ՄԻՊ տարեկան զեկույց. Ինչո՞ւ կանայք ներկայացված չեն Զինված ուժերի բարձր պաշտոններում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2019-ի տարեկան հաղորդման մեջ մեծ տեղ է հատկացրել Զինված ուժերում կանանց ներգրավվածության ձևին, նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական կարգավորումներին, ոլորտում առկա գենդերային անհավասարությանը վերաբերող մտահոգություններին ու դրանց հետևանքներին, կանանց առաջխաղացման խոչընդոտներին, մատնանշել այլ խնդիրներ ու առաջարկել լուծումներ։
ԶՈւ-երում կանանց ներկայացվածությունը կնպաստի խաղաղության հաստատմանը
Այսպես, պաշտպանը նախ և առաջ ընդգծում է, Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են միայն տղամարդիկ, իսկ կանայք զինվորական ծառայության ներգրավվում են միայն պայմանագրային հիմունքներով: Մինչդեռ պետության պաշտպանությանը մասնակցելը և զինված ուժերին անդամակցելը քաղաքացիությունից բխող իրավունքների և պարտականությունների բաղկացուցիչ մասն է։
Ըստ ՄԻՊ-ի, զինված ուժերում ներգրավվելու իրավունքից զրկված լինելու պարագայում կանայք և տղամարդիկ անհավասար պայմաններում են հայտնվում։ Զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կարծիքն անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Մինչդեռ, Զինված ուժերում կանանց մասնակցությունը կարևոր նշանակություն ունի հակամարտությունների կարգավորմանն ու լուծմանը նրանց մասնակցության տեսանկյունից։
Այս առումով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը վկայակոչում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2000 թվականի թիվ 325 բանաձևը, որը հաստատում է՝ որոշումների կայացման գործընթացում կանանց մասնակցության բացակայությունը և նրանց նկատմամբ թիրախավորված բռնության տարածվածությունը երկարաձգում են հակամարտությունները, ապակայունացնում ամբողջական տարածաշրջաններ և խոչընդոտում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Տարեկան հաղորդման մեջ հիշատակվում է, որ հայ ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում տեղի ունեցած մարտական գործողությունների, այդ թվում՝ Արցախյան ազատամարտի ժամանակ կանայք իրենց ուրույն դերն են, դժվար է թերագնահատել կանանց դերը նաև այժմյան զինված ուժերում:
«Հետևաբար, պետությունը պետք է ջանքեր չխնայի ՀՀ զինված ուժերում կանանց իրավունքների երաշխավորման ուղղությամբ»,-ընդգծում է ՄԻՊ-ը։
ԶՈՒ-ում ներգրավված կանանց իրավունքների պաշտպանությունը
Զինվորական օրենսդրության ընդհանուր ուսումնասիրության արդյունքում կանանց նկատմամբ ակնհայտ խտրականություն պարունակող նորմեր ՄԻՊ աշխատակազմի կողմից չեն հայտնաբերվել: Դրանք հիմնականում գենդերային առումով չեզոք են, այս պարագայում էլ հաճախ խնդիրներ առաջանում են հենց սեռային առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով:
«Աշխատանքային իրավունքների սահմանափակման դեպքերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք հիմնականում առաջանում են կանանց աշխատանքային իրավունքների իրացման հարցում: Ուստի, կին զինծառայողների իրավունքներն առավել արդյունավետ պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է կատարել մի քանի օրենսդրական փոփոխություններ»,-որպես լուծում առաջարկում է պաշտպանը։
Հաղորդման մեջ խնդիր առաջացնող իրավական մի նորմի է անդրադարձ կատարվել։ Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի որոշման հավելվածի համաձայն, զինվորական հաշվառման վերցվում են նաև 18 տարին լրացած և զինվորական մասնագիտություն ստացած կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար դիմած, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա մասնագիտություններ ունեցող իգական սեռի քաղաքացիները: Մինչդեռ, որևէ իրավական ակտում գրված չէ, թե որոնք են իգական սեռի քաղաքացիներին հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները, կամ ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ զինվորական հաշվառման նպատակով իգական սեռի քաղաքացիների դիմելու և հետագայում զինվորական ծառայություն անցնելու համար:
