«Վերադարձրեք երեխային»՝ պահանջ ՀՀ գլխավոր դատախազությանը

  Նարինե Նիկողոսյանը փոքրիկ պաստառ էր պահում իր ձեռքում, վրան գրված «Մի թողեք երեխայիս հանցագործների մոտ»։ Երիտասարդ մայրը իրեն աջակցող ակտիվիստների հետ եկել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերադարձնել իր մանկահասակ երեխային։

 

«Պայքարելու եմ մինչեւ վերջ, ինչ սուտ ուզում է, թող խոսի Էդիսոն Ադյանը, ես հավատում եմ, որ արդարությունը կհաղթի եւ երեխաս կվերադառնա ինձ մոտ»,- «Womennet.am»-ի հետ զրույցում ասաց Նարինեն։

Հիշեցնենք, որ երեկ Էդիսոն Ադյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարել էր, թե իբր ինքը սեռական կապի մեջ է եղել Նարինեի հետ եւ հանդիսանում է երեխայի հայրը։ «Ես այդ մարդուն առաջին անգամ տեսել եմ, երբ արդեն 6,5 ամսեկան հղի էի, մեր մեջ երբեք սեռական հարաբերություններ չեն եղել, անհնար է, որ նա լինի երեխայի հայրը, նա դա հիանալի գիտի եւ լկտիաբար ստում է»,- վստահեցնում է Նարինեն։

 

Էդիսոն Ադյանը, սակայն, արդեն հայտարարել է, որ եթե անգամ ինքը չէ երեխայի կենսաբանական հայրը, այնուամենայնիվ, շարունակելու է երեխային իր մոտ պահել։ «Մենք միշտ պահանջել ենք ԴՆԹ թեստ անցկացնել, որը կապացուցի, որ Էդիսոն Ադյանը երեխայի հայրը չէ։ Վերջինս միշտ հրաժարվում է։ Հիմա, երբ հասկանում է, որ գուցե ստիպված է լինելու հանձնել թեստը, սկսել է շրջանառել այն վարկածը, թե գուցե ինքը չէ կենսաբանական հայրը։ Ակնհայտ է, որ նա վախենում է ճշմարտության բացահայտումից եւ փորձում է հանրության աչքում հանդես գալ որպես հոգատար անձնավորություն»,- ասում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը։

 

ՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սոնա Հովակիմյանը, «Womennet.am»-ին տված հարցազրույցում նշեց , որ դատաքննության ընթացքում գործը վերահսկող դատախազը ակնհայտ կողմնակալությամբ է աչքի ընկնում։ «Դատախազն այնպիսի հայտարարություններ է անում, որոնցից պարզ է դառնում, որ ինքը պաշտպանում է Էդիսոն Ադյանին։ Հենց այդ կողմնակալ վերաբերմունքով է պայմանավորված նաեւ այն, որ հանցագործությունը չի բացահայտվել մինչ օրս»։

 

Ակտիվիստները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում են արդարություն եւ իրական վերահսկողություն գործի նկատմամբ։

 

Նշենք, որ բողոքի ակցիային հետեւում էին երկու տղամարդիկ, որոնք ավելի ուշ մոտեցան մեզ եւ ներկայացան որպես Էդիսոն Ադյանի համագյուղացի հարեւաններ։ Նրանք պատմեցին, որ Ադյանն ու իր կինը տարիներ առաջ երեխա են ունեցել, ով ամիսներ անց մահացել է, եւ դրանից հետո Ադյանները չեն կարողացել այլեւս երեխա ունենալ։ Փաստորեն, Նարինե Նիկողոսյանի անօգնական վիճակը հարմար առիթ է ստեղծել նրանց համար։ Այժմ արդեն տարեց ամուսինները կապվել են փոքրիկի հետ եւ չեն ցանկանում վերադարձնել նրան։ Էդիսոն Ադյանի հարեւանների խոսքից պարզ դարձավ, որ Ադյանը ցանկանում է գործարք առաջարկել երեխայի մորը՝ ապահովել երեխային ամեն ինչով, թույլ տալ Նարինեին տեսակցել նրան։ Փոխարենը Ադյանը ցանկանում է, որ Նարինեն չպահանջի քրեական պատասխանատվության ենթարկել իրեն։ Նարինեն, սակայն, պնդում է, որ Ադյանները հանցագործ են եւ ցանկանում է իր երեխային ինքնուրույն մեծացնել՝ նրան հեռացնելով հանցագործների ընտանիքից։

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք  թեմայի շուրջ մեր կայքում.

 

Երեխայի «հայրը» չի ցանկանում գենետիկական փորձաքննություն անցնել

 

«Ոչ միայն Նարինեին են մայրությունից զրկել, այլեւ փոքրիկին՝ մանկությունից»

 

 

Դիտումների քանակը` 3333

Գլխավոր էջ