Ինչպե՞ս և ու՞մ միջև կբաշխվեն Երևանի ավագանու մանդատները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմեց Երևանի ավագանու ընտրությունների արձանագրությունը։  Ըստ այդմ, ընտրելու իրավունք ունեցող 848. 346 քաղաքացուց  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 370.365-ը կամ ընտրողների 43.65 տոկոսը։ Ընտրություններին մասնակցող 12 ուժերից վեցին չի հաջողվել հատել  1 տոկոսի շեմը,  երեքը ստացել են  1-2% ձայն:

 

ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով .

 

«Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը:

«Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է  5059 մարդ կամ 1.39 տոկոսը:

ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը:

«Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ  0.75 տոկոսը:

«Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ  0.82 տոկոսը:

«Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ  0.69 տոկոսը:

«Ռեֆորմիստներ» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ  0.22 տոկոսը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ  0.22 տոկոսը:

«Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ  0.19 տոկոսը:

 

 

Արդյունքում Երևանի ավագանու կազմում երեք ուժ է լինելու՝ «Իմ քայլը» դաշինքը (81,06 տոկոս), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (6, 59 տոկոս), «Լույս» դաշինքը (4,99 տոկոս)։ Թեեւ «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), նրա նկատմամբ կգործի օրենդրության այն դրույթը, որի համարձայն՝ ներկայացուցչական մարմնի կազմում ցանկացած պարագայում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր։

 

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Դա նշանակում է, որ  «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը ստանձնելու է քաղաքապետի պաշտոնը:

 

 

Այս պահին դեռ հստակ չէ, թե  65 անդամից բաղկացած Երևանի ավագանու մանդատներն ինչպես կբաժանվեն երեք քաղաքական ուժերի միջև։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը թվեր չհրապարակեց՝ նշելով, որ դա կանի քվեարկության  վերջնական արդյունքների հրապարակումից հետո, այսինքն սեպտեմբերի 30-ին։

 

 

Նախնական հաշվարկներով  Երևանի ավագանիում պատկերը մոտավորապես այսպիսին է  լինելու `

Իմ քայլը՝ 56 մանդատ

ԲՀԿ՝ 5 մանդատ

Լույս դաշինք՝ 4 մանդատ:

 

Սակայն  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ինչպես նաև «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանի այսօրվա  հայտարարությունների համաձայն, իրենց քաղաքական ուժին բաժին է հասնելու ոչ թե չորս այլ երեք մանդատ։ Մարուքյանը մանրամասնեց, որ ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը չի վերցնի մանդատը, Երևանի ավագանու կազմում կընդգրկվեն Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանն ու Անի Խաչատրյանը։

 

ԲՀԿ-ն, ըստ նախնական տվյալների, կունենա 5 մանդատ։ Ամենայն հավանականությամբ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը կհրաժարվի Երևանի ավագանու անդամի մանդատից՝ մնալով  ԱԺ պատգամավոր։ Հաջորդ հինգ թեկնածուները ԲՀԿ ընտրական ցուցակում՝  Ղազարյան Պետրոս, Աբովյան Արման, Մանրիկյան Միքայել, Ներսիսյան Արմեն, Ավդալյան Նազիկ:

 

 «Իմ քայլը» դաշինքին հասնում է 56 կամ 57 մանդատ։ Այս պարագայում էլ դժվար է պնդումներ անել։ Միայն նկատենք, որ մինչև 58 համարը ներառյալ ցուցակում 17 կին թեկնածու կա։

 

Իհարկե, բոլոր ենթադրությունները  այն մասին թե ովքեր կվերցնեն Երևանի նորընտիր ավագանու մանդատները  խիստ նախնական են, քանի դեռ ցուցակում ընդգրկված թեկնածուները ինքնաբացարկների մասին հայտարարություններ չեն արել։

 

Ինչևէ, վերջնական արդյունքները քվեարկության վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է քվեարկությունից 7 օր անց՝ սեպտեմբերի 30-ին:

 

Հիշեցնենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը, այսինքն հոկտեմբերի 10-ին։

 

 

Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը: Ավագանու մարմիններն են՝ Քաղաքապետը, նրա առաջին տեղակալը, Ավագանու անդամները, Ավագանու խմբակցությունները և մշտական հանձնաժողովները:
 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 2330

Գլխավոր էջ