«Որքան շատ են քեզ ճնշում, այնքան ավելի վճռական ես դառնում»
Այս տարի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը համալրվեց եւս մեկ իրավապաշտպան կառույցով, եւս մեկ հասարակական կազմակերպությունով, որի հիմնադիր նախագահը կին է: Մարինա Պողոսյանն իր ակտիվ գործունեությամբ արդեն հասցրել է արժանանալ ինչպես իրավապահ համակարգի, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությանը: Նրա հետ մեր հարցազրույցը իրավապաշտպան համակարգում կանանց դերի եւ վերջերս նրա նկատմամբ կիրառված բռնության մասին է:
– «Վելես»-ը թեեւ վերջերս է պաշտոնապես գրանցվել որպես հասարակական կազմակերպություն, բայց արդեն մեծ ակտիվություն է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը:
– Ընդամենը մի քանի ամսում մեզ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց իրավունքները խախտվել են, որոնք խարդախության զոհ են դարձել, կորցրել են իրենց տունը: Երբ քեզ են դիմում հուսալքված եւ տուժած անձինք, չես կարող անտարբեր լինել: Այս մարդիկ մեզ էին դիմում դեռեւս այն ժամանակ, երբ մենք չէինք գրանցել մեր կազմակերպությունը, եւ կարելի է ասել՝ ՀԿ գրանցելու անհրաժեշտությունն էլ առաջացավ հենց այդ մարդկանց շահերն առավել արդյունավետ պաշտպանելու համար:
– Հայաստանում կարծես կանայք առավել ակտիվ են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, հասարակական սեկտրում: Դուք ինչո՞վ կբացատրեք այս միտումը:
– Նախ՝ ես կարծում եմ, որ մարդու իրավունքները պաշտպանելու ցանկությունը պայմանավորված չէ սեռով, եթե դու ցանկանում ես մարդկանց օգնել, անպայման կօգնես, անկախ նրանից՝ դու կին ես, թե տղամարդ: Կանայք հասարակական ոլորտում ավելի ակտիվ են, քանի որ Հայաստանում պաշտոնները հատկապես իրավական ոլորտում զբացեղնում են տղամարդիկ: Դատական համակարգ, դատախազություն, ոստիկանություն, հատուկ քննչական ծառայություն. այս համակարգերը կարծես տղամարդկանց մենաշնորհը լինեն, մինչդեռ մենք բազմաթիվ որակյալ կին իրավաբաններ ունենք, որոնց համար նշված համակարգերում աշխատանք գտնելը շատ բարդ է: Չկարծեք, թե խոսքն իմ մասին է, ես իրավաբանական կրթություն չունեմ եւ որեւէ պաշտոնի չեմ հավակնում, ես ընդամենը ուզում եմ, որ մեր իրավապահ համակարգը իսկապես ծառայի մեր քաղաքացիներին:
– Ինչպիսի՞ փոփոխություններ կբերի կանանց մուտքը իրավապահ համակարգ:
– Ինչպես ցանկացած համակարգում, այստեղ եւս երկու սեռերի առկայությունը միայն դրական կանդրադառնա աշխատանքի որակի վրա: Հատկապես քրեական գործերով կանանց մասնակցությունը կօգնի, որպեսզի խնդիրը լուծվի բացառապես իրավական ճանապարհով, այլ ոչ թե «տղայական» սկզբունքներով: Օրինակ կին դատախազին կամ քննիչին չեն տանի ռեստորաններում «պատիվ տան», որպեսզի նա կոծկի գործը: Ես չեմ ասում, թե կանայք ընդհանրապես կաշառք չեն վերցնի, բայց ակնհայտ է, որ նրանց դեպքում ավելի դժվար կլինի գործը գլուխ բերել այլ եղանակներով:
– «Վելես»-ը մշտապես բարձրաձայնում է Հայաստանում գործող վաշխառուների խմբավորման մասին, տրվում են կոնկրետ անուններ: Արդյո՞ք վտանգավոր չէ պայքարել նման անձանց դեմ, որոնց գործողություններից, ինչպես Դուք եք նշում, տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
– Եթե ես անհանգստանայի ինձ սպառնացող վտանգների մասին, չէի հիմնադրի այս կազմակերպությունը եւ անձամբ չէի մասնակցի այդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Ես վստահ եմ, որ մենք հանուն արդարության ենք պայքարում եւ հասնելու ենք արդարության: Ովքեր անազնիվ են, օրինախախտ են, նրանք պիտի մտահոգվեն վտանգների մասին:
– Տիկին Պողոսյան, վերջերս Դուք ֆիզիկական բռնության էիք ենթարկվել մի տարեց կնոջ շահերը պաշտպանելու ժամանակ (դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ), արդյոք նման բիրտ մոտեցումը իրավապաշտպանների նկատմամբ չի՞ հիասթափեցնում Ձեզ:
– Իհարկե, շատ վիրավորական էր ինձ համար այդ միջադեպը, եւ մենք հետամուտ ենք լինելու, որ ինձ եւ այդ տարեց կնոջ վրա հարձակված դատական ակտերի հարկադիր կատարողները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Սակայն չեմ կարող ասել, թե ես հիասթափվում եմ նման բաներից, նույնիսկ հակառակը, որքան շատ են քեզ ճնշում, այնքան ավելի վճռական ես դառնում, այնքան ավելի ես համոզվում, որ դու պիտի անես այդ գործը եւ կարծես դրանից ավելի ուժեղ ես դառնում: Կարծում եմ, մեզ հետ գործ ունեցած անձինք արդեն հասկացել են, որ մենք հեշտ հանձնվողներից չենք:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 7148