Մարոյի որոշումը . «Լռել հանուն ընտանիքի պահպանման»…
Մարոն ապրում է Գեղարքունիքի մարզում, ամուսնացած է արդեն 12 տարի, ունի երկու տղա: Նրա ընտանիքը Հայաստանի այն բազմաթիվ ընտանիքներից է, որոնք արտագնա աշխատանքի հաշվին են գոյատևում: Մարոյի ամուսինը 8-9 ամիս աշխատում է ՌԴ-ում, և տարվա ընթացքում միայն 3-4 ամիս է տանը լինում: Սակայն այդ ամիսներն` ինչպես պարզվեց վերջերս, այնքան էլ երջանիկ չեն Մարոյի համար: Այն որ տարիներ շարունակ ամուսինը ծեծել է նրան, ոչ ոք չի իմացել և հավանաբար ոչ ոք էլ չիմանար, եթե այդ ծեծի հետևանքով նրա մոտ առողջական խնդիրներ չառաջանային: Մարոն հրաժարվում է խոսել այս մասին, նա ասում է որ ամեն ինչ նորմալ է, և որ ընտանիք է ամեն ինչ էլ կպատահի, պետք չի տան աղբը դուրս հանել,« լուն դավա սարքել» և որ իր հարազատները զուր տեղը աղմուկ են բարձրացրել, եթե ինքն իմանար, որ ամեն ինչ այսպես կլիներ, երբեք ոչ մի բան չէր պատմի իր հորն ու քրոջը: Աշխարհով մեկ իրեն խայտառակ արեցին, հիմա էլ մնացել է իրեն «թերթին տային»…
Մարոյի ասած «թերթին տվողը» նրա քույրն էր, ով պատմեց մեզ մանրամասները, բայց մի պայմանով, որ անուն-ազգանուններն ու բնակավայրի մասին տեղեկությունը չեն հրապարակվի…
-Մենք անգամ չէինք էլ կասկածում, որ քրոջս ընտանիքում նման խնդիրներ կան,- պատմում է Մարոյի քույրը,- նա երբեք չի բողոքել, անգամ ինչ-որ ակնարկ, կամ անհանգստացնող բան չենք նկատել: Քրոջս ամուսնուն մենք գրեթե չենք տեսնում, միայն Նոր տարուց- Նոր տարի: Իհարկե նկատել էինք, որ խմիչքի հանդեպ սեր ունի, բայց մտածում էինք,« դե տղամարդ է, ով չի խմում»: Իսկ քույրս ամուսնու մասին միշտ միայն լավն է խոսել, ասում էր, որ ընտանիքին նվիրված մարդ է, շատ է սիրում իրեն և երեխանեևրին, ամեն ամիս փող է ուղարկում, ամեն տարի գալիս: Հաճախ էր օրինակ բերում իրենց համագյուղացի այն տղամարդկանց, որոնք ընտանիքը թողել ու գնացել են և ոչ միայն տարիներով չեն գալիս, այլև ընտանիքին ապրելու համար գումար էլ չեն ուղարկում:
Այս տարի հունիս ամսին էր, երբ քույրս խնդրեց հայրիկիս իրեն բժշկի տանել, նա մի տեսակ անհանհստացած և վախեցած էր` կրծքի մեջ ինչ-որ կշտուկ էր շոշափել: Հետազոտություններ անցկացնելուց հետո, բժիշկը հորս ասել էր, որ դա հարվածի հետևանք է, դա գոյացություն չէ:
Սկզբում քույրս համառորեն հերքում էր, որ ինչ որ հարված է ստացել կրծքին և ասում էր թե ընկել է: Ժողովուրդն ասում է. «ինչ կուզես իմանաս, տան երեխայից իմացի», մենք էլ քրոջս 6 տարեկան տղայից հարցրեցինք: Սկզբում նա վախենում էր որևէ բան ասել, որովհետև քույրս արգելել էր այդ մասին ընդհանրապես խոսել, բայց դե նա երեխա է, ի վերջո պատմեց, որ այս տարի հունվարին, Նոր տարվա տոներին «պապան մամային ծեծել էր, մամայի կողքն էր ցավում,- ասում էր նա, – ձեռքը, մեկ էլ այտն էր կարմրել, հետո կապտել էր»: Իսկ քրոջս մեծ տղան, ով 11 տարեկան է, զայրացավ, բարձր բղավում էր եղբոր վրա, ասելով. «դու խաբարբզիկ ես, կնիկ էս, տան եղածը հելնում ես ուրիշներին պատմում»…
Այս ամենից հուզված քույրս իհարկե պատմեց, որ իր ամուսնական կյանքում հաճախ է ամուսինը իրեն, ծեծել, երբ Հայաստանում է եղել: Պատահել է, որ խմած ժամանակ անգամ ընտանիքի այլ անդամների ներկայությամբ է իրեն ապտակել, ինչ-որ մի բան ուզել է և ասենք իրեն թվացել է թե քույրս ուշացրեց, կամ նման չնչին առիթներով: Իհարկե սկեսուրն ու սկեսրայրն այս ամենի ականատեսն են, հաճախ նրանք չեն թողնում, որ քրոջս խփի, կամ երբ ծեծել է քրոջս, իրենց տղային ամոթանք են տվել և չեն թողնում, որ շատ ծեծի: Բայց հետո անմիջապես սկսեց շատ խնդրել, որ սկեսուրը և սկեսրայրը հանկարծ չիմանան, որ այս մասին պատմել է մեզ: Եվ երբ հայրս զայրացած սկսեց հայհոյել նրա ամուսնուն, ի զարմանս մեզ քույրս սկսեց պաշտպանել ամուսնուն, ասում է, «ով ավելի հեշտ կյանք ունի, ամեն մեկին մի բախտ է բաժին ընկնում, ամեն մեկի մոտ մի խնդիր կա, ամեն մեկն իր ձևով է իր քարը քաշում, կարևորը մեր գլխին ա, առողջ երեխաներ ուեմ, մնացած ամեն ինչ անցողիկ ա»:
