Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

Կարծում եմ,  կուսակցությունում կան բավական թվով մարդիկ, ովքեր իսկապես համարում են, որ կանանց մասնակցության  խնդրում մենք պետք է  առաջընթաց ունենանք  ու   չէին ուզենա, որ Ընտրական նոր օրենսգրքի դրույթները  ինչ-որ  կերպ դժվարացնեին կանանց մուտքը խորհրդարան: Այս մասին  WomeNet.am-ի  հետ զրույցում  ասաց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով  Ընտրական օրենսգրքով  նախատեսված կանանց աջակցող քվոտայի բարձրացման հնարավորությունը:

 

«Հիշենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով  ՀՀԿ խմբակցության կազմում ինը կին պատգամավոր կար, իսկ այսօր՝ Արփինե Հովհաննիսյանի Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, նրանց թիվը 8-ն է: Այսինքն՝ Հանրապետականը նախորդ ընտրությունների գործընթացում հավատարիմ մնաց  իր  հանձնառությանը կանանց ներկայությունն ընդլայնելու քաղաքականություն իրականացնելու առումով և ես կարծում եմ, ու նաև վստահ եմ, որ դա շարունակական է լինելու: Դա կարտահայտվի և Ընտրական  օրենսգրքի  նախագծի վերջնական տեսքի բերելու քննարկումների ընթացքում, նաև  այս տարի տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններում և հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններում էլ ականատեսը կլինենք, որ այդ հանձնառությունը ՀՀԿ համար անկեղծ է և մենք իսկապես համարում ենք, որ  կանանց մասնակցությունը քաղաքական տարբեր մակարդակներում շատ կարևոր է:

 

Ինչ վերաբերում է Ընտրական նոր օրենսգրքի դրույթներին, մենք իսկապես չէին ուզենա, որ դրանք ինչ-որ  կերպ խոչընդոտեին կանանց ավելի էական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: ՀՀԿ Կանանց խորհրդի նախաձեռնությամբ  մենք անպայման հանդիպելու և քննարկելու ենք այդ հարցը կանանց խնդիրներով զբաղվող  մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, քանի որ համարում ենք, որ Ընտրական օրենսգրքով սահմանվող  կանանց համամասնությունը կուսակացությունների ցուցակներում  ընտրությունից ընտրություն  պետք է բարձրացվի՝ դրանով իսկ    ստեղծելով  արդարացի և հավասար հնարավորություններ քաղաքական որոշումների կայացման գործընթացում  կանանց ներգրավելու համար: Ուստի մենք կաջակցենք  ցուցակներում կանանց ու տղամարդկանց   30/70  համամասնություն ամրագրելու առաջարկին,    ինչպես նաև կողմ ենք,  որ ինքնաբացարկի  դիմած կնոջ փոխարեն խորհրդարան պետք է գա ցուցակով հաջորդ կին թեկնածուն», – ասաց  Հերմինե Նաղդալյանը:

 

Լուսանակարը՝ «Հավասար» քարոզարշավի ցուցահանդեսից 

Դիտումների քանակը` 4145

Գլխավոր էջ