անդամները կարող են նստել դահլիճում ու հետևել քննարկումներին:
Հայաստանյան պատվիրակությունը
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը գենդերային խնդիրներ չունի: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից Ստրասբուրգ են գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Կարինե Աճեմյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուստամ Մախմուդյանը. Ընդհանուր առմամբ երեք կին, հինգ տղամարդ պատգամավոր տարբեր խմբակցություններից:
Հիշեցնենք, որ հայաստանյան պատվիրակության կազմում մինչ նստաշրջանի մեկնարկը փոփոխություն կատարվեց, Հերմինե Նաղդալյանը փոխարինվեց Կարիեն Աճեմյանով: Լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ասել էր, որ որևէ մեկից վիրավորված չէ, այսուհետ ինքը կլինի ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակությանն կազմում, իսկ այս պատվիրակության կազմից դուրս գալու վերաբերյալ պայմանավորվածություն եղել է դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Ի դեպ , այսօր կայացած ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ: Արփինե Հովհաննիսյանը առաջադրված 20 թեկնածուների մեջ առավել ձայներ ստացած եռյակում է:
Օրակարգը
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարի, ՄԻԵԴ դատավորի ընտրությունների, Ուկրաինայում, Սիրիայում տիրող իրավիճակի, Եվրոպայում այլատայացության ու իսլամաֆոբիայի, զինված հակամարտությունների ազդեցությունից երեխաների պաշտպանության, Հունաստանի, Իռլանդիայի, Էստոնիայի ու Հունգարիայի պարտավորությունների կատարման և այլ թեմաների մասին հարցեր:
Վեհաժողովի պաշտոնական էջից տեղեկանում ենք նաև, որ ձմեռային նստաշրջանի ընացքում երեք VIP հյուրեր կան. Ստրասբուրգ են մեկնել Հայաստանի, Ավստրիայի նախագահներն ու Դանիայի թագուհին:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2200