Մարիամ Հովհաննիսյան. Փոքր գյուղի մեծ ծրագրերով ավագանու թեկնածուն
Արարատի մարզի Դիտակ համայնք հարս եկած կանայք որոշել են համայնքում փոփոխություն կատարել. տղամարդիկ էլ չեն խոչընդոտում, մի բան էլ ողջունում են:
Հունիսի 9-ին հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրութjուններ են կայանալու: Դիտակ համայնքում ավագանու 6 թեկնածուներից 5-ը կանայք են, հինգն էլ այլ համայնքներից են այս գյուղ հարս եկել, երեխաներ ունեցել, ոմանք նույնիսկ թոռնատեր են, տուն-տեղը դրել են, հիմա հերթը համայնքը զարգացնելուն է:
30 ամյա Մարիամ Հովհաննիսյանն էլ առաջադրվել է որպես ավագանու թեկնածու, ասում է՝ լավ պատկերացնում է, ինչ պետք է անել, որպեսզի գյուղում նոր ծրագրեր իրականացվեն: «Փոքր գյուղ է, բոլորս իրար ճանաչում ենք, գիտենք՝ ով ինչի շնորհք ունի: Օրինակ՝ կան կայանք, որոնք շատ լավ ձեռագործ աշխատանք են անում, մյուսները՝ կարուձև: Պետք է նրանց ներուժն օգտագործել, ծրագրեր գտնել, որպեսզի այս կանանց զբաղվածություն ունենան: Եթե կարողանանք ինչ-որ ծրագրեր գտնել, որ նրանց աշխատանքը գնահատվի, արդեն ոչ միայն իրենց համար ձեռագործ աշխատանք կանեն, այլև շուկա դուրս կգան»,-ասում է Մարիամը:
Մարիամն ակտիվ է, աշխատասեր, սիրում է գյուղը, պտղատու այգի ունեն, ջերմոց, լավաշ է թխում, երկու երեխաներին տանում է երգի ու պարի խմբակներին: Թվում է գյուղի ու հողի գործի ծանրաբեռնվածությամբ անհնար կլինի մի հատ էլ մտածել գյուղի խնդիրների մասին: Չէ, Մարիամն ասում է՝ ամեն ինչ ժամանակին հասցնում է ու այդ ամենով սիրով է զբաղվում:
Մարիամը մի ծրագիր էլ ունի՝ գյուղի կանայք կարող են համեղ չրեր պատրաստել. արևը կա, միրգը գյուղում լիուլի է, շատերը տանն իրենց միջոցներով պատրաստում են, բայց պետք է բիզնես-ծրագիր մտածել, որ կանանց ձեռքով պատրաստած չիրը շուկայական ապրանք դառնա, սիրուն փաթեթավորվի ու մեծ շուկա դուրս գա.«Մերոնք աշխատանքից վախեցողը չեն»:
«Սովորոբար գյուղացիների խնդիրը ո՞րն է լինում, հողերը չեն կարում մշակեն՝ ջուր չլինելու պատճառով, մենք այդ խնդիրը չունենք: Բայց մի շատ լավ մանկապարտեզ ունենք, բարերարների օգնությամբ վերանորոգվել է, սիրուն կահավորվել, բայց փակվեց մանկապարտեզը, ֆինանսավորում չկա: Մամաներն իրենց երեխաներին կողքի համայնքների մանկապարտեզ են տանում, մի մասն էլ չի տանում: Սա լուրջ խնդիր է: Եթե մանկապարտզեը սկսի գործել, կանայք երեխաներին հենց մեր գյուղի մանկապարտեզ տանեն իրենց երեխաներին, իրենք էլ հանգիստ կլինեն ու կկարողանան աշխատանք գտնել: Եթե ընտրվեմ ավագանու անդամ, արդեն ներսում լինեմ, հասկանամ ՝ ինչ իրավիճակ է, միգուցե կարողանանք մանկապարտեզի խնդրի լուծման միջոցներն էլ գտնել»,-ասում է Մարիամը:
Մարիամը 2 մասնագիտություն ունի, 1-ինը՝ բուժքույր, 2-րդը՝ նախակրթարանում դաստիրակ.«Երբ մեր մանկապարտեզը բացվեց, ես 2-րդ դաստիրակ էի աշխատում: Գյուղում աշխուժություն էր մտել, գյուղի հարսները, որ տանից դուրս չէին գալիս, ուրախացել էին, իրենց երեխաների հետ դուրս էին գալիս, եռանդ ու փոփոխություն կար: Հետո մանկապարտեզը փակվեց, էդ ամենը կորավ: Փոքր երեխաներն էդ սիրուն տեղից կտրվեցին, ամբողջ օրը դրսերում՝ արևի տակ: Հետո, որ ավագանու ընտրություններին մասնակցելու առաջարկություն ստացա, մտածեցի՝ մանկապարտեզի հարցը պիտի առաջինը բարձրացնեմ»: Մարիամը մտածում է՝ մանկապարտեզից հետո գյուղում երեխաների համար խաղահրապարակ հիմնեն, ժամանցի կենտրոն ունենան, որպեսզի երեխաների օրը հագեցած լինի, ընտանիքները չհեռանան գյուղից:
Մարիամի ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի, երբ որոշում էր կայացրել, որ իր թեկնածությունն առաջադրելու է, զանգահարել էր ամուսնուն ու իր որոշման մասին ասել: Դեմ չէր ամուսինը, խրախուսել էր ու ուրախացել:
Ավագանու թեկնածուն ասում է՝ երբ ընտրվի ավագանու անդամ, ավելի հստակ կպատկերացնի գործունեությունը, թե՝ ինչ կարելի է անել, որպեսզի գյուղում մարդիկ իրենց փոքր բիզնեսն ունենան, փոքր ֆերմերային տնտեսություն հիմնեն, որովհետև կարծես նախադրյալները կան, բայց ինչ-որ բան պակասում է, այ դա պիտի հասկանան: Ասում է՝ կանայք ավելի գործունյա են ու կազմակերպված, ինչպես ընտանիքում ու տանն են հասցնում ու ամեն ինչ տեղը տեղին անում, կանայք համայնքում էլ կարող են ամենը լավ կազմակերպել:
Թե ինչո՞ւ են այս գյուղում ավելի շատ կին թեկնածուները, Մարիամն ասում է՝ երևի հիմնական պատճառը արտագաղթն է, երիտասարդ տղամարդիկ արտագնա աշխատանքի են, ու կանայք գյուղում ավելի աշխույժ են: Ասում է՝ նախորդ տարվա հեղափոխական իրադարձություններում էլ շատ կանայք մասնակցեցին, սա ոգևորիչ ու լրացուցիչ խթան էր այս համայնքում կին թեկնածուների համար.«Կանայք հասկացան՝ իրենց ձայնը դեր ունի, դրա համար էլ առաջադրվեցին որպես ավագանի»:
Նունե Բադալյան
Դիտումների քանակը` 1244