Միայնակ մայրություն․ երջանկության ու խարանի արանքում
Մարի. «Որդուս ծնունդը ամենաճիշտ որոշումն էր իմ կյանքում»
41–ամյա Մարին (անունը փոխված է) ասում է՝ միշտ իրեն երջանիկ մարդ է համարել, բայց միայն հիմա՝ որդու ծնունդից հետո է հասկանում, թե ինչ է երջանկությունն իրականում։ Մարին 37 տարեկան էր, երբ ծանոթացավ որդու ապագա հոր հետ։ Այդ ընթացքում հասցրել էր իր համար տուն գնել և առանձնանալ ծնողներից։ Հարաբերություններն արագ զարգացան, տղամարդը պնդում էր, որ լուրջ է տրամադրված։ Մարիի հետ համատեղ կյանքի ծրագրերի մասին պատմեց նաև նրա ծնողների հետ հանդիպման ժամանակ։ Թվում էր՝ ամեն ինչ միտված է ամուսնության․
«Նա ինձանից մեծ էր 5 տարով։ Ես գիտեի, որ նա ամուսնալուծված է, ուսանող երեխաներ ուներ։ Չնայած, որ մենք համատեղ կյանք էինք պլանավորում, ես շատ կարճ ժամանակ անց որոշեցի, որ անկախ ամեն ինչից, ես երեխա եմ ունենալու։ Այդ որոշումից հետո ինձ համար այլևս նշանակություն չուներ՝ կամուսնանանք մենք, թե ոչ։ Իհարկե, շատ կուզենայի, որ երեխաս լիարժեք ընտանիքում մեծանար, բայց ես չէի ուզում, որ ամուսնու առկայությունը որոշիչ լիներ մայրանալուս որոշման մեջ»,– ասում է Մարին։
Չնայած որոշմանը՝ Մարին խոստովանում է՝ երբեք չէր կարող պատկերացնել, թե ինչ է իրեն սպասվում առաջիկայում։ Միայնակ մայրերի նկատմամբ հանրային խարանի մասին, իհարկե, մտածել էր, բայց դա ամենասարսափելին չէր․
«Ես համարում եմ, որ շատ լավ դուստր եմ եղել ծնողներիս համար, և կարծում էի՝ եթե անգամ ամբողջ աշխարհը ինձ և որոշմանս դեմ լինի, ծնողներս և ընտանիքս ինձ թև ու թիկունք կլինեն։ Ես հասկանում էի, որ ֆինանսապես քիչ թե շատ ինքնուրույն եմ, բայց միևնույն է, հոգուս խորքում վստահ էի, որ թե՛ երեխայիս հայրը, թե՛ ծնողներս կաջակցեն ինձ։ Երբ պարզվեց, որ հղի եմ, երեխայիս հայրը միանգամից ասաց, որ չի պլանավորում ամուսնանալ։ Իհարկե, այդ օրվանից մեր հարաբերությունները դադարեցին, սակայն ծնողներիս արձագանքն ինձ համար ուղղակի մահացու էր»,– ասում է նա։
Մարին հիշում է՝ հղիության ու սպասվող ամուսնությունը չեղարկելու մասին լուրը լսելուց հետո ծնողներն ուղղակի ասացին, որ ինքը նրանց համար այլևս գոյություն չունի։ Հոգեբանական, իսկ հղիության վերջին ամիսներին արդեն նաև ֆինանսական խնդիրները հուսահատության էին հասցրել Մարիին․
«Որքան էլ տարօրինակ է, բայց ես հասկացա, որ հասարակական խարանը, որից ամենաշատն էի վախենում, ինձ չի սպառնում։ Մարդիկ, որոնց հետ շատ քիչ շփումներ և ընդհանրություններ ունեինք, որդուս ծնվելու լուրից երջանկացել էին, ասում էին, որ շատ ճիշտ որոշում եմ կայացրել, ավելին՝ աջակցում էին ինչով կարող էին։ Մեկը ձեռքի տակ եղած գործն էր ինձ տալիս, որ գոնե ինչ–որ գումար վաստակեմ, հարևաններս առաջարկում էին մեկ–երկու ժամով խնամել որդուս, եթե շտապ գնալու տեղ ունեի»,– պատմում է նա։
Մարին ասում է՝ երեխայի ծննդյան հետ կապված թղթաբանական, իրավական գործերը, իր բժշկական բոլոր միջամտությունների հետ կապված խնդիրները լուծել են ընկերուհիները, որ ոչ մի րոպե չեն լքել իրեն․
