Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կասետային զինամթերքի օգտագործման փաստերով
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կասետային զինամթերքի օգտագործման փաստերով և քաղաքացիական բնակչության տառապանքների կապակցությամբ: Նա նշել է, որ ռազմական գործողություններ են ծավալվում նաև մարտական գործողությունների գոտու սահմաններից դուրս, և այդ կապակցությամբ կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը:
«Հաղորդվում է, որ սեպտեմբերի 27-ի վերջին բռնկումից հետո հրետակոծվել են մի շարք քաղաքներ, գյուղեր: Տարբեր աղբյուրներից տեղեկությունները վկայում են այն մասին, որ հոկտեմբերի 8-ի դրությամբ սպանվել է մոտ 53 խաղաղ բնակիչ, ներառյալ երեխաներ: Շենքերի մեծ մասը, ներառյալ դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտներ, փլուզվել են. դրանց ճնշող մեծամասնությունը գտնվել է Լեռնային Ղարաբաղում: Մտահոգություն է առաջացնում այն, ինչի ակնատեսն ենք դառնում վերջին օրերին:
Ես հիշեցնում եմ հակամարտող կողմերին, որ անհրաժեշտ է պահպանել մարդասիրական միջազգային իրավունքի հարցով իրենց պարտավորությունները, պահպանել տարբերության, համաչափության և զգուշավորության սկզբունքներն ու խուսափել բնակավայրերի ուղղությամբ զենքի կիրառումից:
Ես նաև հիշեցնում եմ բոլոր պետություններին, հատկապես նրանց, որոնք ազդեցություն ունեն հակամարտող կողմերի վրա, որ միջազգային իրավունքը նրանցից պահանջում է անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, ներառյալ քաղաքացիական անձանց պաշտպանությունը:
Կասետային զինամթերքները փոքր ռումբեր են նետում մեծ տարածքներում, որոնց մեծ մասը միանգամից չի պայթում, սակայն կարող է տարիների ընթացքում սպանել և խեղել: Նման զինամթերքի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի: Ես նաև կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին միանալ ավելի քան 100 պետությունների, որոնք վավերացրել են կասետային զինամթերքի կիրառումը արգելող Կոնվենցիան:
Ատելության հրահրումը ոչնչի չի հանգեցնի: Ինչպես տեսնում ենք, դա հանգեցնում է կոնֆլիկտների և մարդկանց մահվան: Բոլորից, ներառյալ քաղաքական առաջնորդներից, պահանջվում է կառուցողական երկխոսություն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու հակամարտության կայուն քաղաքական երկխոսության խրախուսմանը», – ասվում է Բաչելետի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը՝ հիշեցնելով COVID-19 համաճարակը, շեշտեց, որ նման պայմաններում ռազմական գործողությունները ուղղակի սպառնալիք են հանրային առողջության համար: Նրա խոսքով, բռնությունը շարունակվում է, և խաղաղ բնակիչները, ինչպես հաղորդվում է, ապաստարաններում են թաքնված, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ հնարավորություն չունենան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սոցիալական հեռավորություն պահպանել:
«Անհրաժեշտ է ապահովել բժշկական սպասարկման հասանելիությունը, այդ թվում հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժածներին»,- նշել է Բաչելետը:
Հ.Գ. Ըստ Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի զեկույցի, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի խաղաղ բնակչության շրջանում արձանագրվել է 20 մահ, 93 վիրավոր, որոնցից 73 ծանր վիճակում են: Լրջորեն վնասվել են ավելի քան 5800 շենքեր և կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` ահազանգելով այն մասին, որ ️հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշ հանդիսացող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, գրել է իր ֆեյբուքյան էջում.
«Հարվածի պահին Մայր տաճարի նկուղում երեխաներ և կանայք են եղել։ Տաճարի շրջակայքում չկան ռազմական օբյեկտներ և ռազմականին մոտ ոչինչ: Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ: Սա պատերազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների օգտագործման հստակ նշան է»:
Դիտումների քանակը` 1369