Եթե ամուսինդ զինծառայող է, ստիպված ես ամիսներով նրան չտեսնել
Պաշտպանն անդրադառնում է նաև զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար հանդիպող խնդիրներին։ ՄԻՊ-ը փաստում է, որ նրանց համար առկա չեն համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ:
Առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ:
Պաշտպանն ընդգծում է՝ խնդրահարույց է նաև զինվորական օրենսդրությամբ զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն չնախատեսելը:
Եվ սա այն պարագայում, երբ Զինված ուժերի անդամների իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականի համաձայն՝ զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի համար կարևոր է, որպեսզի նրանք հնարավորության սահմաններում կարողանան կապ պահպանել իրենց մտերիմների, այդ թվում՝ հարազատների և զուգընկերոջ հետ: Անդամ պետությունները պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն, որպեսզի զինծառայողներն օգտվեն այս հատուկ իրավունքից։
Մանկահասակ երեխա ունեցող կանանց համար խրախուսական նորմեր չկան
Զինվորական օրենսդրության ուսումնասիրությամբ Պաշտպանի աշխատակազմում պարզել են, որ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել: Խրախուսական նորմերի բացակայությունը կին զինծառայողների ծառայության վերադառնալու որոշում կայացնելու համար կարող է խոչընդոտ հանդիսանալ:
Խնդրին բախված կին զինծառայողը պաշտպանին պատմել է, որ խնամքին ունի 1 տարեկան 8 ամսեկան երեխա, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդից ամբողջությամբ չի օգտվել և իր ցանկությամբ վերադարձել է աշխատանքի:
Նշել է, որ զորամասի տարածքից հեռու անցկացվելու է զորավարժություն, որին զորամասի անձնակազմի հետ որպես կապավոր նախատեսվել է ներգրավել նաև իրեն, իսկ այդ դեպքում երեխան կմնա առանց խնամքի: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ նշված խնդրի մասին զեկուցել է հրամանատարին և խնդրել երեխայի խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իրեն չներգրավվել զորավարժություններին, սակայն մերժում է ստացել:
Մինչդեռ, պետության քաղաքականություններից է նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադարձնելը։ Արագ արձագանքման շրջանակներում Պաշտպանի աջակցությամբ խնդիրը կարգավորվել է՝ հաշվի առնելով երեխայի խնամքի անհրաժեշտությունը:
Կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից
Տարեկան հաղորդման մեջ պաշտպանն ուշադրություն է հրավիրում իր որակմամբ խնդրահարույց իրավական մի կարգավորման վրա։ Խոսքը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասի մասին է, որը հնարավորություն չի տալիս հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար:
«Նշված կարգավորումը կարող է հանդիսանալ այն հիմնական խոչընդոտներից մեկը, որի պատճառով կին զինծառայողները դեռևս բավարար կերպով ներկայացված չեն բարձր պաշտոններում և հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Բացի այդ, նշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առջև»,-օրենքի հնարավոր հետևանքները մանրամասնում է ՄԻՊ-ը։
ԵԽԽՎ-ի «Կանայք զինված ուժերում. հավասարության խթանում, գենդերային հիմքով բռնության վերացում» 2016 թվականի թիվ 2120 բանաձևի 2-րդ կետում նշվում է, չնայած այն փաստին, որ վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայի բանակներն աստիճանաբար ավելի դրական են վերաբերվում զինված ուժերը կանանցով համալրելու հարցին՝ կանայք զինված ուժերում և հատկապես՝ հրամանատարական բարձր կոչումներ ունեցող անձանց շարքերում, դեռևս շարունակում են փոքրամասնություն կազմել:
Մեկ այլ խնդիր է, երբ Հայաստանում էլ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ խաղաղ ժամանակ կին զինծառայողները օրվա վերակարգի կազմում չեն նշանակվում՝ բացառությամբ հանրակացարանի օրվա վերակարգի: Անհրաժեշտության դեպքում նրանք, ըստ իրենց զինվորական կոչման և զբաղեցրած պաշտոնի, կարող են նշանակվել որպես հերթապահ բժիշկ (բուժակ), շտաբի հերթապահ և թղթատար (ցրիչ):
