ԵԱՀԿ առաջնորդները կոչ են անում ընդլայնել կանանց առաջնորդությունը՝ հանուն խաղաղության ու բոլորի անվտանգության
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավարները ի նշան կանանց միջազգային օրվա 110-րդ տարեդարձի բարձր են գնահատում աշխարհի կանանց և աղջիկների ջանքերը կառուցելու այն ապագան, որը ապահովելու է հավասար իրավունքներ բոլորի համար։
Խորհրդարանականները նկատել են, որ կանայք կարևոր դեր են խաղում ԵԱՀԿ տարածքում խաղաղության կառուցման, հակամարտությունների կանխարգելման գործում, բացի այդ նրանք կարևոր դեր են խաղացել COVID-19 համավարակի վերականգնման գործում։
«Իրական խաղաղության ու բարեկեցության համար հասարակությունները պետք է շարունակեն աշխատել գենդերային լիարժեք հավասարության համար»,-նշել են խորհրդարանականները։
ԵԱՀԿ ԽՎ նախագահ լորդ Փիթեր Բաունեսն ընդգծել է, որ ԵԱՀԿ ողջ տարածքում կանայք գտնվել են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում։
«Սա ոչ միայն ծառայում է որպես անհամաչափ ծանր բեռի հերթական հիշեցում, որ կանայք կրում են մեր հասարակությունում, այլև վկայում է այն մասին, որ կանանց առաջնորդող դերի արդյունքում հաջողվում է հասնել իրական դրական փոփոխությունների։ Հետևաբար, վերականգնման գործընթացին զուգահեռ անհրաժեշտ է շարունակել կանանց հնարավորությունների ու լիազորությունների ընդլայնումը՝ առավել մեծ օգուտ բերելու համար մեր հասարակություններին»,-նշել է նա։
ԵԱՀԿ ԽՎ կին առաջնորդները տոնի առթիվ կանանց իրավունքների, հնարավորությունների հավասարության վերաբերյալ տեսաուղերձներ են հրապարակել սոցիալական ցանցերում։
Կանադացի պատգամավոր Հեդի Ֆրայը, ով գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչն է, իր ուղերձում կարևորում է տարբեր ոլորտներում առկա գենդերային ճեղքի արագ վերացումը։
«Կանանց միջազգային տոնին եկեք նշանավորենք կին առաջնորդների դերը խաղաղության կառուցման ու ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կանխարգելման գործում։ Կանանց մասնակցությամբ խաղաղությանն ուղղված ջանքերն ավելի հաջող են, մինչդեռ 1992-2018 թվականների ընթացքում միջնորդների ընդամենը 3 տոկոսն են եղել կանայք, ստորագրողների՝ 4 տոկոսը, բանակցողների՝ 13 տոկոսը: Կանայք պետք է լինեն հավասար մասնակիցներ, և բոլոր կանայք պետք է ներառված լինեն այդ գործընթացում՝ անկախ տարիքից, էթնիկ պատկանելությունից, քաղաքացիական կարգավիճակից»,-նշել է Հեդի Ֆրայը։
Փետրվարի 25-ին ԵԱՀԿ ԽՎ 20-րդ ձմեռային նստաշրջանում իր ելույթում Ֆրայը ողջունել է այն փաստը, որ ԵԱՀԿ-ն մոտեցել է գենդերային հավասարությանը, ղեկավար պաշտոններից շատերը հիմա կանայք են զբաղեցնում։
Նա հիշեցրել է Հելգա Շմիդտի մասին, ով առաջին կինն է, որ զբաղեցնում է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի մասին, որ այժմ ԵԱՀԿ գործող նախագահն է, Թերեզա Ռիբեյրոյի մասին, որը մամուլի ազատության հատուկ ներկայացուցիչն է։
ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ, նորվեգացի պատգամավոր Կարի Հենրիքսենն իր հրապարակած տեսաուղերձում հիշեցնում է՝ կանայք ու տղամարդիկ հավասար են, պատգամավորներին, կառավարություններին կոչ է անում անել հնարավորինը կանանց բռնություններից ու ոտնձգություններից պաշտպանելու համար։
ԵԱՀԿ ԽՎ ալբանացի պատգամավոր Էլոնա Ջեբրեան էլ ընդգծում է տնտեսության մեջ կանանց հավասար մասնակցությունը, որը կօգնի տնտեսության արագ վերականգնմանը։
ԵԱՀԿ ղեկավարները շեշտում են, որ գենդերային հավասարությունը ներառական խաղաղության, կայուն տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման նախապայման է:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվելու
Դիտումների քանակը` 928