«Հաշմանդամություն ունեցող հրեշտակ». Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաները կարծրատիպերից զերծ են ստեղծագործում
Նկարիչ Մարիամ Մուղդուսյանը 2014 թվականին հիմնված Մուղդուսյան արվեստի կենտրոնը շատ կարճ ժամանակում վերածվեց սիրելի կրթօջախի տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների համար: Այստեղ մատուցվում է ակադեմիական կրթություն՝ հարմարեցված երեխաներին և դեռահասներին: Կենտրոնի առանձնահատկություններից մեկն էլ սոցիալական բաղադրիչն է. ինչպես Մարիամն է ասում՝ կենտրոնի պատերից ներս անհավասարությունն ու խտրականությունը բացառվում է:
«Սա այն քիչ տեղերից է Երևանում, որտեղ ցանկացած խմբի ներկայացուցիչ մուտք է գործում և իրեն զգում է հավասար մյուս բոլորի հետ: Սա բացառիկ հնարավորություն է ոչ միայն խոցելի խմբի ներկայացուցիչների համար, այլև սոցիալապես ապահովված ընտանիքների երեխաների համար, քանի որ իրենք էլ հնարավորություն են ստանում կրթվելու մի միջավայրում, որտեղ իրենք հասկանում են, որ իրենցից բացի կան նաև այլ մարդիկ, իրենցից տարբեր մարդիկ: Այդպիսով նրանք պատրաստվում են մեծ կյանքին, որտեղ ամեն ինչ միանշանակ չէ»:
Երեխաների հետ Մարիամը սկսել է աշխատել տարիներ առաջ՝ մեկ այլ արվեստի կենտրոնում, որից հետո որոշել է ստեղծել իր կենտրոնը, որտեղ կկարողանա կյանքի կոչել իր նորարար մոտեցումները . «Ես հանգեցի այն ճշմարտության, որ նկարիչ է դառնում այն մարդը, ում մեջ երեխան չի մեռնում, շարունակում է ապրել մինչև վերջ»: Նորաստեղծ կենտրոնում նախ 7 աշակերտ է եղել, իսկ այսօր նրանց թիվը 37-ն է: Մուղդուսյան արվեստի կենտրոնում ոչ միայն նկարչություն է դասավանդվում, այլև վոկալ, կերամիկա, քանդակագործություն և կարպետագործություն:
«Ես ինքս աշխատում եմ և ներդրում եմ կատարում իմ սեփական միջոցներից՝ տարածքի վարձակալության համար: Սակայն մենք ունենք ոչ վճարունակ ընտանիքների երեխաներ, որոնց ներկերի գումարները ևս պետք է հոգանք: Դա կազմակերպում ենք հետևյալ կերպ. վճարունակ ընտանիքի երեխայի վարձից գնում ենք ներկեր նաև ոչ վճարունակ ընտանիքի երեխայի համար: Ստացվում է, որ մեզ մոտ հաճախող երեխաները իրենք արդեն իսկ բարեգործության մեջ են ներգրավված»,- ասում է Մարիամը:
Կենտրոնի սաները միմյանց սոցիալական վիճակի մասին տեղեկացված չեն, այնպես որ որևէ երեխա անհարմար դրության մեջ չի հայտնվում: Որոշ դեպքերում կենտրոնը հոգում է նաև ոչ վճարունակ երեխայի ճանապարհածախսը: «Մեր մյուս առանձնահատկությունն այն է, որ եթե մենք հնարավորություն ենք ունենում վճարելու որևէ մասնագետի, ապա ընտրում ենք մասնագետներից ամենախոցելի խավի ներկայացուցչին»,- ընդգծում է Մարիամը: Նա նաև կենտրոնում տարածք է տրամադրում խոցելի խմբերին՝ սեփական նախաձեռնություններն իրականացնելու համար:
Նախքան բուն դասընթացների մեկնարկը, կենտրոնը երեխաների համար սեմինարներ է կազմակերպել՝ մարդկանց տարբեր լինելու, առողջական խնդիրների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին՝ փորձելով սաներին հաղորդել կարծրատիպերից զերծ մտածողություն:
