«Խոսե՛ք, ժամանակն է, չափազանց ուշ է․․․խոսե՛ք»

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պուրակում, Մուղդուսյան արվեստի կենտրոնը տեղադրել է թվով 106 փոքր և 44 մեծ չափսի բուտաֆորիկ կակաչներ։ Կակաչները խորհրդանշում են Հայոց ցեղասպանության 106 ամյակն ու 2020 թվականին Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմը։ Արվեստի ինստալյացիայի հեղինակը նկարիչ Մարիամ Մուղդուսյանն է։ Նախաձեռնությունն  իրականացվել է Նաիրյան վոկալ անսամբլի հետ համատեղ։  

 

WomenNet.am-ին տված հարցազրույցում նկարիչն ասաց, որ իրենց թիրախը օտարազգի լսարանն է, այդ պատճառով էլ այսօրվա ակցիան ուղեկցվել է անգլերեն տեքստով։ Տեքստը լռության մասին է, այն երկրների լռության, ովքեր մինչ օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բավարար ջանքեր չեն գործադրել, որպեսզի կանխեն պատերազմը։ «Խոսե՛ք, ժամանակն է, չափազանց ուշ է, խոսե՛ք»,- հնչում է արտիստի ձայնը, որը ուղեկցվում է Նաիրյան վոկալ անսամբլի կատարումներով։

«Կակաչները պատերազմների, սպանությունների սիմվոլիկան են ամբողջ աշխարհում, և քանի որ մենք միջազգային հանրությանն ենք թիրախավորել, պիտի այնպիսի սիմվոլիկա ընտրեինք, որը հեշտությամբ հասկանելի կլինի բոլորի համար»,- բացատրում է Մարիամ Մուղդուսյանը։ Արտիստները կակաչները դիտմամբ տեղադրել են ոչ թե հողի վրա՝ խոտածածկ հատվածում, այլ քարե սալիկներին՝ տպավորություն ստանալով, որ ծաղիկները քարի միջից են աճել։ «Մեր երկիրն էլ քարերի մեջ գոյություն ունեցող կակաչ է, քարն ու ժայռը ճեղքելով ենք պահպանել մեր գոյությունը»,- ասում է նկարիչը։

 

Կակաչներն ամրացված են ծանր քարերին։ Այդ քարերը Մարիամը համեմատում է մեր սրտում ապրող ցավի հետ, միևնույն ժամանակ նշում, որ դրանք նաև բեռ են այն մարդկանց խղճի վրա, ովքեր չեն դատապարտում ոճրագործությունները։

«Մեր գլխավոր ուղերձը չլռելու մասին է, սակայն դիտողները կարող են սրանում դնել այն խորհուրդը, որը իրենք կտեսնեն»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը։

 

Այսօրվա ակցիային նախորդել էր Մուղդուսյան արվեստի կենտրոնի «Լռություն» արվեստի նախագծի տեսանյութի հրապարակումը։ Տեսանյութը ձայնի, պատկերի և երգերի համակցություն է, որով Նաիրյան վոկալ անսամբլի երգչուհիները և Մարիամ Մուղդուսյանն աշխարհին ցույց են տալիս, թե որքան ծանր գին է Հայաստանը վճարում միջազգային լռության դիմաց։

 

 

«Թե Հայոց ցեղասպանությունը, թե 2020 թվականի պատերազմը տեղի ունեցան աշխարհի լուռ մասնակցությամբ։ Անցած տարվա պատերազմը չէր լինի, եթե աշխարհը դատապարտած լիներ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը։ Այս նախագիծը մի ճիչ է, ընդվզում է անտարբերության և լռության դեմ»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը։

 

 «Արյունոտ լվացքը ցույց էր տալիս, որ քաղաքացիական անձինք են սպանվում Արցախում»

 