ՄԻՊ-ի բնորոշմամբ, այս կարգավորումը ոչ միայն խնդրահարույց է կին և տղամարդ զինծառայողների միջև տարբերակված մոտեցում դրսևորելու տեսանկյունից, այլ նաև կարող է խոչընդոտ հանդիսանալ նրանց զինված ուժեր ներգրավելու համար: Օրինակ, 2019-ին զորամասեր կատարած այցերի ընթացքում զորամասերից մեկի հրամանատարը հայտնել է, որ կին զինծառայողներին վերակարգի նշանակման արգելքի պատճառով, հաճախ չի կարողանում կանանց ընդունել զինվորական ծառայության՝ նախապատվությունը տալով տղամարդ թեկնածուներին: Նա իր ընտրությունը բացատրել է տղամարդ զինծառայողների վերակարգերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու հանգամանքով։
ՊՆ տրամադրած տվյալների համաձայն, պայմանագրային զինվորական ծառայության անձնակազմի ընդհանուր թվաքանակի 9.1 տոկոսը կազմում են կին զինծառայողներ: ԶՈՒ անձնակազմի 3.8%-ը կին սպաներ են, 23.1%-ը՝ ավագ ենթասպայական կազմ, 8.3%-ը՝ կրտսեր ենթասպայական կազմ, 8%-ը՝ շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ:
Սա փաստում է՝ կանայք դեռևս բավարար կերպով ներկայացված չեն բարձր պաշտոններում, և հասարակությունում առկա են կարծրատիպեր կանանց՝ որպես որոշում կայացնողների դիտարկման հարցում: Արդյունքում, կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից:
Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ
Անթույլատրելի մի արարքի մասին է բարձրաձայնել ՄԻՊ-ը։ Խոսքը նույն գործառույթներն իրականացնող կին զինծառայողներին տրվող իրային ապահովության չափաքանակների տարբերության մասին է։ Կանայք ավելի քիչ հաճախականությամբ են ստանում դրանք, քան տղամարդիկ, տարբերություններ կան նաև մարտական հերթապահությունում ընդգրկված կանանց ու տղամարդկանց տրվող համազգեստների չափաքանակում։ Ընդ որում, կին զինծառայողներին տրամադրվող իրային ապահովման պակաս լինելը պայմանավորված է ոչ թե նրանց ծառայության բնույթով, այլ միայն նրանց կին լինելու հանգամանքով, ինչն անթույլատրելի է:
Նշված խնդիրն արձանագրվել էր նաև Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդմամբ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինված ուժերի անձնակազմին իրային միջոցներով ապահովման գործող չափաքանակները լրամշակվում են, և դրանք կներկայացվեն նախարարի հաստատմանը:
Բացի այդ, պարզվել է, որ հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը (օրինակ՝ Միացյալ Թագավորության) ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ: Պաշտպանը կարևոր է համարում հղի կանանց համար մարտական հերթապահության մեջ ընդգրկելու արգելքի ֆորմալ սահմանումը, քանի որ խոսքը վերաբերում է կնոջ և պտղի կյանքին ու առողջությանը:
ՄԻՊ-ի առաջարկները
Զինված ուժերում կանանց վերաբերող խնդիրների լուծման համար Պաշտպանը քայլեր է մատնանշել, ինչպիսիք են օրինակ, զինված ուժերում կանանց դերի և կարևորության ընդգծման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, կանանց զինվորական առօրյան լուսաբանող տեղեկատվության ավելացումը, ռազմական ուսումնական հաստատություններում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դասավանդումն ապահովելը։
ՄԻՊ-ը նաև առաջարկում է կատարել ուսումնասիրություններ, հարցումներ Հայաստանի զինված ուժերում ընդգրկված իգական սեռի ներկայացուցիչների` ծառայության անցնելու, այն շարունակելու կամ դադարեցնելու դրդապատճառները պարզելու նպատակով, նաև առաջարկում է կանանց համար հասանելի դարձնել ՀՀ զինված ուժերի բոլոր պաշտոնները բոլոր տեսակի զորքերում։
Արման Թաթոյանն ընդգծում է՝ պետք է օր առաջ հասկանալ օրենսդրական բացերը, կին զինծառայողներ իրավունքների խախտումների վերաբերյալ վաղ նախազգուշացման ցուցիչներ մշակել, կին զինծառայողների միավորումներ ստեղծել ու դրանց գործունեությանն աջակցել։
Մարդու իրավունքների պաշտպանի այս խնդրի կարգավորման հետ կապված առաջարկներին, ինչպես նաև զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1870