Արման Թաթոյան. «Արցախի դեմ կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ»

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հաղորդմամբ, ձեռք են բերվել և  հրապարակվել  օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ:

 

 

Մասնավորապես  հրապարակվել են տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Ավելի ուշ եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին:

 

 

Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը.

 

1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,

2) այն պարունակում է քիմիական տարրեր,

3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ,

4)այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,

5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ),

6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

 

 

Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով: Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության, – գրել է  Արման Թաթոյանը իր ֆեյբուքյան էջում:

 

 

Ի՞նչ հետևանքներ կարող է թողնել սպիտակ ֆոսֆորը

 

 

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նույնպես հայտնել է, որ  հանրապետության  տարածքում հայտնվել է ադրբեջանական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ ։ Ըստ ուսումնասիրության, այն այրող կասետային զենք է, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։

 

 

«Այսօր պարզ դարձավ, որ կա զինատեսակ, հայտնաբերել են սակրավորները զինատեսակ, որը հայտնի չէ, և նախկինում չենք էլ տեսել։ Մոտ 40 սանտիմետր երկարություն ունի, և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն զանգվածային ոչնչացման և հրդեհելու համար է որևէ վայր։ Դա կարող է լինել անտառ, դա կարող է լինել քաղաք, ինչ-որ թաղամաս», – «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

 

 

Այս պահին Արցախի տարբեր շրջանների անտառները այրվում են։ Արցախի արտակարգ իրավիճակների գերատեսչությունում ենթադրում են, որ հենց այդ զինատեսակից է հրդեհ բռընկվել։

 

 

Օրեր առաջ Պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ հակամարտության գոտում Ադրբեջանը ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է կիրառել։

 

 

Մարդու համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սպիտակ ֆոսֆորի կիրառումը. «Բավականին ագրեսիվ քիմիական նյութ է։ Այն, որ ինքը անմիջապես մաշկի հետ շփվելիս առաջացնում է տեղային վնասվածք, այրվածք, նա կարող է նաև ընդհանուր պաթոլոգիա առաջացնել։ Այսինքն՝ շնչառական ուղիներով, քթով, լորձաթաղանթներով ներծծվում է արյան մեջ, ցիրկուլյացիայի է ենթարկվում արյան միջոցով և առաջացնում է բազմաթիվ պաթոլոգիական վիճակներ։ Ֆոսֆորով թունավորումը կարող է բերել մահվան։ Ըստ միջազգային ստանդարտների, 0,05 միլիգրամից մինչև 0,15 միլիգրամ ֆոսֆորի ազդեցությունը մարդու վրա արդեն մահաբեր է», – բացատրում Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

 

 

Ֆոսֆորից այրվածքներ ստացած անձին բժշկական օգնություն ցուցաբերողը պետք է վերապատրաստված լինի, այլապես, ըստ Բաբայանի, վերջինս ևս կարող է այրվածք ստանալ․ – «Մի քանի պատուհան ունենք՝ մաշկ, լորձաթաղանթներ, որի միջոցով ֆոսֆորը կարող է ընկնել դիմացի մարդուն, որը կոնտակտ է ունենում հիվանդի հետ, և նա նույնպես թունավորվի։ Հետևապես պետք է հատուկ արտահագուստ ունենալ, կրեն ակնոցներ, ռեսպիրատորներ»։

 

 

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն էլ Արցախի էկոլոգիական վիճակի վերաբերյալ տարիներ շարունակ հետազոտություններ է իրականացրել։ Կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանն ասում է, որ անթույլատրելի զենքերի կիրառումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ․ – «Արցախը աշխարհի մակարդակով էն ունիկալ տարածքներից է, որտեղ բնական լանդշաֆտները դեռ առկա են, և այս բոլոր տեսակի զենքերի կիրառությունը և ռազմական գործողությունները իրենց անդառնալի հետքը կթողնեն նաև այդ կուսական լանդշաֆտների վրա։ Տեսանյութում երևում է, որ այրվում են անտառներ, լանդշաֆտներ, այսինքն՝ վերանում է կենսաբազմազանությունը»։

 

 

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի հայտարարությունը՝ հայտարարելով, թե իրենց սպառազինության մեջ սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ չկան։ Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։

 

 

 

Դիտումների քանակը` 1531

Գլխավոր էջ