«Մայրերին աջակցելու գաղափարն իսկապես ողջունելի է, սակայն այս տեսքով ծրագիրն իր նպատակներին չի կարողանա ծառայել»

«Արդեն շատ վաղուց խորապես համոզված եմ, որ մենք լուրջ օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք` հատկապես աշխատող մայրերին հնարավորություն տալու միաժամանակ ընդգրկված լինել աշխատաշուկայում և պահպանել որոշակի բալանս իրենց աշխատանքի ու ընտանեկան կյանքի միջև, որպեսզի ժամանակ և էներգիա ունենան իրենց երեխաների կյանքում մասնակցություն ունենալու ու առհասարակ ի վիճակի լինեն մտածել հաջորդ երեխաներ ունենալու մասին: Սրա համար անհրաժեշտ են համալիր բարեփոխումներ, նախևառաջ՝ այս խնդիրների կարևորում և ընդգրկուն, ներկայացուցչական քննարկումների աշխատող կամ պոտենցիալ աշխատող մայերի, ինչպես նաև հայրերի հետ», – կարծում է  քաղաքացիական ակտիվիստ Տաթևիկ Դավթյանը, ով նախկինում աղմկահարույց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության  նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ պայքարի նախաձեռնողներից է եղել:  WomenNet.am-ը զրուցեց  նրա հետ,  այսպես կոչված «դայակ պետության հաշվին» ծրագրի շուրջ, որի մանրամասները  հրապարակվեցին  օրերս կառավարության  E-draft կայքում :  Նշենք, որ  իր տեսակետն այս ծրագրի մասին, նա հրապարակել էր սեփական նախաձեռնությամբ  ավելի վաղ՝ ծավալուն գրառում  կատարելով ֆեյսբուքյան իր էջում :   Եվ հենց այդ գրառումը առիթ հանդիսացավ մեր զրույցի համար , որն, ի դեպ, կայացավ  մինչ ծրագրի  մեխանիզմների հստակեցումը,   երբ  դեռևս պարզ չէր ինչպիսի սահմանափակումներ է այն ենթադրելու:

 

 

Հիշեցնենք, որ  տարեվերջին   ներկայացված «դայակ պետության հաշվին»  ծրագիրը    սկզբից մեծ ոգևորություն առաջացրեց կանանց շրջանում: Եվ իսկապես, այն գաղափարը, որ պետությունը պատրաստ է աջակցել մայրերին վերադառնալ աշխատանքի, համավճարի սկզբունքով փոխհատուցելով դայակի աշխատավարձի 50 կամ 70 տոկոսը (բայց ոչ ավելի, քան 55 հազար դրամը), շատերին էր ոգևորել: Սակայն  ծրագրի ի հայտ եկած մանրամասներն ու պարզ հաշվարկները ցույց տվեցին, որ ծրագրի շահառուների թիվը սահմանափակ է , բացի այդ առաջարկվող փոխհատուցումը  բավարար չէ մոտիվացնելու մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կանանց ավելի շուտ  վերադառնալ աշխատանքի: 

 

Մեր զրուցակցի՝ Տաթևիկ Դավթյանի համոզմամբ,  ինքնին գաղափարը` աջակցել մայրերին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ աշխատանքի ու համատեղեն այն ընտանեկան պարտականությունների հետ, իսկապես ողջունելի է և երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող: Բայց միայն  գաղափարը, նրա խոսքով, բավարար չէ, որովհետև ամենակարևորը իրականացման մեխանիզմն է, և Ազգային Ժողովում վերջին քննարկումը եկավ դա ապացուցելու: Եթե  ձեռնարկվող քաղաքականության արդյունքը շատ փոքր է լինելու, ապա չես կարող ակնկալել, որ օգնելու ես որևէ մեկին կամ իրապես հնարավորություն ես տալու և’ աշխատաշուկա վերադառնալու, և’ դեմոգրաֆիական խնդիր լուծելու: Լավագույն դեպքում, ասաց նա, այս ամենը կարող է դիտարկվել ուղղակի որպես առաջին քայլ.

 

