«Մոխրոտիկի ֆենոմենը» կամ մտորումներ գենդերային անհավասարության շուրջ
Տարիներ առաջ արցախյան գյուղերի մի հին սովորույթի մասին էի լսել, ըստ որի կանանց ավելի խորն էին թաղում, քան տղամարդկանց։ Փոխվե՞լ է, արդյոք, այդ երեվույթը, թե՞ այսօր էլ են շարունակում «թաղել» կանանց հասարակական, քաղաքական, սոցիալական ոլորտներում… ավելի խորը, բայց մերօրյա ավելի քաղաքավարի-քաղաքակիրթ ձևերով…
Որտե՞ղ են թաքնված գենդերային անհավասարության հիմքերը: Ունե՞ն, արդյոք, մարդիկ սեռով պայմանավորված այնպիսի առավելություններ, որոնք նրանց տալիս են գերակա դիրք, թե՞, այնուամենայնիվ, տղամարդն ու կինը իրենց տարբերություններով հանդերձ լրացնում են իրար՝ կազմելով ամբողջություն…
Կրթական ոլորտ
Ընտրել ենք այս ոլորտը, որովհետեւ մասնագետների գերակշիռ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ նախկին և նորանշանակ նախարարները: Սամվել Թավադյանն այն քչերից է, ով ընտրել է մանկավարժի մասնագիտությունը, Մեծ-Շենում պատմություն է դասավանդում և ասում է, որ տղամարդիկ այս ոլորտում քիչ են, որովհետև հենց իրենք չեն ընտրում՝ մի շարք գործոններով պայմանավորված:
«Ուսուցիչ դառնալու ցանկություն ունեի դեռ դպրոցական տարիքում, երբ մեր ուսուցիչների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ էին,- հիշում է պատմության ուսուցիչ Սամվել Թավադյանը:- Այդ ճանապարհին արգելքներ չկային: Ուսուցչի աշխատանքը ինձ համար մարդուն յուրահատուկ մասնագիտություն էր, ոչ թե արական կամ իգական սեռին հատուկ: Տղամարդկանց քիչ լինելը այդ ոլորտում, իմ կարծիքով, պայմանավորված է միաժամանակ մի շարք գործոններով: Իմ ուսանողության տարիներին ես նկատել եմ, որ տղաները ավելի քիչ են հակված դեպի մանկավարժությունը: Դրան նպաստել է այն հանգամանքը, որ ուսուցչի աշխատավարձը ավելի ցածր է, նաև այն, որ գիտությամբ զբաղվելու ցանկություն չեն ունեցել ու ավելի շատ կողմնորոշված էին դեպի ուժային ոլորտները: Աշակերտների հետ աշխատելու ժամանակ պետք է ավելի շատ ցուցաբերել բարություն, նրբանկատություն, հոգատարություն, որը շատերի կողմից դիտվում է իբրև կանանց բնորոշ հատկանիշ, մինչդեռ դրանք մարդուն բնորոշ հատկանիշներ են»:
Քաղաքական դաշտ
Այս ոլորտում պատասխանատու բոլոր պաշտոններն ընդգծված մեծամասնությամբ զբաղեցնում են արական սեռի ներկայացուցիչները: Պատմաբան, քաղաքագետ Սիրանուշ Սարգսյանը ՏԻՄ նախորդ ընտրություններում առաջադրվել էր որպես ավագանու անդամի թեկնածու, բայց չի անցել, իսկ շեմն անցած ավագանու կազմը ամբողջովին կազմված էր արական սեռի ներկայացուցիչներով: Ինչի՞ հետ էր կապված այդ երևույթը. Արդյո՞ք գենդերային անհավասարություն էր, թե՞ կանայք զիջում էին տղամարդկանց նաև այլ հատկանիշներով:
«Իմ կարծիքով, արցախյան իրականության մեջ բոլոր ընտրություններում դեռևս ծրագրերի ու գաղափարների պայքար տեղի չի ունենում: Բայց այդ ընտրություններից առավել ընդնգծվածը ՏԻՄ ընտրություններն են, որտեղ ավելի շատ է արձանագրվում հենց թաղային հեղինակույթունների, բարեկամական ընկերական շրջապատի իրար պաշտպանելու ավանդույթը, և այդ ամենը, իհարկե, ազդել է արդյունքների վրա: Բացի դրանից, կին թեկնածուները քիչ էին, և իրական արդյունք արձանագրելը դժվար կլիներ: Կարևոր է ընդգծել, որ կանայք իրենք քիչ են աջակցում կին թեկնածուներին, տղամարդիկ ավելի համախմբված են պայքարում իրենց թեկնածուների համար:
