Բիզնեսն ինձ օգնեց դուրս գալ պատերազմից հետո ստեղծված ճգնաժամից․ Նարինե Գրիգորյան
Նարինե Գրիգորյանն ապրում ու աշխատում է իր սիրելի քաղաքում՝ Ստեփանակերտում։ Արցախի գիտական կենտրոնի լաբորատորիայի վարիչն է, դասավանդում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։
2020 թվականի հունիսին մասնագիտությամբ քիմիկոս Նարինեն հիմնադրել է իր բիզնեսը՝ Grigoryan’s natural cosmetics-ը, որտեղ ներկայացված են նրբաքսուքներ, լոսյոններ և ոչ միայն։ WomenNet.am-ի հետ զրույցում Նարինե Գրիգորյանը պատմել է՝ ինչպես հոբբին բիզնես դարձավ և ինչպես բիզնեսն իրեն օգնեց հաղթահարել անհաղթահարելին՝ սթրեսն ու ճգնաժամը պատերազմից հետո։
Ամեն ինչ սկսվեց իմ մաշկի խնդիրներից
22 տարեկան էի, երբ ինձ մոտ առաջացան դեմքի մաշկի խնդիրներ, մգացումներ ու կնճռոտվածություն։ Տարբեր քսուքներ փորձեցի, նույնիսկ մանկական, բայց ոչ մի օգուտ։ Դիմեցի բժիշկների օգնությանը, բայց նրանք էլ չկարողացան ինձ օգնել։ Սկսեցի ինքս լուծումներ փնտրել, քսուքների պատրաստման փորձեր անել։
Ճիշտ է՝ մեկ-երկու անգամ չստացվեց, բայց հետո հաջողեցի։ Ոչ միայն ստացվեց, այլև դրական ազդեցությունը զգացի սեփական մաշկիս վրա։
Հոբբիից բիզնես կամ «որտեղ գնամ, տեսնեմ՝ Grigoryan’s»
2016 թվականն էր, դասավանդում էի դպրոցում։ Աշակերտներիս պատմեցի, որ նրբաքսուքներ եմ պատրաստում, որոնք ինքս եմ կիրառում, իմ ծանոթներն էլ են օգտվում, բայց սիրողական է։ Նրանցից մեկը՝ Անաստասիան, ասաց՝ ընկեր Գրիգորյան, ես պատկերացնում եմ, որ Դուք կունենաք Grigoryan’s production կամ Grigoryan`s natural cosmetics բրենդը, ու որտեղ գնամ, կտեսնեմ՝ Grigoryan’s: Ժպիտով ու լայն բացած աչքերով էր ասում, կարծես իրականում տեսնում էր։
Այնքան դրական էներգիա կար իր խոսքերի մեջ։ Բառացի չեմ հիշում՝ ինչ ասացի, բայց հիշում եմ իմ էմոցիաներն ու ոգեշնչվածությունը, թե՝ ինչու՞ ոչ, կարելի է փորձել։
Ընտանիքս ու մասնագիտությունս ինձ շատ են օգնում
Տանն առանձին անկյուն ունեմ, որտեղ պատրաստում եմ տեսականին։ Ճիշտ է՝ հիմա էլ բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովում եմ, բայց ուզում եմ ունենալ փոքրիկ լաբորատորիա։ Մենակ եմ պատրաստում, նախ՝ նրբություն է պահանջում, և հետո՝ իմ հայտնագործությունն է․ աշխատանքային փոքրիկ գաղտնիքները նույնիսկ ընտանիքի անդամների հետ չեմ կիսում։ Նրանք ինձ աջակցում են փաթեթավորման ու առաքման հարցերում։
Մինչ ամուսնանալս էլ ինձ օգնում էին ծնողներս։ Ժամանակ ու գումար չէին խնայում։ Շատ փորձեր եմ արել մինչև արդյունքի հասնելը, բայց իրենք միշտ հավատացել են ինձ։ Հիմա էլ հավատում են, որ ավելի մեծ հաջողություններ եմ ունենալու։