Բոլորս մինչև հիմա շոկի մեջ ենք այս ամենից և քրոջս պահվածքից, նա ամուսնուն այնպես է պաշտպանում, արդարացումներ գտնում, որ կարծես թե ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պետք է լինի, ասում է՝ մենք շատ ենք խառնվում, իր ընտանիքը քանդում ենք…
Հայրս առաջարկեց քրոջս երեխաներին վերցնել և գալ հայրական տանն ապրելու: Քրոջս պատասխանն ագրեսիվ էր, «ինչ է ինձ դու՞րս են շպրտել, տուն չունե՞մ ապրելու, տեղ չունե՞մ, որ գամ»: Ես էլ առաջարկեցի դիմել որևէ կանանց իրավապաշտպան կազմակերպության, սովորել ինչ որ մի արվեստ, որով կկարողանի իր երեխաների հոգսը հոգալ, ինձ էլ կոպտեց, ասում է «դու քո դարդը լացի, ես անտեր կնիկ չեմ, ես պահող ունեմ, ես իմ մարդուն էդ գելերի ձեռը չեմ տա, տանեն դատեն, իրանց ուզածն էլ հենց էդ ա, Եվրոպա-Եվրոպա են խաղում, ամբողջ գյուղում խայտառակ լինենք, մեզ բոլորը մատով ցույց տան, տղերքիս դպրոցում, փողոցում ձեռք առնեն»:
Այս դեպքից հետո քույրս համառորեն հրաժարվում է այս մասին խոսելուց, կամ մեր առաջարկած որևէ օգնությունից, անգամ ասում է, որ զղջացել է, որ մեզ դիմել է իրեն օգնելու համար, որ պատմել է իր «տան բացը», ձեռքի հեռախոսի համարն է փոխել, ասում է թե համարը «վառվել է», բայց ես կարծում եմ ինքն է փոխել համարը, որ մյուս հարազատները, ովքեր իմացել են այդ մասին, չզանգեն իրեն և հարցեր չտան, իմ զանգերին էլ միշտ չի որ պատասխանում է, ինձ անվանում է խայտառակիչ ու բերանբաց: Երբ հարցնում ենք, բուժումները արդյունք տվել են, կոշտուկը վերացել է, պատասխանում է, որ ամեն ինչ նորմալ է, ինչպես ասել էր բժիշկը, ներծծվել և անցել է, բայց այսքան բան տեսնելուց հետո ես իհարկե այնքան էլ չեմ հավատում, միգուցե նորից թաքցնում է ճշմարտությունը:
Դեպքի մասին խոսեցինք հոգեբան Մարիաննա Աբովյանի հետ, ում խոսքով, Մարոյի դիրքորոշումը բավականին տարածված է մեր ժողովրդի մեջ, ու իրականում նա ընդամենը վերարտադրում է հասարակության մի ստվար զանգվածի համար ընդունելի վարքն ու որոշումը…
– Եթե անդրադառնանք մեր ֆիլմերին, գրականությանը, այնտեղ հաճախ կարող ենք նման իրավիճակն արդարացնող կարծիքի հանդիպել… Հիշեք «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, երբ հերոսուհին ասում է ամուսնուն՝ «Գնա նրա մոտ նրան խփում ես, ինձ նույնիսկ չես խփում», այսինքն կինը մի տեսակ նախանձով է ասում, որ ամուսինը սիրուհուն ծեծում է: Կնոջ նման «խոնարհությունը» խորը հիմքեր ունի, և թթելադրված է հասարակության պատկերացումներով: Ու թեպետ հնարավոր չի, չի կարելի սովորել բռնությանը, դա ցավ է, դա ճնշում է, բայց եթե տվյալ կինը չի ուզում, որ իրեն, օգնեն, հետևաբար չես կարող օգնել: Շատ դեպքերում կանայք չեն խոսում ընտանիքում բռնության մասին, որովհետև տնտեսական կախվածություն ունեն: Հատկապես, եթե ամուսինը գնում է արտագնա աշխատանքի, գումար է ուղարկում, հագցնում, կերակրում է երեխաներին, տան հարցերը լուծում է, ապա կնոջ կարծիքով, նա ինչ-որ մի բանով կոմպենսացնում է իր նկատմամբ բռնի վարքը: Եվ կինը պատրաստ է համբերել՝ մտածելով, որ ամուսինը տարվա մեծ մասը այստեղ չի, այդ 3 ամիսն էլ մի կերպ կդիմանա, որ մյուս 9 ամիսը նորմալ ապրի. – նշում է հոգեբանը:
Ի դեպ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2016 թվականին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով հայ հասարակությունը, ցավոք, հակված է արդարացնել բռնությունը կանանց նկատմամբ: «Կինը ծեծի է արժանի որոշ դեպքերում » պնդման են համաձայնություն են հայտնել հարցված տղամարդկանց 35% -ը և կանանց 21%-ը: Իսկ, «Կինը պետք է հանդուրժի բռնությունը հանուն ընտանիքի պահպանման» պնդման են համամիտ են հարցված տղամարդկանց 45%-ը և կանանց 28%-ը: Այսինքն, յուրաքանչյուր երրորդ կինը պատրաստ է Մարոյի նման լռել հանուն ընտանիքի պահպանման…
Կ.Պետրոսյան
Լուսանկարը՝ Սիվիլնեթի տեսանյութից ՝ ՄԱԲՀ-ի «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում» զեկույցի վերաբերյալ
Դիտումների քանակը` 2194