Տղամարդիկ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան ընտանեկան բռնության դեմ ուղղված պայքարում
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն այսօր հրապարակած զեկույցում ամփոփել է հոկտեմբերին Հայաստան կատարած այցը, արել է եզրակացություններ և մի շարք հանձնարարականներ է տվել Հայաստանի իշխանություններին, որոնց գրեթե կեսը վերաբերում են կանանց իրավունքներին եւ գենդերային հավասարությանը: Հանձնակատարի 172 կետանոց զեկույցից 80-ը նվիրված են Հայաստանում գենդերային անհավասարության խնդրին:
«Հայաստանի բնակչության կեսից ավելին կանայք են, և խիստ կարևոր է, որպեսզի նրանք լիարժեք մասնակցություն և ներդրում ունենան երկրի տնտեսական , սոցիալական, մշակութային և հասարակական կյանքին ՝ չհանդիպելով խոչընդոտների և խտրականության»,- նշված է զեկույցում:
Հանձնակատարը կոչ է անում հայաստանյան իշխանություններին ՝ խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունել:
Հանձնակատարը գտնում է , որ կյանքի չեն կոչվել գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագրում և «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրում» զետեղված բազմաթիվ լավ միջոցառումները և գաղափարկները:
Նիլս Մուժնիեկսը զեկույցում առանձին անդարդարձ է կատարել ընտանեկան բռնությանը: Հանձնակատարաը մտահոգված է, որ ընտանեկան բռնությունից տուժող կանայք դատական քննության փուլում երբեմն կրկնակի վիկտիմիզացիայի են ենթարկվում, անգամ անհարգալից վերաբերմունքի արժանանանում դատական ատյանների կողմից: «Ըստ երեւույթին քրեական հետապնդում իրականացվում է միայն ծանրագույն դեպքերում (սպանություն, ծեծ), մինչդեռ բռնության նվազ դեպքերին գրեթե երբեւէ չեն արձագանքում»:
Հանձնակատարը կոչ է անում Հայաստանի քաղաքական առաջնորդներին հստակ ուղերձ հղել այն մասին, որ կանանց նկատմամբ բռնությունը` ներառյալ ընտանեկան բռնությունը անընդունելի է և որեւէ պարագայում չի կարող արդարացվել:
Զեկույցում նշված է, որ հանրության իրազեկման բարձրացման ուղղությամբ եռանդուն ջանքեր պետք է գործադրվեն, այդ թվում` դպրոցներում: «Ընտանեկան բռնությունից տուժողները, ովքեր առավել հաճախ կանայք և երեխաներ են, պետք է պաշտպանվեն, այլ որ մեղադվրեն ընտանիքը կազմալուծելու մեջ»:
Հանձնակատարը իր եզրակացությունների մեջ նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդունել եւ արդյունավետորեն իրագործել ընտանեկան բռնության մասին հատուկ օրենք, որը կկարգավորի բռնության բոլոր ձեւերը եւ այս հիմնախնդրի հետ կապված տարբեր հարցերը` կանխարգելումը, քրեականացումը, քրեական հետապնդումը, տուժողների պաշտպանությունն ու աջակցությունը:
Հանձնակատարը ընդգծել է, որ ոստիկանները պետք է առավելագույն լրջությամբ վերաբերվեն ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքներին: «Պետք է ավելացնել այս ոլորտին ներգրավված կին ոստիկանների թիվը»
Նիլս Մուժնիեկսը նաեւ անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության զբաղվող հասարակական կազմակերպությունների նկատմամբ արձանագրված ճնշումներին, որոնք հատկապես ծայրահեղական դրսևորումներ էին ստացել 2013 թվականին: «Իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ սպառնալիքները եւ հարձակումները պետք է արդյունավետորեն քննել եւ համարժեքորեն պատժել` նպատակ հետապնդելով բացառել դրանց կրկնությունը»:
Զեկույցի վերջում հանձնակատարն առանձնացրել է ևս մեկ կարեւոր հանգամանք. «Կանանց իրավունքներին առնչվող խնդիրները վերաբերում են ողջ հասարակությանը: Տղամարդիկ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան և լիովին ներգրավված լինեն ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին ուղղված ջանքերին»:
Զեկույցն ամբողջությամբ կադրացեք այստեղ:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 3450