Արցախի գիտական կենտրոնում հետազոտություններ ենք իրականացնում տարբեր ուղղություններով, ինչը մեծապես օգնում է ինձ նաև բիզնեսում։ Վերջերս Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ համատեղ ուսումնասիրել ենք Հայաստանի և Արցախի տարածքում աճող դեղաբույսերը։ Առանձնացրել ենք նրանք, որոնք օժտված են հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով, ինչպես նաև պատրաստել սիներգիկ ազդեցություն ունեցող էքստրակտ՝ մի քանի դեղաբույսերի համախումբ, որն ուժեղ հակաբորբոքիչ ազդեցություն ունի։ Այդ էքստրակտը նույնպես կիրառում եմ իմ նրբաքսուքների ու լոսյոնների բաղադրության մեջ։
Առաջին հաճախորդները գործընկերներս էին
Ինչ նրբաքսուք պատրաստում էի, առաջինն ինձ վրա էի փորձարկում, հետո նոր տրամադրում հաճախորդին։ Նշանակություն չունի՝ ընտանիքի անդա՞մ էր, բարեկա՞մ, գործընկե՞ր, թե՞ անծանոթ մեկը։
Առաջին հաճախորդներս Արցախի գիտական կենտրոնի գործընկերներս էին, հետո արդեն շրջանակն ընդլայնվեց։ Սկսեցին պատվիրել ոչ միայն Ստեփանակերտից, այլև Արցախի տարբեր շրջաններից, Երևանից։ Հատկապես Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված տոնավաճառներից հետո Երևանից շատ պատվիրատուներ ունեմ։
Ամենակարևորն այն է, որ մարդիկ ժպիտով, դրական էմոցիայով են պատվիրում, ինչը ցույց է տալիս, որ իրենց դեմքի մաշկի վրա փոփոխությունը զգացել են, բրենդն էլ պահանջված ու սպասված է։ Պատվիրելուց որոշ ժամանակ անց էլ պարտադիր զանգով տեղեկացնում են արդյունքների մասին։ Ունենք նաև առաքման ծառայություն, բայց կան շատ հաճախորդներ, որոնք ուզում են, որ անձամբ ես մոտեցնեմ պատվերը, օրերով, նույնիսկ ամիսներով սպասում են, որ գամ Երևան, հանդիպենք ու իրենց նրբաքսուքը կամ լոսյոնը փոխանցեմ։
Առանց ամոթի կամ մտածելու՝ կողքից ի՞նչ կասեն
Երիտասարդացնող նրբաքսուքն օգտագործում են նաև 40-ն անց տղամարդիկ։ Մեծ սիրով են մոտենում ու վերցնում պատվերը, առանց ամոթի կամ մտածելու՝ կողքից ի՞նչ կասեն։ Հիմնականում օգտագործում են աչքերի շուրջ և ճակատային հատվածում, որտեղ կնճիռներն ավելի շատ են։ Այդ նրբաքսուքը լավ է պայքարում կնճիռների դեմ, բացի այդ՝ խոնավեցնում ու սնուցում է մաշկը։
Առանց կոնսերվանտների կամ «էն ուտելու կրեմներից չկա՞»
Փոքր տարիքից երազել եմ մարդկանց օգնել ինչ-որ խնդիրներ լուծել, ինչ-որ մեկին ուրախացնել, ժպիտ պարգևել։ Երևի հենց դա է ինձ ոգեշնչել, ուժ տվել, որ իմ ստեղծածը կիսեմ ուրիշների հետ, որ ավելի շատ մարդիկ առողջ մաշկ ունենան ու լինեն խնամված։
