Տարեցների միջազգային օր. «Դեպի տարիքային հավասարություն»

 

Աշխարհում այսօր գրեթե 700 միլիոն մարդ 60 տարեկանից բարձր է: Մինչև 2050 թվականը 2 միլիարդ մարդ` աշխարհի բնակչության ավելի քան 20 տոկոսը, կդառնա 60 տարեկան և ավելի: Տարեցների թվի աճը կլինի ամենամեծը և ամենաարագը զարգացող աշխարհում. Հաշվի առնելով այդ` ակնհայտորեն անհրաժեշտ է  առանձնահատուկ ուշադրություն դարձնել տարեց մարդկանց  կարիքներին և մարտահրավերներին, որոնց նրանք բախվում են: Այնուամենայնիվ, նույնքան կարևոր է այն մեծ ներդրումը, որը տարեց տղամարդկանց և կանանց մեծամասնությունը կարող է ունենալ հասարակության գործունեության մեջ, եթե առկա են համապատասխան երաշխիքներ: Մարդու իրավունքներն այս առումով բոլոր ջանքերի հիմքում են ընկած:

 

Դեռ 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ը որոշում կայացրեց՝ հոկտեմբերի 1-ը նշել որպես Տարեց մարդկանց միջազգային օր։ Դրան նախորդել էր ծերացման խնդիրների վերաբերյալ գործողությունների Վիեննայի միջազգային պլանը, որն ընդունվել էր Ծերացման խնդիրներով համաշխարհային ասամբլեայի կողմից 1982 թվականին և ավելի ուշ հաստատվել էր ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կողմից։ 2002 թվականին Ծերացման խնդիրներով երկրորդ համաշխարհային համագումարն ընդունեց խնդրի վերաբերյալ Մադրիդի գործողությունների միջազգային նախագիծը՝  այդպիսով պատասխանելով 21-րդ դարում տարեց բնակչության  մարտահրավերներին, ինչպես նաև աջակցելու ողջ  հասարակության զարգացմանը՝ անկախ տարիքից։

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ՝ «Ոչ մեկին ետևում չթողնել» առաջնորդող սկզբունքով ապրելը պահանջում է հասկանալ, որ ժողովրդագրությունը կարևոր է կայուն զարգացման համար, և որ ազգաբնակչության դինամիկան ձևավորելու է զարգացման հիմնական մարտահրավերները, որոնց հետ բախվում է աշխարհը 21-րդ դարում: Եթե մեր հավակնությունն է «Կառուցենք ապագան, որը մենք ցանկանում ենք», ապա մենք պետք է դիմենք 60-ից բարձր բնակչությանը, որը մինչև 2030 թվականը նախատեսվում է հասնել 1,4 միլիարդի, նշում են ՄԱԿ-ի փորձագետները։

 

 

2019-ի թեման. «Դեպի տարիքային հավասարություն»

 

2030 թվականի համար հռչակված Կայուն զարգացման սկզբունքներին հասնելու համար անհրաժեշտ է, որ գործընթացում ներգրավված լինեն  բոլոր տարիքի մարդիկ։ Տարեցների միջազգային օրվա  2019 թվականի թեման համընկնում է Կայուն զարգացման նպատակ 10-ի (SDG 10) հետ և կենտրոնանում է առկա և ապագա անհավասարությունները կանխելու ուղիների վրա:  SDG 10-ը նախատեսում է «ապահովել հավասար հնարավորություններ և նվազեցնել անհավասարությունները» բոլորի համար,  ինչպես նաև «հզորացնել և խթանել բոլորի սոցիալական, տնտեսական և քաղաքական ներառումը, անկախ տարիքից, սեռից, հաշմանդամությունից, ռասայից, էթնիկությունից, ծագումից, կրոնից կամ տնտեսական կամ այլ կարգավիճակից »:

 

2030-ի օրակարգը և կայուն զարգացման նպատակները (SDG) ընդունում են, որ զարգացումը հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, եթե այն ներառի բոլոր տարիքները: Տարեց մարդկանց առաջխաղացումը զարգացման բոլոր հարթություններում, ներառյալ սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում նրանց ակտիվ մասնակցությունը խթանելը, նրանց ներառականությունն ապահովելու և անհավասարությունները նվազեցնելու միջոցներից մեկն է:

 

2019-ի  օրվա թեման նպատակ ունի.

 

  • Ուշադրություն հրավիրել ծերության անհավասարությունների առկայությանը , կարևորել դրա հետ կապված ռիսկերը

 

  • Իրազեկել հանրությանը`հաղթահարելու առկա և կանխելու ապագա ծերության անհավասարությունները:

 

  • Ապահովել ուսուցումը ողջ կյանքի ընթացքում, ակտիվ և հարմարվողական աշխատանքային քաղաքականությունը, սոցիալական պաշտպանություն և առողջության խնդիրների մասին  համընդհանուր լուսաբանումը:

 

  • Մտածել լավագույն փորձի, դասերի և առաջընթացի մասին ՝ տարիքի հետ կապված  անհավասարություններին վերջ տալու ճանապարհին և փոխել «ծերության» հետ կապված բացասական պատմությունները և կարծրատիպերը:

 

 

Հայաստանում տարեց մարդկանց թիվը բնակչության կազմում ավելանում է

 

Հայաստանի բնակչությունը բնութագրվում է ժողովրդագրական ծերացումով ու թվաքանակի նվազումով։ Դա պայմանավորված է ծնելիության նվազումով ու արտագաղթի բարձր տեմպերով։ Բացի այդ աճում է կայնքի տևողությունը, ինչն ինքնին դրական գործոն է համարվում, սակայն նոր մոտեցումներ  է պահանջում տարեցների նկատմամբ  քաղաքականության առումով …

 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ  2017թ. կանանց կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից կազմել է 78.7 տարի, ինչը շատ ավելի երկար է, քան 1958թ.-ին, երբ կյանքի միջին տևողությունը կազմել էր 70 տարի, կամ 1970թ.-ին՝ երբ այն 75 տարի էր: Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2017թ.-ին կազմել է 71.9 տարի, 1958թ.-ի 67 և 1970թ.-ի՝ 70 տարվա համեմատ։

 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների` եթե հասարակության մեջ ծեր մարդկանց  թիվն անցնում է ընդհանուր բնակչության 7 տոկոսը, երկիրը ծերացող է, իսկ մեզ մոտ տարեցների թիվը բնակչության կազմում 13 տոկոս է։  Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումների, 2050 թ.-ին Հայաստանում 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության մոտ 22%-ը, իսկ 60-ից բարձր տարիք ունեցողները՝ գրեթե բնակչության մեկ երրորդը:  Եվ խնդիրն այս պարագայում կայանում է նրանում , թե ինչպես ապահովել  առողջ և արժանապատիվ ծերության իրավունքը  այդ մարդկանց համար՝ չանտեսելով նաև նրանց ներուժը երկրի զարգացման գործընթացներում…

 

Տարեցների միջազգային օրն առիթ է հանդիսանում մտորելու այս խնդիրների շուրջ…

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1186

Գլխավոր էջ