«Մելինեի պարտեզ». ինկերի ու ացտեկների հացահատիկները Հայաստանում
Երկու տարի առաջ ՝ 2015 թվականի ապրիլին, Հայաստանում իր գործունեությունը սկսեց «Մելինեի պարտեզ» ընկերությունը, որի հիմնադիր Թալին Քեւոնյանը Հայաստան ներմուծեց հացահատիկի՝ մեզանում մինչ այդ անծանոթ տեսակներ՝ սագախոտ (քինուա) և եղեսպակ (չիայի/ шалфей/) ուտելի սերմերը:
Երիտասարդ մասնագետ Թալին Քեւոնյանը Հայաստան է եկել ԱՄՆ-ից` հայրենիքին օգտակար լինելու առաքելությամբ: Ապրելով ԱՄՆ-ում նկատել էր, թե ինչպես այդ երկրի շուկայում օրեցօր ավելի շատ տարածում էին ունենում հացահատիկի նոր տեսակները: Թեպետ 7-8 տարի առաջ անգամ ԱՄՆ-ում քչերը գիտեին դրանց մասին:
Իմանալով, որ Հայաստանում սագախոտ ու եղեսպակ չեն աճեցնում, Թալինը նպատակ դրեց այս բույսերի արտադրությունը սկսել Հայաստանում: Հենց սկզբից էլ վստահ էր՝ այդ մշակաբույսերի արտադրությունը օգուտ է բերելու թե՛ հայ գյուղացուն, թե՛ հողին, թե՛ ներդրողին: Ուսումնասիրությունների ընթացքում բացահայտել էր, որ այս բույսերը ոչ միայն սննդարար են, այլեւ շատ օգտակար են մշակման ենթակա հողատարածքների համար. դրանք ոչ միայն չեն առաջացնում հողի մաշվածություն, այլեւ ավելի բալանսավորում են այն:
Հիմնելով «Մելինեի պարտեզ» ընկերությունը՝ երիտասարդ գործարարն անմիջապես ձեռնամուխ է լինում` սկզբում փորձարկման, այնուհետև` Հայաստանի տարբեր հողատարածքներում այլընտրանքային գյուղատնտեսական կուլտուրաների մշակման : Իրականում Թալինը նախաձեռնել է այնպիսի մշակաբույսի արտադրություն, որը կարելի է ասել՝ իր օգտակարությամբ անգերազանցելի է: Սագախոտն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, B խմբի վիտամիններ, ֆոսֆորի քանակով անգամ գերազանցում է շատ ձկնատեսակների: Սագախոտում, ինչպես պատմում են ընկերության աշխատակիցները, երկաթի պարունակությունն ավելին է, քան ցորենի կամ հնդկաձավարի մեջ: Սագախոտը հարուստ է մագնեզիումով, ցինկով եւ կալիումով, հարուստ է նաեւ սպիտակուցով: Սագախոտն ունի հնագույն ծագում. ինկերը և ացտեկներն այն համարում էին հացահատիկային մշակաբույսերի մայրը, քանի որ եփած սագախոտի մեկ բաժակը կարող է լրացնել առօրյա սննդի բաժինը:
Սագախոտն, ըստ մասնագետների, կարելի է օգտագործել երեխաների կերակրացանկում` սկսած 8-10 ամսականից, քանի որ այն պարունակում է մանկան օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներ և ամինաթթուներ: Այս բուսատեսակը գենետիկորեն մոդիֆիկացված չէ, լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, պայքարում է ավելորդ քաշի եւ վաղաժամ ծերացման դեմ:
Ի դեպ, իր այս նախաձեռնության մասին Թալինը պատմել է նաեւ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշրջանի շրջանակում: Եվ դա պատահական չէր, քանի որ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը 2013 թվականը ճանաչել էր սագախոտի միջազգային տարի՝ հաշվի առնելով սագախոտի դերը սովի, թերսնման եւ աղքատության վերացման գործընթացում, ՄԱԿ-ն այդկերպ իրազեկում էր մարդկանց եւ փորձում նպաստել սագախոտի եւ եղեսպակի արտադրության ու սպառման ավելացմանը:
21-րդ դարում, երբ ամեն ինչ ավտոմատացված է, մարդու միջամտությունը օր օրի նվազում է, եւ մեքենաներն են փոխարինում մարդուն, «Մելինեի պարտեզ» ընկերությունը ցանքի եւ մշակության մեջ աշխատում է նոր տեխնոլոգիաների կիրառումը հասցնել նվազագույնի եւ խթանել ձեռքի աշխատանքը: Թալինը միտումնավոր է այսպես կազմակերպել. ասում է, որպեսզի աշխատանքներում ներգրավվեն մեծ թվով մարդիկ եւ աշխատանք ունենան: Ընտրվել են սահմանամերձ, գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքները, որտեղ նաեւ հաշվի են առնվել բնակլիմայական պայմանները՝ մշակաբույսի համար: Փորձնական և արտադրական ցանքեր են կատարվել Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում:
«Մենք ծրագրում ենք ստեղծել աշխատատեղեր սոցիալապես խոցելի խմբերի համար՝ ցանկանալով նվազեցնել արագ տեմպով աճող արտագաղթը»՝ սա «Մելինեի պարտեզի» տեսլականն է:
Ընկերությունը գյուղացիների հետ համագործակցելով, տրամադրելով նրանց համապատասխան գիտելիքներ եւ նյութական աջակցություն, ստանում է բերք: «Մելինեի Պարտեզի» արտադրանքը բերքահավաքից հետո հաշմանդամություն ունեցող անձինք են փաթեթավորում: Աշխատանքներում նաեւ մեծ թվով կանայք են ներգրավված որպես սերմնացաններ, բերքահավաքից հետո արտադրանքը մշակողներ, փաթեթավորողներ եւ այլն:
Թալինը համոզված է՝ ապագայում կկարողանա ստեղծել ավելի մեծ թվով աշխատատեղեր, նպատակ ունի զինծառայությունից վերադարձած երիտասարդներին ներգրավել իր արտադրությունում: Ինչո՞ւ հենց զինծառայությունից վերադարձած երիտասարդներին – այս հարցին ի պատասխան Թալինն ասում է՝ որովհետեւ նրանք հաճախ ստիպված են արտագաղթել՝ հայրենիքում հեռանկարային աշխատանք չգտնելու պատճառով:
Բացի այդ, «Մելինեի Պարտեզը» ընդլայնում է իր տեսականին բարձր սննդարար արժեք ունեցող այլ արտադրատեսակներով, ինչպիսին է, օրինակ, կոկոսի յուղը, որի մշակումը կատարվում է արդեն իսկ Հայաստանում: Մի խոսքով՝ «ՄելինեիՊարտեզ» ընկերությունը զբաղվում է առողջարար եւ մարդու օրգանիզմի համար օգտակար սննդատեսակների արտադրությամբ:
Թալին Քեւոնյանը վստահ է՝ իր ծրագրի նպատակներին հասնելու համար դեռ երկար ժամանակ պիտի աշխատի, հեշտ չէ, բայց երիտասարդ գործարարն, ինչպես ինքն է ասում՝ իր ներդրումով, իր ուժերի չափով փորձում է նպաստել Հայաստանին, հայ սպառողին ու երկրի տնտեսության աճին:
Նունե Բադալյան
Դիտումների քանակը` 3427