Կանանց նկատմամբ բռնությունների կանխմանն ուղղված օրենսդրությունը՝ ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության գենդերային հարցերի ծրագիրը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն  մայիսի 19-ին  կազմակերպել էին միջոցառում՝ քննարկելու ապացույցների վրա հիմնված օրենսդրության վերաբերյալ նորարական մոտեցումները, որոնք թույլ կտան կանխել կանանց նկատմամբ բռնությունը, ինչպես նաև պայքարել դրա դեմ։

 

 

ԵԱՀԿ պաշտոնական էջում  հրապարակված տեղեկատվության համաձայն, խորհրդարանականներն ու կազմակերպության անդամ պատվիրակները, ինչպես նաև Ասիայի և Միջերկրածովյան գործընկերները համագործակցության նպատակով փոխանակել են հաջողված փորձի, քաղած դասերի և նորարարությունների վերաբերյալ տեղեկատվություն։

 

 

ԵԱՀԿ  քարտուղարության, ԺՀՄԻԳ-ի փորձագետներն էլ ներկայացրել են կազմակերպության գործիքներն ու ռեսուրսները, այդ թվում ԺՀՄԻԳ-ի՝ օրինաստեղծ աշխատանքին, կանանց նկատմամբ բռնությունների դեմ օրենսդրության իրավական մշակումների աջակցությունը։ Ներկայացվել է նաև ԵԱՀԿ քարտուղարության կողմից պատրաստված ու նախորդ տարի հրապարակված ուղեցույցը՝ «Ինչպե՞ս օգտագործել հարցման տվյալները կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը կանխելու և դրա դեմ պայքարի համար»։

 

 

Այս հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է, թե ինչ բռնությունների են ենթարկվում կանայք ու աղջիկները հակամարտությունների ու խաղաղ պայմաններում, բռնությունների ազդեցությունը՝ այդ թվում երկարատև հետևանքները նրանց վրա։  Վեր են հանվել  բռնության հիմքում ընկած պատճառները, մեծ ուշադրություն է դարձվել հատկապես անապահով կանանց ու աղջիկների բռնության ենթարկվելու հանգամանքներին։ Արդյունքում  զեկույցը ներկայացրել էր եզրակացություններ ու խնդիրների լուծման համար գործողություններ առաջարկել քաղաքացիական հասարակության, ԵԱՀԿ մասնակից պետությունների և ԵԱՀԿ գործադիր կառույցների և մի շարք դերակատարների համար։

 

 

Մայիսի 19-ին հրավիրած միջոցառման մոդերատորը  ԵԱՀԿ գենդերային հարցերով գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Լիլիանա Պալեհովիչն էր։ Քննարկմանը մասնակցել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Մատեո Մեկաչչին։

 

 

ԵԱՀԿ մասնակից պետությունները պարտավորվում են կանխարգելել և պայքարել կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների դեմ,  ինչպես նաև աջակցել ժողովրդավարական օրենսդրության ստեղծմանը։

 

 

Նախարարների խորհրդի՝ 2005, 2014 և 2018 թվականներին ընդունած որոշումները կոչ են անում ԵԱՀԿ մասնակից պետություններին բարելավել բռնության դեմ պայքարի ազգային օրենսդրությունը, քաղաքականությունն ու գործելակերպը, աջակցել բռնության ենթարկվող կանանց, միջոցներ ձեռնարկել այն կանխելու համար:

 

 

ԵԱՀԿ ԽՎ-ի՝ 2018 թվականին ընդունված բանաձևը կոչ է անում կազմակերպության մասնակից պետություններին ընդունել միջազգային նորմերին և չփանիշներին համապատասխան օրենսդրություն, որն ուղղված կլինի ընտանեկան և սեռական բռնությունների, ոտնձգությունների, ինչպես նաև աշխատավայրում ոտնձգություններին և լիազորությունների չարաշահմանը։

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 714

Գլխավոր էջ