Նկարիչ Մարիամ Մուղդուսյանը 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ևս հանդես է եկել նորարար գաղափարով։ Այդ օրերին ինչպես Հայաստանում, այդպես էլ  Հայաստանից դուրս մեր հայրենակիցները տարբեր բողոքի ակցիաներ, երթեր, միջոցառումներ են կազմակերպել միջազգային հանրության ուշադրությունն Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների վրա բևեռելու նպատակով։ Այդ գործողություններից ամենատպավորիչն ու տարբերվողը Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյում, փռված արյունոտ լվացքն էր, որն արժանացել է նաև արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությանը։

 

 

Այդ արվեստի ինստալյացիայի հեղինակը ևս Մարիամ Մուղդուսյանն է, ով այդ ժամանակահատվածում բնակվում էր Կանադայում։ Նկարչի խոսքով՝ Կանադայի մայրաքաղաքում արյունոտ լվացք փռելը միջազգային հանրության մոտ ուշադրություն գրավելու փորձ էր։ «Շատ են եղել նույնատիպ գործողություններ, բողոքի ակցիաներ, երթեր, բայց դրանց մարդկանց աչքը արդեն սովոր է, շատերը չեն էլ ուզում տեղեկանալ, թե ինչ բովանդակություն ունի քո ակցիան, եթե ձևը նույնատիպ է, ինչ նախկինում արված բազմաթիվ ակցիաներինը։ Բայց կանադացիք հաստատ չէին սպասում պարանից կախված լվացք տեսնել իրենց փողոցում»,- ասում է Մարիամը՝ ավելացնելով, որ կրիտիկական իրավիճակներում արվեստագետներն ավելի ստեղծագործ են դառնում և նոր գաղափարներ են ծնում։

 

Նկարչի խոսքով՝ իրեն ոգեշնչել են Արցախ կատարած իր այցերը, որոնց ժամանակ նկատել է, որ Ստեփանակերտում դեռ պահպանված է լվացքը դրսում փռելու սովորությունը․ «Ամեն մի լվացք մի պատմություն է, այն պատմում է տվյալ ընտանիքի մասին, դու կարող ես լվացքից հասկանալ, թե այդ տանը քանի հոգի է ապրում, ինչ տարիքի, ինչ սեռի»։

 

 

Մարիամը նշում է, որ լվացքը հիմնականում կանայք են փռում, Տորոնտոյում ևս իրեն կանայք են օգնել արյունոտ լվացք ինստալյացիան կազմակերպելու հարցում։ «Ես ընդամենը մի քանի ամիս էի այնտեղ ապրում, բայց ծանոթացա ու մտերմացա հայ կանանց հետ, ովքեր այդ օրերին հսկայական աշխատանք կատարեցին։ Ես այնտեղ զգացի քրության ուժը»։

 

 

Հայ նկարիչը չէր ակնկալում, որ իր գաղափարը կարող է այդպիսի լայն արձագանք ստանալ։ Այդ ակցիայից հետո Մարիամը բազմաթիվ նամակներ է ստացել ինչպես հայրենակիցներից, այդպես էլ օտարազգիներից։ «Այդ օրերին Ադրբեջանը ռմբակոծում էր մեր քաղաքացիական օբյեկտները, հիվանդանոցները, բնակելի շենքերը, մենք պարանից կախել էինք քաղաքացիական հագուստ, արյունոտ լվացքը ցույց էր տալիս, որ քաղաքացիական անձինք են սպանվում Արցախում»,- հիշում է Մարիամը։  

 

 

Մարիամ Մուղդուսյանը նորարար գաղափարներ է հղանում ոչ միայն պատերազմի օրերին։ Վերջերս Երևանում կայացավ նրա նկարների անհատական ցուցահանդեսը։ Կտավներում պատկերված են կրծքագեղձի քաղցկեղ վերապրած կանայք։ Կտավների այս շարքը իր տեսակով նորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։

 

 

 

Տեքստի հեղինակ՝ Արման Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Լիլիթ Քոչինյանի, Մելինե Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից և

Անի Կատոկիի։

 

 

 

 

Դիտումների քանակը` 1255

Գլխավոր էջ