Բոլորովին վերջերս Մուղդուսյան արվեստի կենտրոնը փորձարկեց սոցիալական ձեռնարկատիրության մի ծրագիր՝ ՀՆԱՐ կավե իրերի պատրաստում և վաճառք: Կենտրոնի սաները պատրաստել են աղամաններ և հուշանվերներ, որոնց վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվել է հենց իրենց՝ երեխաներին: «Մենք այս ծրագրի համար ընտրել էինք հինգ ամենախոցելի աշակերտների, որոնց փորձել ենք սոցիալապես աջակցել, նաև ցույց տալ, որ իրենց ստացած կրթությունը կարող է օգնել, որպեսզի գումար վաստակեն»,- ասում է կենտրոնի հիմնադիրը:
Աղամանների դեպքում աշակերտները փորձել են ավանդականի ու մոդեռնի համադրություններ անել, իսկ հուշանվերները եղել են յուրօրինակ հրեշտակների տեքսով. «Մեր արած դասընթացներն իրենց արդյունքն ունեցան, մեր երեխաները պատրաստեցին շատ հետաքրքիր հրեշտակներ, օրինակ՝ կարմիր մազերով հրեշտակ, սևամորթ հրեշտակ, ալբինոս հրեշտակ: Երեխաների համար սովորական է, որ հրեշտակները կարող են այդպիսին լինել: Նույնիսկ երեխաներից մեկը հրեշտակը մեկ թևով էր սարքել: Երբ հարցրի, թե ինչու է կիսատ թողել, ասաց, որ կիսատ չէ, այլ հաշմանդամություն ունեցող հրեշտակ է»,- պատմում է Մարիամը:
2016 թվականին Մուղդուսյան արվեստի կենտրոնը հատուկ դասընթաց էր կազմակերպել լրագրողների համար: Մարիամ Մուղդուսյանն ունի նաև լրագրողի կրթություն, հասկանում է մեդիադաշտում առկա խնդիրները, լրագրողների լարված և հաճախ թերագնահատվող աշխատանքը: «Գաղափարը ծնվեց այն օրը, երբ պաշտոնյաներից մեկը հայհոյել և սպառնացել էր մեր գործընկերոջը: Ես մտածեցի՝ թող գան մեզ մոտ լրագրողները և լիցքաթափվեն: Ձևավորվեց խմբակ, վեց ամիս հաճախել են դասի: Վերջում «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի առաջարկով կազմակերպվեց լրագրողների աշխատանքների ցուցահանդես-վաճառք»:
Մուղդուսյան արվեստի կենտրոնում ստեղծվել է նաև Նաիրյան վոկալ անսամբլը, որը ներկայացնում է կոմիտասյան երաժշտություն: Անսամբլը ևս փորձում է նորարարություններով հանդես գալ: «Իրենք ֆլեշ-մոբ արեցին Հյուսիսային պողոտայում, հենց փողոցում երգում էին Կոմիտաս: Նպատակն այն էր, որ բարձր արվեստը պետք է հասանելի լինի բոլորին և փողոցում երգելով դու հասանելի ես դարձնում այն»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:
Նաիրյան վոկալ անսամբլը 2018-ին ընդառաջ ցանկանում է մանկական մյուզիքլ բեմադրել՝ կենտրոնի սաների մասնակցությամբ: Առաջիկայում Մուղդուսյան արվեստի կենտրոնը նաև նախատեսում է կարպետագործության դասընթացների շրջանակներում արտադրություն սկսել՝ կարպետի բաղադրիչներով: «Կարծում եմ, որ հագուստի մեջ, պայուսակների, աքսեսուարների պատրաստման ժամանակ կարող ենք կարպետի էլեմենտներ օգտագործել: Դարձյալ հասույթն ուղղվելու է երեխաների աշխատանքային պարագաները գնելուն»,- իրենց ծրագրերն է ներկայացնում Մարիամը:
Մուղդուսյան արվեստի կենտրոնը պետական աջակցություն չի ստանում, Մարիամը հաճախ է խոսում այդ մասին՝ նշելով, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, կենտրոնը շարունակելու է իր գործունեությունը՝ շարունակելով կրթել ավելի մեծ թվով երեխաների:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 4000