Օֆելյա Ռևազյան. «Տղամարդկանց կողքին նաև կնոջ ձեռք է պետք. արարող, ստեղծող, գեղեցկացնող ձեռք…»

Առաջիկայում  Սարիգյուղում կայանալիք ՏԻՄ ընտրություններին  մասնակիցներից է Օֆելյա Ռևազյանը, ով  այստեղ որպես ավագանու թեկնածու առաջադրված երեք կանանցից  մեկն  է:  Օֆելյան արդեն 21 տարի աշխատում է Իջևանի զինկոմիսարիատում: Ամուսնու՝ ազատամարտիկ Համլետ Աթաբեկյանի զոհվելուց հետո, ստիպված էր իր ուսերին վերցնել ընտանիքի ողջ հոգսը և մոտ 2, 10 և 12 տարեկան երեք զավակներին միայնակ խնամել…

 

 

 

-Այդ ժամանակ 30 տարեկան էի, երբեք ոչ մի տեղ չէի աշխատել, ամուսինս հոգում էր ընտանեկան բոլոր հարցերը, իսկ ես զբաղվում էի մեր երեխաների դաստիարակությամբ: Նրան կորցնելուց հետո, ես հայտնվեցի գրեթե անելանելի իրավիճակում: Շատ դժվար էր, թեև ծնողներս կողքիս էին, բայց զգում էի, որ պետք է ուժեղ լինեի ինքս: Այն ժամանակվա զինկոմը, որ ամուսնուս շատ էր հարգում և գնահատում, ինձ աշխատանք առաջարկեց զինկոմիսարիատում: Ես չէի ուզում ընդունել աշխատանքի առաջարկը, խուսափում էի տղամարդկանց միջավայրում աշխատելուց, բայց հայրս հորդորեց  գնալ, աշխատանքի անցնել, ասելով, որ անհանգստանալու կարիք չկա, աշխատանք է, ինչ կա որ: Այդպես, որոշեցի աշխատել: Հիշում եմ, առաջին անգամ, որ բարձրացա զինկոմի մոտ, շունչս կտրվում էր, հայացքներից կաշկանդվում էի, թեև, գրեթե բոլորը ճանաչում էին ինձ, գիտեին, որ Համլետի կինն եմ:  Նույնիսկ ամուսնուս բացակայության պարագայում, իր անունը այսպես ասած՝որպես անցաթուղթ է ծառայել, ճանապարհ է բացել ինձ համար,-իր դժվարությունն ու անցյալ դարձած մտավախություններն է կիսում Օֆելյա Ռևազյանը:

 

 

 

Օֆելյա Ռևազյանը ժամանակի ընթացքում կոփվել է, ամրացել բնավորությամբ, զինվել աշխատանքային հմտություններով ու գիտելիքներով:

 

 

 

-Սկզբում շատ դժվար էր: Մի բան, որ չէր ստացվում, կամ թերի էր լինում ու ինձ այդ մասին ասում էին, գալիս էի սենյակ ու սկսում էի երկար լաց լինել: Հիմա ամեն ինչ փոխվել է, հիմա տարբեր խնդիրների ու առաջացած հարցերի շուրջ կարող եմ ներկայացնել իմ տարբերակը, ինչու չէ, նաև՝ պայքարել, համոզել…

 

 

 

Սարիգյուղցի կանայք, հաճախ են հանդիպում հարևաններով, մտերիմներով: Ցավալի փաստ է, բայց  սահմանամերձ գյուղում զոհված ազատամարտիկների կանայք շատ են: Ամենօրյա զրույցների ժամանակ կանայք բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում ու մի օր էլ որոշեցին, որ այդ խնդիրներին պետք է անդրադառնալ, պետք է դրանք տեղ հասցնել, հասցնել ուղիղ հասցեատերերին, լծակներ գտնել դրանց լուծում տալու համար: Եվ այս ճանապարհին, առաջին կետերից մեկն ավագանու կազմում  իրենց ներկայացուցիչն ունենալն է: Հենց զոհված ազատամարտիկների կանայք էլ առաջարկել են, որ Օֆելյան առաջադրի իր թեկնածությունը. ստացվում է, որ նա իրենց դեսպանն է դառնալու ավագանու կազմում:

 

 

 

  Օֆելյա Ռևազյանը գիտակցում է իր որոշման լրջությունն ու կարևորությունը:

 

 

 

 