«Մայրս որդուս առաջին անգամ տեսավ նրա քառասունքին։ Ընկերուհիներս գնացել էին, համոզել, որ գա մեզ հյուր։ Երբեք չեմ մոռանա այդ պահը, երբ մայրս ներս մտավ, ու ձեռքիս տեսավ որդուս։ Գրկեցինք իրար, երկար լաց եղանք։ Չեմ կարող ասել, որ միանգամից ներեցի նրան, որովհետև նրա կարիքն ամենաշատը հենց այն ժամանակ ունեի, երբ նա հրաժարվել էր ինձանից։ Հիմա որդուս հայրը ևս շփվում է երեխայի հետ։ Իհարկե, այս ամենը չափազանց դժվար էր, բայց որդուս ծնունդը սովորեցրեց ինձ ներել և այլ տեսանկյունից նայել կյանքին։ Հիմա ինձ համար դրանք այլևս էական չեն։ Ես կյանքում առաջին անգամ ինձ ամբողջական եմ զգում՝ որդուս նայելով»,– ասում է Մարին ու ավելացնում՝ միայնակ մայր դառնալու որոշումն ամենաճիշտն էր իր կյանքում։
Անի. «Կյանքում ամեն ինչից շատ երեխա եմ ուզում, բայց վախենում եմ»
Անի Ավետիսյանը 36 տարեկան է։ Ապրում է միայնակ, սիրում է ճամփորդել ու վայելել կյանքը։ Անին լավ կրթություն ու աշխատանք ունի, վաստակում է այնքան, որքան չեն վաստակում շատ տղամարդիկ Հայաստանում․
«Ես շատ հաջողակ մարդ եմ։ Ստացել եմ լավագույն կրթությունը, սիրելի աշխատանք ունեմ, որն ինձ նաև ապահովում է ֆինանսապես։ Միակ բանը, որի պակասն այսօր զգում եմ՝ ընտանիքն ու երեխան է։ Երբեմն թվում է՝ մեջս այնքան սեր կա, որ չգիտեմ՝ ում տալ։ Բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ ես այն մարդկանցից չեմ, որոնք կարող են ամուսնանալ՝ երեխա ունենալու համար։ Դա իմ ուղին չէ, ես այդպես չեմ կարող»,– ասում է Անին։
Փոխարենը Անին մտածում է արհեստական բեղմնավորման հնարավորության մասին։ Ուսումնասիրել է հնարավորությունները, գիտի՝ լավագույն արդյունք ապահովվում է մինչև 38 տարեկանը։ Մինչ այդ, Անին ունի երկու տարի և բանկային հաշիվ, որտեղ գումար է կուտակում հատուկ այդ նպատակով․
«Ես շատ երջանիկ կլինեմ, եթե ամուսնանամ, ընտանիք ունենամ, որում երեխաներ կծնվեն։ Ես չունեմ կարծրատիպեր՝ միայնակ մոր կերպարի հետ կապված, և համարում եմ, որ պետությունն ու հասարակությունն ամեն բան պետք է անեն՝ օգնելու ու աջակցելու համար նման կանանց։ Բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ իմ նման մտածող մարդիկ փոքրամասնություն են կազմում։ Ես վստահ եմ, որ խարանի եմ արժանանալու նման որոշման համար։ Արդեն հիմա, երբ մտերիմներիս կամ ընկերուհիներիս շրջանում խոսում եմ այս մասին, ոմանք ծիծաղում են՝ անմիտ համարելով որոշումս, ոմանք էլ դա անբարոյականություն են անվանում»,– ասում է Անին։
Չնայած որոշմանը՝ Անին չի կարող հստակ ասել, թե ինչ կլինի երկու տարի անց։ Խոստովանում է՝ երբեմն մտածում է, որ իր վախերն ավելի ուժեղ են, քան իր երազանքը․
«Կյանքում ամեն ինչից շատ երեխա եմ ուզում, բայց վախենում եմ։ Ես չգիտեմ՝ ինչպես կարձագանքի շրջապատը։ Ինձ խարանելը ամենափոքր խնդիրն է, որին կարող ենք բախվել ես ու երեխան․ ամենից շատ ես վախենում եմ այն խարանից, որ ստանում են միայնակ մայրերի երեխաները։ Սա լուրջ մշակութաբանական խնդիր է, որ կործանում է բազմաթիվ ճակատագրեր։ Կանայք, որ կարող էին լավագույն մայրեր լինել, և արժանավոր զավակներ ունենալ, կուլ են գնում կարծրատիպերին»,– ասում է Անին։
