«Նախշուն Հադրութ» ծածկոցները կպատմեն Հադրութի մասին 

Հադրութցի 15 կանանց ձեռքի աշխատանքները՝ ծածկոցներ, շալեր,  շուտով կհայտնվեն  հայկական շուկայում «Նախշուն Հադրութ» բրենդով։ Նպատակը  տարածաշրջանը ներկայացնող արվեստի նմուշների պահպանումն ու հանրայնացումն է՝  Հադրութից տեղահանված կանանց ներուժն օգտագործելով։ Սա նաև միջոց է եկամուտ ապահվելու։ Այս ինքնատիպ ծրագրով կանայք Հադրութի ջերմությունը կհաղորդեն ապրանքանիշն օգտագործողներին։

 

 

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ –ի գործադիր տնօրեն  Մերի Դավթյանի  այցը հաղորդավար  Անիտա Հախվերդյանի  բնակարան՝  «Նախշուն Հադրութ» ապրանքանիշն ստեղծելու  առիթ դարձավ։ 

 

«Որոշեցինք, որ ծածկոցների  նախագիծը պետք է կազմվի, սխեման գծվի, և տեղահանված  հադրութցի կանայք այսպես մի քանի խնդիր կկարողանան լուծել։ Մասամբ կլուծվի  զբաղվածության  հարց, և որ պակաս կարևոր է՝ այս կերպ  կխոսվի Հադրութի մասին, կասվի,  որ Դիզակ  նահանգը հայկական է եղել»,–պատմում է Անիտա Հախվերդյանը։

 

«Նախշուն Հադրութ» ծրագիրը  կյանքի է կոչվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի շրջանակում։ Կարևոր պայման էր, որ  հումքը լինի հայկական, բնական ու բացառապես բրդյա։ Հադրութցի կանանց փնտրել-գտնելու համար հասել են Շիրակի մարզ՝ Ամասիա համայնք։

 

 

 «Ամեն մի վարպետ գործելու է մեկ ծածկոց, որպեսզի ձեռագիրը պահպանվի։ Կենտրոնում լինելու է հենց Դիզակին բնորոշ նախշը։ Ամբողջությամբ սպիտակ է լինելու, իսկ նախշերը՝  մոխրագույն և սրճագույն»։ Իսկ «Նախշուն  Հադրութ» անունը ծնվեց, քանի որ Հադրութի ամեն մի անկյուն մի նախշ է հիշեցնում»,–ասում է Անիտա Հախվերդյանը։

 

 

 «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպություն ստեղծելու միտք կար դեռ  պատերազմի օրերին, երբ անգամ պաշտոնական աղբյուրներն այլևս չէին հերքում, որ ադրբեջանական կողմը վերահսկում է հայկական Հադրութը։ ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մերի Դավթյանը ասում է, որ իրենք ընտրել են ոչ թե   հուսահատության, այլ պայքարի  ճանապարհը։

 

 

«Հադրութի խնդիրը մի օր պետք է դառնա բանակցային օրակարգի թեմա։ Հետևաբար, մեր գործունեությունը  պետք իրականացնենք տարբեր   բաղադրիչների միջոցով։ Այդ բաղադրիչները ենթադրում են պայքարի ամենատարբեր ձևեր, միջազգային դռների բախում, ներսի իշխանական օղակների հետ աշխատանք»,–ասում է Մերի Դավթյանը։

 

Հադրութը ճանաչելի դարձնելու համար ամեն քայլ իրականացվելու է։ Քաղաքական բաղադրիչից ոչ պակաս կարևոր է  նաև Հադրութի համ ու հոտի, խոհանոցի ներկայացումն ու  մասայականացումը։

 

 

Կաճապով ապուրի բանջարն աճում է միայն Հադրութում, ունի բուժիչ հատկություն․ զրուցակիցս ասում է՝ ապուրը Հադրութի խոհանոցային բրեդներից է։ Վերջերս կապաճ  հայտնաբերվել է նաև Տավուշում․ որոշել են Երևանի կենտրոնում   եփել ապուր,  բաժանել  անցորդներին  ու ծանոթացնել դրա  օգտակար  հատկություններին։

 

 

Մերի Դավթյանը  կարծում է, որ այսպես նաև կարելի է հադրութցիներին պահել միասին, որ միասին էլ վերադառնան հայրենի երկիր։

 

 

13 500 հադրութցի պատերազմի հետևանքով զրկվել է տունուտեղից ու երազում է Հադրութ վերադռնալու մասին։

 

 

Ա. Գևորգյան

 

 

Դիտումների քանակը` 1382

Գլխավոր էջ