Իմ հաջողությունները կապում եմ մարդկանց դրականը տալու հետ։ Աղջիկները շատ ժամանակ չեն ուզում մոտիկից նայել իրենց դեմքին կամ հեռախոսում հատուկ էֆֆեկտներ են փնտրում, նոր նկարվում, որ սիրուն երևան, բայց իմ նրբաքսուքներն օգտագործելուց հետո այլևս նման խնդրի առաջ չեն կանգնում։ Արտադրանքը բնական հումքից է, կոնսերվանտներ չեմ օգտագործում։ Ուսանողներս, ովքեր արդեն իմ հաճախորդներն են, կատակում են, թե՝ էն ուտելու կրեմներից չկա՞։ Ասում եմ՝ կա։
Շուկայում առկա քսուքները, ի տարբերություն իմ պատրաստածների, պարունակում են կոնսերվանտներ, տարբեր քիմիական հավելումներ, որոնք փակում են ծակոտիները, մաշկի տակ կուտակումներ են առաջացնում։ Երիտասարդ մաշկը թուլացնում են ձևական խոնավություն ապահովելով, իսկ իրականում այդ քսուքներն են դեմքի մաշկից հանում խոնավությունը։
Լինում են, չէ՞, շենքեր, որոնք դրսից սիրուն են, բայց ներսից՝ ավերակ։ Այդ քսուքները նման աշխատանք են կատարում։ Օգտագործեցի՞ր այդ օրը, գեղեցիկ ես, չօգտագորրծեցի՞ր՝ վերջ, ահավոր վիճակ է։ Միգուցե դա էլ իրենց բիզնես նպատակն է։
Չեմ հավատում, որ այդ ամենը մեզ հետ է կատարվել
Պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվեցինք նկուղներ։ Կրակոցներն իրար հերթ չէին տալիս։ Ավտոմատի կրակոցի մասին չեմ ասում․ռումբեր էին պայթում, չգիտեմ էլ ինչեր, միայն ձայնից տան հատակը դղրդում էր, բայց նույնիսկ այդ վիճակում չէի ուզում գալ Երևան։ Մտածում էի՝ եթե ես գնամ, եղբայրս, ամուսինս կռվի դաշտում, իմ տունը, իմ ամեն ինչը, իմ հոգին։ Ծնողներս էլ էին դեմ գալուն։
Արդեն հոկտեմբերի կեսերին եղբայրս ու ամուսինս պարտադրեցին, որ դուրս գանք Ստեփանակերտից․ ահավոր իրավիճակ էր։ Հիմա, որ պատմում եմ, ինձ վատ երազ է թվում․ չեմ հավատում, որ այդ ամենը մեզ հետ է կատարվել։ Տեղափոխվեցինք Երևան, բայց հոգով այնտեղ էինք։
Թեև արդեն դպրոցում չէի դասավանդում, բայց կապն աշակերտներիս հետ կար։ Մեկս մյուսին ուժ էինք տալիս, հավատացնում, որ ամեն բան լավ կլինի։ Գրեթե բոլորը վերադարձել են Ստեփանակերտ։
Փորձում ենք ապրել, բայց այդ ապրելն էլ մեծ ցավ է մեզ պատճառում։ Իմ գործընկերների, ուսանողուհիների մեծ մասը հիմա միայն երեխաներ ունի․ տան տղամարդը չկա։ Մի ցավ է, որն ազգովի ենք ապրում․կորուստը բոլորինս է։
Մեր ստեղծածն ու մեր հաճախորդներն էին մեզ ուժ տալիս
Ինձ վրա պատերազմը շատ մեծ ազդեցություն թողեց։ Մինչ օրս սթրեսից դուրս չեմ եկել։ Իմ բիզնեսն է ինձ օգնել, որ կարողանամ քիչ թե շատ դուրս գալ այդ ճգնաժամային վիճակից։