Մարինե. «Նանեի հայտնությամբ փոխվեց ամեն ինչ»
46–ամյա Մարինեն բժշկուհի է։ Շուրջ 22 տարի բուժում է երեխաների։ 3 տարի տևած ամուսնությունից ու ամուսնալուծությունից հետո Մարինեն երբեք չի մտածել երկրորդ անգամ ամուսնանալու մասին, սակայն միշտ երազել է երեխա ունենալ․
«44 տարեկան էի, երբ ընատնիքիս ասացի, որ հստակ որոշել եմ երեխա որդեգրել։ Ի զարմանաս ինձ՝ և՛ ծնողներս, և՛ եղբայրս միանգամից ոգևորեցին ինձ։ Ծնողներիս երջանկությանը չափ ու սահման չկար, ասում էին՝ կհասցնենք թոռնիկ վայելել։ Տարբեր էր, սակայն, մյուսների արձագանքը։ Շատերին անհարմարություն էր պատճառով ոչ թե այն միտքը, որ ես միայնակ մայր եմ դառնալու, այլ այն, որ պատրաստվում եմ մանկատնից երեխա որդեգրել։ Այս երեխաների նկատմամբ կրկնակի խտրականություն կա»,– ասում է Մարինեն։
Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունից հետո առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրումը հնարավոր եղավ նաև միայնակ ապագա ծնողի համար։ Որդեգրման ողջ գործընթացը շուրջ 6 ամիս տևեց։ Մարինեն ասում է՝ դրանում ներգրավված համայնքային աշխատողները ևս փորձում էին իրեն հետ պահել որոշումից, նշելով, թե մանկատներում առողջ երեխաներ չկան․
«Ես հստակ որոշել էի, որ աղջիկ երեխա եմ ուզում, մինչև 3 տարեկան։ Համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո հնարավորություն ստացա տեսնել որդեգրման ենթակա երեխաների գործերը։ Առաջին օրն այնքան լարված էի, որ չհասցրեցի որևէ բան տեսնել կամ կարդալ։ Հաջորդ օրը նորից գնացի, ինձ ներկայացրեցին մի քանի երեխայի գործ, որոնց մեջ էր նաև Նանեն։ Այդ ժամանակ 1.6 տարեկան էր, կլորիկ, սիրուն դեմքն ինձ էր նայում համակարգչի էկրանից։ Անձնական գործում գրված էր, որ երեխան գանգուղեղային խնդիր ունի, բայց ինձ համար արդեն միևնույնն էր․ ես զգում էի, որ նա իմ աղջիկն է»,– պատմում է Մարինեն։
Նանեին առաջին անգամ տեսնելուց հետո Մարինեն հասկացավ՝ երեխան ոչ մի լուրջ առողջական խնդիր չունի։ Եղածն էլ հնարավոր է կարգավորել։ Եվս մի քանի ամիս, և ինքը մայր կդառնար․
«Նանեի 2–ամյակը մեր տանն արեցինք։ Հրավիրել էի հարազատներիս, ընկերներիս, որոնք մեր օրը իսկական տոն դարձրին։ Այդ օրը ես հասկացա, որ իզուր եմ այսքան տարի հապաղել, որովհետև տունս սկսել էր շնչել, ապրել Նանեի հետ։ Նրա հայտնությամբ իմ կյանքում ամեն ինչ փոխվեց։ Ես երբեք ավելի երջանիկ չեմ եղել»,– ասում է Մարինեն։
Կանխամտածված միայնակ մայրություն. հոգեբանի կարծիք
Հոգեբան Հայկ Բաղդյանը կարծում է, որ կանայք, որոնք հանգամանքների բերումով որոշում են միայնակ մայրանալ, շարունակում են մի շարք խնդիրների առերեսվել․ խտրական վերաբերմունքից մինչև սոցիալական ու հոգեբանական դժվարություններ․
