Երեխայի «հայրը» չի ցանկանում գենետիկական փորձաքննություն անցնել

 35-ամյա Նարինե Նիկողոսյանը, ում երեխային ծնվելուց երեք օր անց պարզապես փախցրել են, փորձում է դատարանով վերադարձնել իր փոքրիկին :  Նարինեի երեխան այժմ ապրում է Արցախում՝ տարեց մարդկանց խնամակալության ներքո: Էդիսոն Ադյանը, ով ըստ փաստաթղթերի, փոքրիկի հայրն է, իրականում երեխայի կենսաբանական հայրը չէ՝ պնդում է մայրը… Դատավարության մանրամասներին անդրադառնում է Արման Ղարիբյանը: . 

 

«Ես մոտ 2 տարի չեմ տեսել երեխայիս, խնդրել եմ, որ գոնե նկարը ցույց տա, բայց դա էլ չի արել…Ինձ առաջարկել է 6000 դոլար երեխայից հրաժարվելու համար, բայց ես չեմ համաձայնել»,- Նարինե Նիկողոսյանը երեկ բացատրություն էր տալիս դատարանում:

 

Երիտասարդ մայրը շարունակում է պնդել, որ Էդիսոն Ադյանն իր երեխայի հայրը չէ, որ իր երեխային առանց իր համաձայնության գողացել են իրենից: Իսկ Ադյանը պնդում է, թե երեխային վերցրել է Նարինեի համաձայնությամբ:

 

Դատավոր Ավետիսյանը Նարինեին հարցրեց, թե ինչու է երեխայի առեւանգումից մոտ 6 ամիս անց դիմել ոստիկանություն. «Ես վախենում էի իրենցից, ինձ սպառնում էին, ասում էին՝ մենք նենց կանենք, որ ոստիկանություն քեզ չի օգնի: Հետո փաստաբան ունեցա եւ համարձակվեցի»:

 

Ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել «երեխային ծնողից հեռացնելու» հոդվածով, սակայն որեւէ մեկին մեղադրանք չէր առաջադրվել եւ գործի վարույթը կարճվել է: Նարինեն կարճման որոշումն այժմ բողոքարկում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 

Դատական նիստի ընթացքում Նարինեի շահերը ներկայացնող փաստաբանները փաստարկներ ներկայացրեցին, որոնք հիմնավորում են, որ սույն գործով քննիչը չի կատարել համակողմանի եւ օբյեկտիվ քննություն:

 

«Քննիչը ստացել է բջջային հեռախոսահամարները սպասարկող ալեհավաքների արձանագրությունները, որոնք ապացուցում են, որ Նարինե Նիկողոսյանի բոլոր ցուցմունքները ճշմարտացի են, սակայն այդուհանդերձ, քննիչը առավել հավաստի է համարել Էդիսոն Ադյանի ցուցմունքը, ով նույնիսկ հրաժարվում է գենետիկական փորձաքննություն անցնել»,- հայտարարեց փաստաբան Անի Թորոսյանը:

 

Փաստաբանի խոսքով՝ քննիչը թույլ չի տվել առերես հարցաքնության ժամանակ հարցեր ուղղել Էդիսն Ադյանին, բավարար միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի հայտնաբերի եւ հարցաքննի բժիշկ Հրատչ Գալուստյանին, ում Նարինեն մեղադրում է երեխան իրենից խլելու մեջ:

 

Սույն քրեական գործում մեկ այլ կարեւոր հանգամանք եւս «վրիպել է» քննիչի ուշադրությունից: Երեխան երկու ծննդյան վկայական ունի, որոնցից մեկը կեղծ է: Երկու վկայականներն էլ գրվել են ՔԿԱԳ-ի աշխատակից Իննա Շահնազարյանի ձեռքով. դա ապացացուցվել է դատաձեռագրաբանական փորձաքննությամբ:

 

«Քննիչը, սակայն, չի հարցաքննել Իննա Շահնազարյանին, որպեսզի պարզի, թե վերջինս ում պատվերով է կեղծիք կատարել»,- ընդգծում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

Նախաքննության ընթացքում Նարինե Նիկողոսյանը քննիչին հայտնել է երեխայի իրական հոր անունը, վերջինս եւս հարցաքննվել է: Սակայն Էդիսոն Ադյանը շարունակում է պնդել, թե ինքն է երեխայի կենսաբանական հայրը:

 

Երեկ դատավոր Ավետիսյանը Էդիսոն Ադյանին հարցրեց, թե ինչու նա չի ցանկանում անցնել գենետիկական փորձաքննություն եւ ապացուցել, որ երեխայի հայրն է: «Երեխան դեռ փոքր ա, ես չեմ թողնի, որ փորձաքննություն անցնի, թող մեծանա, կանցնի»,- սա էր Ադյանի բացատրությունը: «Եկեք քարը Ձեր փեշից թափ տվեք եւ գնացեք փորձաքննության»,- հորդորեց դատավորը: Ադյանը, սակայն, չհամաձայնեց:

 

Դատավորը նաեւ հետաքրքրվեց, թե ինչու է Էդիսոն Ադյանը փորձել Նարինե Նիկողոսյանին զրկել մայրական իրավունքներից. «Եթե ասում եք, որ նա համաձայնել էր երեխան տալ Ձեզ, ինչո՞ւ էիք դիմում դատարան, որ նրան զրկեիք մայրական իրավունքներից: Ուզում էիք եւս մեկ հարված հասցնե՞լ Ձեր երեխայի մորը»,- հարցրն այսպես ձեւակերպեց դատավորը: «Ես եմ տենց ուզել, որ նոտարի տված թուղթը հաստատվի դատարանով…Էդ իմ ուզելով ա եղել»,- ասաց Էդիսոն Ադյանը:

 

Վերջինս հայտարարեց, թե Նարինեն իրենից 25000 ԱՄՆ դոլար է պահանջել երեխային հրաժարվելու համար: Իսկ Նարինեն պնդում է, որ Ադյանի տված բոլոր բացատրությունները չեն համապատասխանում իրականությանը: «Ես դատարանին խնդրում եմ, որպեսզի գենետիկական փորձաքննություն անցկացվի եւ ապացուցվի, որ նա լկտիաբար ստում է»,- հայտարարեց Նարինեն:

 

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 23-ը: Հաջորդ նիստը նշանակված է ժամը 10:30-ին:

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

«Վերադարձրեք երեխային»՝ պահանջ ՀՀ գլխավոր դատախազությանը

 

«Ոչ միայն Նարինեին են մայրությունից զրկել, այլեւ փոքրիկին՝ մանկությունից»

 

Դիտումների քանակը` 3546

Գլխավոր էջ