Գենդերային անհավասարությունն ամենուր է՝ սկսած երեխաների դաստիարակությունից, որն առնչվում է նաև նրանց՝ քաղաքացի դառնալու հետ: Իսկ քաղաքական գործընթացներում բացահայտ է գենդերային անհավասարության գործոնը, թեև բոլոր երկրներում էլ կա այդ երևույթը , ուղղակի տարբերությունն այն է, որ կան երկրներ, որտեղ շատ են խոսում այս թեմաների շուրջ և լուծումներ են փնտրում այդ անհավասարությունը մեղմացնելու համար: Կարևոր եմ համարում, որ ազդեցիկ պաշտոններ զբաղեցնող կանայք չեն բարձրացնում այս թեման, մինչդեռ իրենց պաշտոնական կարգավիճակը թույլ է տալիս ազդու ձևով բարձրաձայնել թեման: Ընդհանրապես, չկա մի այնպիսի ազդեցիկ ուսումնասիրություն կամ որևէ գիտական թեզ, ըստ որի տղամարդիկ ավելի լավ են կառավարում որևէ ոլորտ, քան դա կարող են անել կանայք»: Սիրանուշ Սարգսյանը նաև կուսակցական է, թեև նշում է, որ չնայած կանայք կան տարբեր կուսակցություններում, ներդրում ունեն կուսակցությունների կայացման մեջ, բայց կարևոր որոշումներ կայացնելու մեջ նրանց ձայնը լսելի չէ, եթե անգամ կան քվոտաների հարցեր՝ էլի տղամարդիկ են որոշու
Գենդերային հավասարություն
Քանի որ երկար ժամանակ կինը գենդերային անհավասարության տուժած կողմն էր, և մեծի նշանը համարյա ամեն ոլորտում դեպի տղամարդն էր, ուստի գենդերային անհավասարությունն այսօր ընկալվում է որպես կանանց իրավունքների հարց։ Այդ ճանապարհը հաճախ ծայրահեղ է դառնում, որովհետև կինը սեփական ուժերով է փորձում պայքարել: Այսինքն՝ ստացվում է նույն պատկերը. մենակ՝ առանց հակառակ սեռի,առանց լրացուցիչ օգնության: Մյուս կողմից էլ՝ հենց անհավասարության բեռը կրող կնոջ համար է անհրաժեշտություն թեկուզ միայնակ տանել այդ պայքարը՝ այդպես վերականգնելով իր և տղամարդու ճշմարիտ բնությունը։
Ինչքան էլ մեր իրականության մեջ հրապարակավ՝ կենացներով մեծարվում է կինը, այնքան ավելի շատ է նա ճնշվում «կուլիսների ետևում»՝ իր կենցաղում ։ Գենդերային հավասարության վերջնական նպատակը տեսնելը որպես ներդաշնակ վիճակ տղամարդու և կնոջ միջև կյանքի տարբեր ոլորտներում, կարծես թե անլուծելի է, որովհետև հարցը շատ խորքային է և հին, այնքան հին, որքան աշխարհը:
Մոխրոտիկի ֆենոմենը
«Մոխրոտիկի ֆենոմենը» արտահայտության մասին առաջին անգամ լսեցինք Ջինա Սարգիզովայից քաղաքացիական լրագրության ծրագրի շրջանակներում առցանց հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ մայիսի 22-ին։ Ջինա Սարգիզովան այն մեջբերեց որպես համեմատություն՝ փորձելով բացատրել այն իրավիճակը, երբ կինը ստիպված է աներևակայելի ջանքերով հասցնի անել տան գործերը և պարահանդեսին չուշանա։ Կարդալով հեքիաթը՝ տեսնում ենք, որ գործող ակտիվ հերոսները կանայք են, իսկ Մոխրոտիկին հակադրվում է խորթ մոր կերպարը, որի լիդերության մեջ կորել է շատ բան, նա դարձել է անհաջող լիդեր, որի ընտանիքում ամուսինը վախեցած է, Մոխրոտիկը շահագործվում է, իսկ հարազատ աղջիկները սեփական մտածելակերպից զուրկ են։ Եվ այդ հակադրության համապատկերում Մոխրոտիկի ֆենոմենն ավելի է ընգծվում:
Մեր արդեն «քաղաքակիրթ» ժամանակներում երբեմն, այսպես կոչված, դրական խտրականություն է լինում, նույնիսկ միջոցներ են ձեռնարկվում հասարակական-քաղաքական կյանքում կնոջ ներգրավածությունն ակտիվացնելու համար, սակայն, համեմատելով հեքիաթի Մոխրոտիկի հետ, տեսնում ենք, որ հեքիաթից հեռու իրականության մեջ տան գործերից մինչև «պարահանդես» երկար, շատ երկար ճանապարհ է, որը պետք է անցնել ամենայն ողջամտությամբ։
Արև Ապրեսովա-Թադևոսյան
***
Նյութը պատրաստվել է Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից իրականացվող
«Քաղաքացիական լրագրություն և քաղաքացիական ակտիվիզմ՝ կանանց համար» ծրագրի շրջանակում:
Դիտումների քանակը` 1139