«Չնայած, որ տարիների ընթացքում միայնակ մայրերի նկատմամբ վերաբերմունքում զգալի տեղաշարժեր են նկատվում, չենք կարող հերքել, որ մինչ օրս էլ այս կանայք շարունակում են խտրականացվել։ Դրա առաջին պատճառն այն է, որ միայնակ մայրությունը շատերի համար ասոցիացվում է անբարոյականության հետ, մինչդեռ հասուն, առողջ մոտեցմամբ՝ որևէ խնդիր չկա նրանում, որ կինը արտամուսնական կապ ունի կամ երեխա՝ նման կապից։ Դա մարդու որոշումն է, որի պատճառների և հիմքերի մասին հասարակությունը չի կարող ունենալ հստակ պատկերացումներ, ուստի չի կարելի բոլորի մասին դատողություններ անել՝ նույն արժեհամակարգային տիրույթում»,– ասում է հոգեբանը։
Ըստ նրա, կանխամտածված միայնակ մայրության որոշումը բարդ է տրվում կանանց, և եթե կինը բավարար կայացած և ինքնաբավ չէ՝ մասնագիտական, տնտեսական և նաև հոգեբանական իմաստով, եթե հաշտ չէ իր որոշման հետ, ապա հասարակությունը ձեռք մեկնելու փոխարեն կարող է և կոտրել իրեն։
Հոգեբանը կարծում է, որ կանանց համար նման որոշում կայացնելիս ամենակարևորը հենց սոցիալական կամ ֆինանսական անկախությունն է․ եթե կինը վստահ չէ, որ կկարողանա հոգալ իր և երեխայի սոցիալական խնդիրները, ապա, ամենայն հավանականությամբ, չի գնա միայնակ մայրության․
«Նման որոշում կայացնող կինը պետք է վստահ լինի, որ հենման կետ ունի, և այդ հենման կետը ինքն է ու իր ուժերը։ Այլապես բոլոր այս խնդիրները՝ հասարակական պարսավանքի հետ մեկտեղ, կարող են հանգեցնել ծանր հոգեբանական վիճակի, անգամ դեպրեսիայի, ինչը չափազանց վտանգավոր է։ Միայնակ մայրանալ ցանկացող կանայք պետք է վստահ լինեն, որ ունեն ինքնախնամքի բավարար հմտություններ, որ կարող են նախ և առաջ հոգ տանել իրենց մասին՝ ֆիզիկապես և հոգեպես։ Բացի այդ, հաճախ այս կանայք ստիպված են լինում համատեղել մայրությունն ու աշխատանքը՝ չունենալով կողմնակի աջակցություն, իսկ սա կարող է սպառման հանգեցնել»,– ասում է հոգեբանը՝ նշելով, որ այնուամենայնիվ քիչ չեն կանայք, ում չեն կանգնեցնում միայանակ մայրության դժվարությունները և նրանք անկախ ամեն ինչից իրականացնում են իրենց երազանքը երեխա ունենալու մասին:
Ի՞նչ է անում պետությունը միայնակ մայրերի համար
Հայաստանի Հանրապետությունում «միայնակ մայր» հասկացությունը որևէ իրավական ձևակերպում չունի, ըստ այդմ՝ չկան նախատեսված արտոնություններ կամ աջակցության մեխանիզմներ՝ հատուկ այս կանանց համար։
Այս ձևակերպումը հանդիպում է միայն աղքատության նպաստի համակարգում, որտեղ առանձնացված է այս խումբը։ Նպաստի հաշվիչը այն մեխանիզմն է, որով հնարավոր է հաշվարկել աղքատության նպաստի համար անհրաժեշտ միավորները։ Դրանում, սակայն, նշվում է, որ «միայնակ մոր երեխա սոցիալական խումբը չի ամրագրվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը (բացառությամբ երկվորյակ կամ ավելի ծնված բոլոր երեխաների հայրանունից) նույնն է»։
Միայնակ մայրերին անուղղակի անդրադարձ կա նաև 2020 թ․–ին մեկնարկած «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման պետական ծրագրերում», որտեղ բնակապահովության պետական ծրագրերում «ընտանիք» հասկացությունը սահմանվում է որպես «ՀՀ քաղաքացին և նրանից սերված երեխան», ինչը թույլ է տալիս հիփոտեկային վարկավորման արտոնյալ հնարավորություններից օգտվել նաև միայնակ մայրերին։
Ս.Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 952