-Ավագանու կազմում պետք է ընտրվեն բանիմաց և հարգված մարդիկ: Կան հարցեր, որ կարող է ճիշտ չընկալվի, կամ ճիշտ վերլուծության չենթարկվի, բայց շատ կարևոր է, որ մարդը իր գործունեությամբ հարգանքի արժանի լինի, նրա խոսքն ու առաջարկություններն էլ հարգանք առաջացնեն: Եթե կա այդ վերաբերմունքը տվյալ անձի նկատմամբ, ուրեմն նրա առաջարկություններն ու բարձրացրած հարցերն էլ ուշադրության և հարգանքի կարժանանան: Իսկ կնոջ ներկայությունը ոչ թե կարևոր, այլ պարտադիր է ավագանու կազմում, որովհետև, ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ ՏԻՄ ղեկավար մարմիններում պետք է կնոջ և տղամարդու տեսանկյուններ լինեն  ու հաշվի առնվեն  ցանկացած հարցի շուրջ: Ես ուրախ եմ, որ մեր գյուղում 3 կին թեկնածու կա: Գուցե ընտրվելուց հետո կարողանանք վերջապես որոշումներ կայացնելու գործում կնոջ ձայնը լսելի և վճռորոշ դարձնել մի շարք կարևորագույն խնդիրներ լուծելու  համար: Տասնամյակներ առաջ հայ կնոջ տեղը միայն տունն էր, բայց ժամանակները ցույց են տալիս, որ հայ կինն ինչքան էլ զբաղված լինի տանը, հոգսաշատ, միևնույնն է, եթե նպատակ ունի և ցանկություն, ամեն ինչ կարող է ոչ միայն շատ լավ անել, այլև ավելի ճիշտ, գեղեցիկ ու կազմակերպված, տեղին ու ժամանակին: Էլի ի՞նչ է պետք գործի հաջողության համար:

 

 

 

 

Օֆելյա Ռևազյանը հատուկ նախընտրական ծրագիր չի գրել, բայց գյուղի առաջնային հարցերի ցուցակը գրված է իր գաղափարական մոտեցումների մտապատկերում.

 

 

 

 

-Առաջնային խնդիրը գյուղում ջրի հարցն է, բայց դրան զուգահեռ պետք է մտածել տարբեր ոլորտների զարգացման մասին, մշակույթը պետք է կարևորել և գյուղում ստեղծել այնպիսի միջավայր, որ եթե երեխան որևէ հետաքրքրություն ունի, կամ տաղանդավոր է, հնարավորություն լինի այն  բացահայտելու ու  զարգացնելու համար. Սա շատ  կարևոր է մեր ժողովրդի համար:

 

 

 

Ասում է,  նախկինում արտագնա աշխատանքի հոսքը գյուղից՝ ավելի մեծ էր, հիմա, կարծես պակասելու միտում կա, պետք է մտածել գյուղացուն գյուղում պահելու, ինչ-որ ձևով հողին կապելու մասին…

 

 

 

 

-Թեև, ես կարծում եմ, որ, եթե մարդը ցանկություն ունի, կմնա գյուղում: Ճիշտ է, հաճախ աշխատանքը ըստ պատշաճի չի վարձատրվում մեր երկրում, բայց մարդը, եթե ցանկանում է, ստեղծում է, գտնում է ճանապարհներ:

 

 

 

Օֆելյա Ռևազյանն ազգային ավանդույթները բարձր է գնահատում, բայց հորդորում է՝ դրանք չպետք է շփոթել հետադիմական խավարամտության հետ.

 

 

 

-Մեր ընտանիքում էլ ավանդապահություն կա, ամուսնուցս է փոխանցվել որդիներիս: Բայց ես հարսներիս ուզում եմ տեսնել լիդերի դերում, խրախուսում եմ, աջակցում, որ ազատ և առաջադիմական մտածելակերպը առաջնային տեղ գրավի մեր տանը: Ես տեսել եմ կնոջ փակ ապրելու արդյունքում առաջ եկող դժվարությունը, երբ ես փաստի առաջ կանգնեցի՝ մենակ մնալով վշտիս և դժվարություններիս հետ:

 

 

 

Իրականում, կինը ավելի ռիսկով է, հզոր, աշխատասեր, ուզում է անպայման հասնել իր ուզածին և միշտ մի նոր ու լավ բան ստեղծել: Բայց  առանց տղամարդու շատ դժվար է: Ճիշտը փոխադարձ հարգանքի և համաձայնության արդյունքում է ծնվում, փոխհամաձայնության արդյունքում: Ես ավագանու կազմ եմ գալիս ոչ թե իշխելու, այլ առողջ փոխհամաձայնության արդյունքում մի լավ բան անելու գյուղիս համար…  16 տարեկանից  այստեղ եմ ապրում կյանքիս մեծ մասը, ուրեմն սա է իմ հարազատ գյուղը: Ուզում եմ, որ ընտրվենք, մենք, երեքս էլ /նկատի ունի առաջադրված 3 կին թեկնածուներին/ ու համատեղ ուժերով, ուս ուսի տված մի լավ գործ անենք Սարիգյուղի համար, ինչպես ընտանիքում, այնպես էլ համայնքում, քանի որ գյուղի կառավարման հարցում տղամարդկանց կողքին նաև կնոջ ձեռք է պետք, արարող, ստեղծող, գեղեցկացնող ձեռք….

 

 

Նարինե Մաթևոսյան

Դիտումների քանակը` 1412

Գլխավոր էջ