Նաիրա Զոհրաբյան. «Ինձ համար իմ երկրում չկան սևեր ու սպիտակներ»

Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում  մտահոգություն հայտնեց, որ, իր տպավորությամբ,  քարոզարշավը վերածվել է հեղափոխական հերթական մոբիլիզացիայի։

 

 

«Երբ հայտարարվում է, թե մենք սպիտակ ենք, մնացածը՝ սև, ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները պետք է լինեն հասցեական, որպեսզի մենք հասկանանք, թե ով է սևը։ Ինձ համար իմ երկրում չկան սևեր ու սպիտակներ, և տպավորություն է, թե մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ ականատես ենք լինում հեղափոխական հերթական մոբիլիզացիայի», —հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Դավթաշեն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի  հանրահավաքում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

 

 

Նրա գնահատմամբ՝ անհավասար իրավիճակ է ստեղծվել, երբ  ինքը երևանցուն ներկայացնում է խնդիրների լուծման ծրագրեր, բայց դրան զուգահեռ հարթակում հեղափոխական կոչեր են հնչում։

 

 

«Եթե հեղափոխական երկրորդ մոբիլիզացիա՞ն ենք ստեղծում, եթե այդպես է, եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածնեք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ՝ ինձանից ավելի մեծ հեղափոխական թե դուխով, թե խելքով, շատ քչերին կարելի է գտնել։ Եթե մրցակցությունը լինելու է այդ հարթության վրա, ապա որևէ պրոբլեմ չկա, բայց ես հարգում եմ երևանցուն, որովհետև նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված։ Ես հստակ ներդրումային ծրագրով գնալու եմ երևանցիների հետ բակային հանդիպումների և առաջարկելու եմ՝ հիմա դուք ուզում եք խոսեմ այս ներդրումներից, որոնք լուծելու են ձեր խնդիրները, թե՞ անենք հեղափոխական կոչեր։ Եթե երևանցին կասի, որ իրենց պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները և այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան», – նշեց քաղաքապետի թեկնածուն՝  շեշտելով, որ այսպիսի քարոզչություն չի կարող լինել։

 

 

«Մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին։ Բայց եթե մասնակցում ենք հեղափոխության երկրորդ էտապին, պետք է «Երևանի ավագանու ընտրություններ» վերնագիրը դնել մի կողմ, ասել՝ մրցում ենք, թե ով է ավելի հեղափոխական, հագնենք կամուֆլյաժներ և գնանք հեղափոխության՝ հասկանալի չէ, թե ինչ փուլ և ում դեմ, քանի որ չգիտեմ՝ ովքեր են այդ սևերը»,- նշեց պատգամավորը։

 

 

Այսօր՝ Քանաքեռ-Զեյթունում ԲՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Նաիրա Զոհրաբյանը կրկին անդրադարձավ այդ թեմային՝ կոչ անելով ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին.

 

 

«Ես  հասկանում եմ, որ հեղափոխական էյֆորիայի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքելը շատ մեծ գայթակղություն է, բայց եկեք հարգենք երեւանցուն, եկեք հավատարիմ մնանք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ոգուն եւ բովանդակությանը, հարգենք մեր ընտրողներին եւ երեւանցուն ներկայացնենք յուրաքանչյուրս մեր ծրագիրը, թե ինչպիսի լուծումներ ենք մենք առաջարկում Երեւանի խնդիրներին»,-ընդգծեց նա։

 

 

Դիտումների քանակը` 1954

Գլխավոր էջ