Դատարանը մերժեց մոր բողոքը. «Ցավում եմ, որ երեխաս դեռ նրանց մոտ է…»

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը որոշեց մերժել Նարինե Նիկողոսյանի բողոքն ընդդեմ քննիչի կայացրած որոշման, որով «երեխային ծնողից հեռացնելու» հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել էր:

 

Քրեական գործը հարուցվել էր Նարինեի տված հաղորդման հիման վրա. մայրը պնդում է, որ երեխային գողացել են իրենից՝ կեղծելով փաստաթղթերը: Քննչական բաժնում ամիսներ տեւած քրեական գործի քննությունն ապարդյուն էր անցել.գործը կարճվել էր: Երիտասարդ մայրը կարճման որոշումը բողոքարկեց դատական կարգով եւ այսօր մերժվեց նաեւ դատարանի կողմից:

 

«Ես սպասում էի, որ գոնե դատարանը արդար ձեւով կդատեր, գոնե փորձաքննություն կնշանակեր  ու կապացուցվեր, որ Էդիսոն Ադյանը իմ երեխայի հայրը չէ: Բայց էլի կողմնապահություն եղավ, արդարություն չկա»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց Նարինե Նիկողոսյանը:

 

Երիտասարդ մայրը, սակայն, այսքանով չի պատրաստվում հանձնվել. Լեւոն Ավետիսյանի կայացրած որոշումը պետք է բողոքարկի Վերաքննիչ դատարանում: «Իմ երեխային հաստատ չեմ թողնելու հանցագործների ձեռքում, ցավում եմ, որ իմ երեխան նրանց մոտ է այժմ, բայց ես հետ կվերադարձնեմ նրան»:

Նարինեի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «WomenNet.am»-ին հայտնեց, որ դեռեւս չի կարող գնահատական տալ դատարանի կայացրած որոշմանը, քանի դեռ այն չեն ստացել. «Որոշումը դեռեւս պատրաստ չէ, երբ մեր ձեռքում լինի, այն ժամանակ կմեկնաբանենք»:

 

Փաստաբանը,այնուամենայնիվ, նկատել է, որ դատավոր Լեւոն Ավետիսյանն ի սկզբանե նախատրամադրվածություն ուներ այս գործի հանդեպ, որը նույնիսկ չէր էլ փորձում թաքցնել դատավարության ընթացքում: «Ոչ միայն դատարանը, այլեւ բոլոր մարմինները, ուր մտնում է այս գործը, նախատրամադրվածություն լինում է»,- նշում է Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար դատարանի որոշումը զարմանալի էր: «Որքան էլ մենք տեղյակ ենք, որ մեր երկրում արդարադատությունը չի գործում,այնուամենայնիվ, մեզ համար շատ զարմանալի էր այս որոշումը, որովհետեւ ակնհայտորեն տեղի էին ունեցել խախտումներ քննիչի կողմից: Մենք կարծում էինք, որ գոնե այս փուլում Նարինեի բողոքը կբավարարվի»:

 

Աննան այսօրվա դատական նիստից այն տպավորությունն է ստացել, որ դատավարության մյուս կողմը նախօրոք տեղյակ էր, թե դատարանը ինչ որոշում էր կայացնելու: «Նախքան որոշումը հրապարակելը բավականին ինքնավստահ կեցվածք ունեին, նույնիսկ ուշադրությամբ չէին լսում, քթի տակ էլ ծիծաղում էին երեխայից զրկված մոր վրա…»,-պատմում է Աննա Նիկողոսյանը:

 

Նարինեի շահերը ներկայացնող «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի անդամները այն կարծիքին են, որ դատարանը կողմնակալ եւ ապօրինի որոշում է կայացրել: «Մենք շարունակելու ենք աջակցել Նարինե Նիկողոսյանին, որպեսզի նա հասնի արդարության»,- ասում է Աննա Նիկողոսյանը:

 

Կազմակերպությունն այսօր հանդես եկել հայտարարությամբ, որով դատապարտել է դատավոր Լեւոն Ավետիսյանի կայացրած որոշումն ու դատաքննության ընթացքում ցուցաբերած վարքագիծը:

 

Արման Ղարիբյան

Լուսանկարները՝ հեղինակի

Դիտումների քանակը` 3981

Գլխավոր էջ