Միասին բացառե՛նք սեքսիզմն ու խտրական խոսքը հանրային տիրույթում

 
 
Մի շարք հասարակական կազմակերպություններ և միավորումներ հանդես են եկել կոչով՝  ընդդեմ  քաղաքական դաշտում և հանրային տիրույթում  տարածված սեքսիզմի դրսևորումների…   
 
 
 
ԿՈՉ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ,
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ
 
 
Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս,
 
 
Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում քաղաքական տարբեր ամբիոններից պարբերաբար հնչող բարոյական և էթիկական նորմերը խախտող արտահայտությունների և ելույթների կապակցությամբ,
որոնք ոչ միայն անձնական բնույթի վիրավորանքներ են պարունակում, այլ պարարտ հող են ստեղծում սեքսիզմի ամենածայրահեղ դրսևորումների համար:
 
 
 
 
Հիմք ընդունելով մեր ուսումնասիրությունները և դիտարկումները՝ փաստում ենք, որ քաղաքական բանավեճի մշակույթի խորը ճգնաժամի և խիստ անձնավորված քաղաքական դիսկուրսի պայմաններում առավել թիրախավորվում են կանայք, որոնց հասցեին ավելի հաճախ հնչում են սեռի հատկանիշով արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, ատելության խոսք և սպառնալիքներ:
 
 
 
 
Կարևորելով վերջին շրջանում նաև քաղաքական գործիչների կողմից խնդրին անդրադառնալու, սեքսիզմ պարունակող խոսքը պարզաբանելու և հանրայնորեն ներողություն խնդրելու օրինակները, այս քայլերը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման ենք համարում արմատական փոփոխությունների համար:
 
 
 
 
Հաշվի առնելով, որ անհանդուրժողականության, խտրականության, ատելության խոսքի, անձնական վիրավորանքների և սեքսիզմի վրա հիմնված հանրային խոսքի ազդեցությունը բազմապատկվում է՝ քաղաքական բանավեճից ուղղակիորեն տեղափոխվելով մեդիա և սոցիալական մեդիա հարթակներ և լուրջ խոչընդոտ է հանդիսանում նաև քաղաքական առողջ միջավայրի ստեղծման, մարդու իրավունքների պաշտպանության, իրական ժողովրդավարության և պառլամենտարիզմի կայացման համար,
 
 
 
 
Դիտարկելով սեռով պայմանավորված խտրականության ցանկացած դրսևորում, որպես հավասարապես և՛ կանանց, և՛ տղամարդկանց նկատմամբ անընդունելի երևույթ և լուրջ մարտահրավեր Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած և օրենսդրորեն ամրագրված կանանց և տղամարդկանց ՀԱՎԱՍԱՐ իրավունքների ու ՀԱՎԱՍԱՐ հնարավորությունների ապահովման համար,
 
 
 
 
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ և ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ.
 
 
 
Կիրառել բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն ու միջոցները քաղաքական ամենաբարձր հարթակներից սեքսիզմի դրսևորումները բացառելու և քաղաքական փոխհարաբերություններում էթիկայի նորմերից դուրս անթույլատրելի վարքագիծ ցուցաբերելու դեպքում պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում նման դեպքերով Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը՝ արագ արձագանքելու ու պատշաճ գնահատական տալու նպատակով:
 
 
 

ՄԻԱՍԻՆ ԲԱՑԱՌԵ՛ՆՔ ՍԵՔՍԻԶՄՆ ՈՒ ԽՏՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

 

 

Ուղերձին  միացել են.
 
 
 
ՕքսԵՋեն հիմնադրամ
«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն
«Պրոգրես» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
«Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
«Իրավունքի ուժ» ՀԿ
 
 
 

 

Դիտումների քանակը` 1263

Գլխավոր էջ