Նարինե Խաչատուրյանն ազատվել է  ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) ազատվել է    կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից, որը  զբաղեցնում էր  2019 թվականի հունիսից։

 

Հիշեցնենք, որ մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերին, Նարինե Խաչատուրյանն ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, այնուհետև 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում դարձել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Մոտ 5 ամիս անց ՝2019 թվականի մայիսի 31-ին,  նա պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց, իսկ այնուհետեւ նշանակվեց մշակույթի փոխնախարար։ 

 

Նախարարությունում  Խաչատուրյանը ,  մասնավորապես, պատասխանատու էր թանգարանային ոլորտի համար: Դեռևս 2020 թվականի նոյեմբերին լրատվամիջոցներում հայտնվել էին նրա հրաժարականի մասին լուրերը, որոնք ինքն  ավելի ուշ մասամբ հաստատել էր։ Նրա պարզաբանմամբ,  իրոք  պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն մի քանի գործեր կան Արցախի մշակութային ժառանգության պահապանման հետ կապված և դրանք ավարտելու դեպքում կորոշի իր անելիքը։

 

«Անկեղծ ասած, ես ասել եմ, որ պատրաստվում եմ հեռանալ, բայց իմ գործընկերների, նաև մյուս փոխնախարարների հետ զրույցներում հասկացել եմ, որ այս պահին շատ գործեր ունենք անելու, ուղղակի չենք կարող կառույցն անդամահատել։ Իսկապես շատ գործ կա անելու, հատկապես հիմա։ Սակայն նախարարությունից հեռանալն իմ մտքում կա, նույնիսկ թղթի վրա կա, որևէ վայրկյանի այն կարող է հրապարակվել։ Բայց կրկնում եմ՝ մենք քննարկեցինք ու հասկացանք, որ այս պահին ճիշտ կլինի ուղղակի գործել, այդ թուղթը սեղանին դնելը միշտ էլ կա ու կա։ Հոգեբանորեն ես պատրաստ եմ դրան»,-   ասել է Նարինե Խաչատուրյանը։

 

 

Նշենք, որ պաշտոնից ազատվելու  նախօրեին փոխնախարարի մասնակցությամբ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Նկարիչների միությունում։ Ցուցահանդեսի ժամանակ, երբ լրագրողը փորձել է հարցազրույց վերցնել նրանից, մշակույթի ոլորտից մի կին էր մոտեցել և  հրապարակային ամոթանք տվել նրան՝ անվանելով «դավաճանների իշխանության ներկայացուցիչ» :

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կին քաղաքական գործիչների հրաժարականներ և պաշտոնանկություններ

Դիտումների քանակը` 1291

Գլխավոր էջ