«Իմ մտահոգությունը նա է, որ վերջին մի քանի տարիներին անընդհատ ինչ-որ կցկտուր, իրար հետ կապ չունեցող առանձին քայլեր են արվում, իբրև թե դեմոգրաֆիական իրավիճակի բարելավման համար, բայց իրավիճակը չի փոխվում, ինչն էլ ինձ իրավունք է տալիս ենթադրելու, որ այստեղ ավելի շատ գործ ունենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության PR-ակցիայի հետ, քան լուրջ փոփոխության, որի մասին այդքան թմբկահարում են»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Տաթևիկ Դավթյանի համոզմամբ,  ծրագիրը այն տեսքով, որով ներկայացված է, չի կարողանա արդյունավետ լինել և դրան կա մի քանի պատճառ: Նախ, հարկերից ու պարտադիր այլ վճարներից հետո պետության կողմից տրվող 55 հազար համավճարից մնացող դրամական խթանը` առավելագույն 17 595 դրամի չափով, հազիվ թե մոտիվացնի հանրային քաղաքականության արդյունավետության տեսանկյունից զգալի թվով կանանց վերադառնալու աշխատանքի: Այն գուցե  կարող է լինել հաճելի բունուս 300 000 և ավելի աշխատավարձ ստացող կանանց համար, առանց ազդելու նրանց մոտիվացիայի վրա, քանի որ նրանք այսպես թե այնպես շատ ավելի շուտ են վերադառանում աշխատանքի: Բայց ակնհայտ է, որ այն գրեթե չի ազդելու նվազագույն աշխատավարձ կամ դրան մոտ` 100 000 դրամից քիչ վաստակող և օգնող հարազատ չունեցող կանանց մոտիվացիայի վրա, քանի որ իրենց հիմնական եկամտուը մինևնույն է չի բավարարելու դայակ ունենալուն, անգամ եթե պետությունից 16 -17 հազար  դրամ օժանդակություն ստանան:

 

 

«Կարծում եմ, որ այս ծրագիրը կարող է աշխատել 200-250 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար… ես չեմ ուզում այնպիսի տպավորություն լինի, թե ես պնդում եմ, որ այս ծրագիրը որևէ կերպ և որևէ մեկին օգնել չի կարող: Բայց այնուամենայնիվ, նախարարությունը չունի հետազոտություն, որ, օրինակ, 150 -200 հազար  դրամ ստացող կանանց աշխատանքի չվերադառնալու պատճառների մեջ կարևոր դեր է կատարում այն, որ եթե իրենք ստանային գոնե 30 -40 հազար դրամ օժանդակություն, ապա կկարողանային վերադառնալ աշխատաշուկա: Չկա հիմնավորված պատկերացում այդ խնդրի մասին: Մինչդեռ իրականում գումարը կարևոր խթան կարող է հանդիսանալ աշխատանքի վերադառնալու համար, բայց այն դեպքում, եթե պետությունը իսկապես փոխհատուցի 55 հազար դրամը: Բայց հարկերը վճարելուց հետո  մնացած 17-20 հազար դրամը որևէ կերպ խթան հանդիսանալ չեն կարող»,- նշեց մեր զրուցակիցը: Նրա դիտարկմամբ,  ստացվում է, որ լավ միտքը ունենք, բայց շատ աչքաչափով քաղաքականություն ենք մշակում, ինչը չի կարող չանդրադառնալ  դրա արդյունավետության վրա:

 

Իսկ որքանով է արդարացի պնդումը, որ այս փոփոխություններից շահողը թերևս դայակներն են լինելու, որոնց պետությունը բերում է հարկային դաշտ (իսկ փորձագետների մեծամասնությունը գտնում է, որ կառավարության իրական նպատակը հենց դա է) և նրանք կունենան աշխատանքային պայմանագիր, ստաժ և «սպիտակ աշխատաշուկայի» այլ հնարավորություններից կօգտվեն: Մեր այս հարցադրմանը  Տաթևիկ Դավթյանը պատասխանեց, որ շատ է լսել այդ կարծիքը, բայց հույս ունի, որ պետության հիմնական մոտիվը դա չէր, այլ կանանց համար հնարավորությունների ընդլայնումն ու նրանց իրավունքների պաշտպանությունն էր: Իսկ որպես մայր, որն օգտվել է դայակի ծառայություններից, ողջունելի է համարում, որ նրանք ևս օգտվեն ֆորմալ զբաղվածության հնարավորություններից: Շատերը, մատնանշեց նա, նաև համոզված են, որ այս ծրագրից ամենից շատ օգտվելու են տատիկ-պապիկները, որոնք էլ մեծ մասամբ խնամում եմ երեխաներին և այդ 17-20 հազար դրամը նրանց համար հաճելի բոնուս կլինի, քանի որ պարզ է, որ հարազատները չեն վարձատրվում.

 

«Բայց եթե մենք հարցը դիտարկում ենք տատիկ-պապիկների զբաղվածությունն ապահովելու ու հավելյալ 20 հազար դրամ եկամուտ ունենալու տեսանկյունից, ապա հիշեցնեմ, որ արդյունավետությունն այդպես չեն չափում և դրանով դեմոգրաֆիկ հարցերը չեն կարգավորվում: Եթե մենք խոսում ենք լուրջ հանրային քաղաքականության նպատակներից, բայց փոխարենը դրա դիմաց պատրաստ ենք միայն 20 հազար դրամ վճարել, ապա արդյունքը կանխատեսելի է : Այնպես որ ես պետք է կրկնվեմ, որ այս ամենը ինձ մոտ ուղղակի PR-ակցիայի տպավորություն է թողնում, իսկ ծրագիրը այս տեսքով իր նպատակներին  չի  կարողանա ծառայել»,- հավելեց նա, նշելով, որ ժողովրդագրության տեսանկյունից էլ ծրագիրը որևէ տիպի ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ այն չի առաջարկում այնպիսի  աջակցության մեխանիզմ, որը էականորեն կարող է տարբերություն մտցնել միջին ընտանիքի կյանքում` խրախուսելով ունենալով ավելի շատ երեխաներ:

