ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

 

Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության ( ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար կնշանակվի Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդտը։ «ՏԱՍՍ» գործակալության  փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է  ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստի բացմանն կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական ու արտաքին գործերի նախարար Ադի Ռաման՝ նշելով, որ Հելգա Շմիդտի թեկնածության շուրջ  ԵԱՀԿ անդամ պետությունները կարողացել են գալ կոնսենսուսային համաձայնության:  

 

 

«Ուրախ եմ, որ ամեն ինչ պատրաստ է նոր նշանակումների համար: Այսպիսով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Հելգա Շմիդտը, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենը կլինի Մատեո Մեկաչին, Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ՝ Թերեզա Ռիբեյրուն, Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար՝ Քայրաթ Աբդրախմանովը»,-  հայտարարել է  Ռաման:

 

 

Այսպիսով, ԵԱՀԿ-ի  պատմության մեջ առաջին անգամ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կին է զբաղեցնելու։  Գերմանացի կին դիվանագետն այդ պաշտոնում կփոխարինի Թոմաս Գրեմինգերին, որի լիազորությունների ժամկետը լրացել էր դեռ անցած ամառ։ Այդ ժամանակից ի վեր կազմակերպությունը փաստացի ղեկավար չի ունեցել: Թափուր էին նաև կազմակերպության վերընշված երեք մասնագիտացված մարմինների  ղեկավարների պաշտոնները, քանի որ այս պաշտոններում նշանակվելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ բոլոր 57 անդամ պետությունների համաձայնությունը։ Այս պաշտոնները թափուր էին 2020 թ. հուլիսի 18-ից, երբ անդամ երկրների միջև եղած տարաձայնությունների պատճառով հնարավոր չեղավ ոչ նոր նշանակում անել, ոչ էլ պաշտոնավարումը երկարացնել։  ԵԱՀԿ նախագահությունը  սեպտեմբերին առաջարկեց նոր թեկնածություններ. սկզբում չորս պաշտոնի համար եղավ 11 առաջադրում, 10-ը՝ Եվրոպայից, մեկը՝ Ղազախստանից։ Դրանցից չորսի վերաբերյալ հաջողվեց կոնսենսուսի գալ։ 

 

 

ԵԱՀԿ ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ի տեսաժողովին մասնակցել են ԵԱՀԿ անդամ 57 ու 11 գործընկեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

 

Հիշեցնենք, որ 1975 թ. ստեղծված ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:

 

 

Ո՞վ է Հելգա Շմիդտը

 

 

Դեկտեմբերի 8-ին բավարիացի կին դիվանգետը կբոլորի իր 60-ամյակը։ Կառույցի ստեղծման օրից աշխատել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գրաենյակում, եղել է դրա գլխավոր քարտուղարը։

 

 

Շմիդտը հանդիսանում էր Իրանի՝ 2015-ի միջուկային ծրագրի պատմական համաձայնության առանցքային դեմքերից մեկը, որի վրա նա աշխատում էր բանակցությունների մեկնարկից `2003 թվականից ի վեր, երբ նա Գերմանիայի ԱԳ նախարարության աշխատակազմի ղեկավար էր։ Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 14-ը միջազգային դիվանագիտության պատմության էջերում գրանցվեց որպես չափազանց կարևոր ձեռքբերման օր. Իրանը և վեց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության հասան Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։

 

 

«Հելգա Շմիդտը շատ հարմար թեկնածու է ԵԱՀԿ գլավոր քարտուղարի համար։ Նրա առաջնորդության երկարամյա փորձը, բանակցելու արտակարգ հմտությունները, միջազգային ճգնաժամեր կանխելու նրա էներգետիկ պոտենցիալն օգնել են նրան ձևավորելու բազմակողմ գործողություններ թե Եվրոպայի ներսում, թե դրանից դուրս»,-նրա առաջադրումն այսպես է հիմնավորել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ ավելացնելով, որ Շմիդտը մեծ օգուտ կա թե ԵԱՀԿ-ին, թե համաեվրոպական համագործակցությանը։

 

 

Հենց Մաասի առաջարկով է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրել Շմիդտի թեկնածությունը։ Ավելի վաղը Շմիդտը POLITICO-իի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ կանայք ավելի լավ բանակցողներ են:

 

 

Դիվանագիտական գործունեության ընթացքում նա բարձրաձայնել է քաղաքականության, բիզնեսի, կրթության ու այլ ոլորտներում կանանց հավասար ներկայացվածության կարևորության մասին, ահազանգել կանանց նկատմամբ բռնություններ, գենդերային ճեղքերի ու խտրականության մասին։

 

 

Ինչևէ, կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին բարդ ու դժվարին աշխատանք է սպասվում։ Այսօր դիմելով ԵԱՀԿ մասնակից պետությունների նախարարներին և գործընկերներին՝ կազմակերպության նախագահ Ադի Ռաման զգուշացրել էր , որ տարածաշրջանում շարունակվող և խորացող լարվածությունն ու անվստահությունը նշանակում է, որ «մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ, վատթարանում է ճգնաժամը»:

 

 

«Մենք ունենք ընդհանուր տեսլական, որը ստեղծվել է Հելսինկիում, ապա շարունակվել Փարիզում, հետո Ստամբուլում և Աստանայում։ Այն է՝ դեպի ժողովրդավարական, խաղաղ և միավորված Եվրոպա։ Սակայն այսօր այդ տեսլականը մեզնից ավելի է հեռանում: Քանի որ մեր սկզբունքները չեն հարգվում: Քանի որ մեր պարտավորությունները չեն իրականացվում: Քանի որ տարաձայնությունները մեր միջև աճում են:  Քանի որ շատ ընտրվում է միակողմանին միջազգայինի փոխարեն: Քանի որ ընտրվում է առճակատումը զրույցի փոխարեն: Եվ քանի որ ընտրվում է պառակտումը համագործակցության փոխարեն»,-նշել էր նա։

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 985

Գլխավոր էջ