Նոյեմբերի կեսերն էր, զանգ ստացա Հայկական բարեգործական ընդհանուր միությունից, ասացին՝ տոնավաճառ է լինելու, պետք է նրբաքսուքները ներկայացնեք։ Ընտրություն չթողեցին՝ հրաժարվելու կամ համաձայնելու, ասացին՝ պետք է։ Առաջին տոնավաճառը մեկնարկեց նոյեմբերի 15-ին։ Իմ հաճախորդները չէին․ նոր մարդիկ, նոր տեղանք։
Ով նրբաքսուք էր վերցնում, մի քանի օր հետո զանգում էր, պատմում արդյունքների մասին։ Մի օր էլ մի հոգեբան ինձանից լոսյոն և նրբաքսուք գնեց։ Որոշ ժամանակ անց հեռախոսազրույց ունեցանք, հարցրի՝ ինչպե՞ս ինձ վստահեցիք, Դուք ինձ չէիք ճանաչում, չգիտեիք, որ քիմիկոս եմ, չգիտեիք՝ ի՞նչ որակի ապրանք է, ասաց՝ պարզապես վստահել եմ, ինձ հավատ եք ներշնչել։ Այդ խոսքերն ինձ ուժ տվեցին շարունակելու այն, ինչ սկսել եմ։ Հասկացա, որ նշանակություն չունի՝ որտեղ եմ։ Եթե ունեմ բարձրորակ ապրանք, պատրաստում եմ սիրով ու գիտելիքների պաշարով, ամեն տեղ էլ իմ ապրանքը կճանաչվի ու կսիրվի։
Հիմա զարմանում եմ, երբ մտածում եմ՝ այդ իրավիճակում ինչպե՞ս ենք կարողացել գնալ տոնավաճառ ու առավոտից երեկո մնալ ոտքի վրա։ Չէինք էլ սովածանում։ Մեկս մյուսին ասում էինք՝ գնա՛, մի բան կե՛ր, բայց ոչինչ կուլ չէր գնում։
Մեր ստեղծածն ու մեր հաճախորդներն էին մեզ ուժ տալիս։ Մեկը գալիս էր, ասում՝ այս խնդիրն ունեմ, ու այնքան ոգևորված էր ներկայացնում, կարծես այլ խնդիր գոյություն չուներ։ Հատուկ էին անում, որ մեզ դուրս հանեն այդ իրավիճակից։ Հիմա եմ հասկանում՝ ինչքան ուժ են մեզ տվել՝ իրենց «ձևական» խնդիրները որպես առաջնահերթություն ներկայացնելով։
Պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք մեր ունեցածը պահել
Հիմա Արցախում շատ դժվար ժամանակներ են։ Այն հանգստությունը, որ կա, ինձ ավելի շատ վախ է ներշնչում, քան վստահություն․ անորոշ հանգստություն է։ Ամեն ակնթարթ սպասում եմ ինչ-որ վատ բանի։ Չեմ ուզում սպասել, անկախ ինձանից է ստացվում։
Երբեմն իրավիճակը ստիպում է մտածել հեռանալու մասին, բայց պետք է այնքան ուժեղ լինենք, որ դիմանանք, որ գոնե մեր ունեցածը՝ մեր տղաների արյան գնով պաշտպանած հողը կարողանանք պահպանել։ Սա մեր միակ խնդիրը պետք է լինի։
Ինչ վերաբերում է Grigoryan’s-ի առաջիկա պլաններին, շուտով ունենալու ենք կոմպլեքս յուղեր մազերի խնամքի համար, ինչպես նաև բնական շամպուններ, գլխամաշկի և դեմքի մաշկի համար նախատեսված օճառներ։
Արտադրանքն առաջիկայում ներկայացված կլինի դեղատներում և կոսմետիկայի խանութներում, քանի որ մաշկին տալիս է և՛ առողջություն, և՛ գեղեցկություն։
Մեր հիմնական նպատակն է մնալ բնականի մեջ․ ո՛չ մի քայլ դեպի քիմիական նյութեր։
Զրույցը՝ Աննա Կարապետյանի
Դիտումների քանակը` 1318