 

Նկատենք, որ  զրույցի ընթացքում հնչեցված մտահոգություններից ոչ մեկը չի  փարատվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից  մեխանիզմների հստակեցումից հետո: Հակառակը, նոր հարցեր են ի հայտ եկել, նոր սահմանափակումներ, որոնք  էլ ավելի շատ են  կասկածի տակ դնում ձեռնարկվող ծրագրի արդյունավետությունը: Այնպես որ մայրիկներին կամ մնում է զինվել համբերությամբ, կամ էլ  այլ մոտիվացիաներ գտնել  աշխատանքի վերադառնալու համար՝ չապավինելով կառավարության աջակցությանը:

 

Լիա Խոջոյան

 

Հ.Գ. Անդրադառնալով Տաթևիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառմանը նշենք, որ այն նաև առաջարկներ էր պարունակում , որոնց թվում նա, մասնավորապես, կարևորել է    երեխաների խնամքի կենտրոնների կամ մսուրները  մոտ 1,5 տարեկանից սկսած:

 

«Մանկապարտեզները, այն էլ միայն Երաևանում հասանելի են 3 տարեկանից սկսած, բոլոր պետական աջակցության ծրագրերը ավարտվում են 2 տարեկանում, մանկապարտեզների Երևանում պաշտոնապես փակվում են ժ. 5:30, իսկ աշխատանքը հիմնականում ավարտվում է 6-ին: Պետական դպրոցներից շատերը չունեն երկաօրյաներ, իսկ եթե ունեն էլ, ապա դրանք հիմնականում վճարովի են ու հասանելի ոչ բոլորի համար:  Սրանք շատ լուրջ խոչընդոտներ են, որոնք կարող են բոլորովին անկարևոր ու երկրորդական թվալ, բայց երբ մարդիկ պլանավորում են իրենց ընատանիքը՝ ֆինանսների մասին մտածելուց զատ՝ նաև մտածում են, թե ինչպես են հասցնելու տարբեր տարիքներին կազմակերպել իրենց երեխաների խնամքն ու կրթությունը: Էս բոլոր գործոնները համատեղ ազդում են բազմաթիվ կանանց որոշման վրա` մնալու տանը և միմիայն զբաղվելու իրենց երեխաների խնամքով, քանի որ դրա այլընտրանքը` հաճախ կամ պարզապես չունեն, կամ այնքան դժվար կազմակերպելի է, որ դրա միջով չեն էլ ուզում անցնել: Իսկ այն կանայք, ովքեր վերադառնում են աշխատելու, քանի որ ֆինանսապես կարողանում են կազմակերպել երեխաների խնամքը, սովորաբար հակված չեն առհասարակ մտածել շատ երեխաներ ունենալու մասին, քանի որ ամբողջ դրույքով լավ աշխատող լինելը, ու ամբողջ դրույքով ամեն բան հասցնող մայր լինելը /իսկ կենցաղային հոգսերի մեծ մասը ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում հիմնականում կանանց ուսերին են/ էնքան էներգիա, ջանք, առողջություն տանող ա, էնքան դժվար ա ֆիզիկապես կազմակերպել էդ ամենը, որ ֆինանսական բարեկեցությունը այլևս խթան չի դառնում շատ երեխա ունենալու: Իսկ երբ փորձում ես արծարծել այս հարցերը ու մատնանշել, որ անհրաժեշտ է ունենալ ընդհանուր տեսլական մայրության պաշտպանության և մայրերի տնտեսական գործունեության խթանման համար առանց որի կարելի է պարզապես մոռանալ դեմոգրաֆիական աճի մասին ու ստանում ես՝ բայց դուք ինչ չուզող եք, դժգոհում, հազիվ մի լավ բան ենք անում, ձեզ ինչ վնաս ենք տալու, որ մեր արածը չեք ողջունում, համ էլ էն մյուս հարցերը էս օրենքի հետ ինչ կապ ունեն պատասխանը, հասկանում ես որ, ըստ էության, պետական չինովնիկները հավատացած են, որ եթե անում են մի բան, որը գոնե ոչ մեկին վնաս չի տալիս, ու էդքան էլ կարևոր չի թե ինչքան օգուտ է տալու, մենք պիտի ցնծանք, քանի որ դա հիրավի աննախադեպ մի բան է … » , – գրել է  Տաթևիկ Դավթյանը:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար

 

«Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

 

«Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

 

Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

 

Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

 

Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 

Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 

Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 

Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 

Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը  աշխատանքային ժամերը կրճատելու մասին

 

 

Դիտումների քանակը` 4697

Գլխավոր էջ