Մարիա Սահակյան.« Ես ու կինոն սիրում ենք իրար և ուզում ենք միասին լինել»

Հունվարի 28-ին  Մոսկվայում վաղաժամ մահացել է հայազգի  ռեժիսոր, սցենարիստ, հեղիանակային կինոյի վարպետ  Մարիա Սահակյանը: 37-ամյա հայուհու մահվան պատճառ է դարձել քաղցկեղը: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մ. Սահակյանը հասցրել էր արժանանալ բազմաթիվ մրցանակների:

 

Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թ․ Երևանում, 90-ականների ծանր տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը, Վլադիմիր Կոբրինի արվեստանոցը: Նրա դիպլոմային աշխատանքը՝ կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում և «Սուրբ Աննա» փառատոնի դիպլոմ:

 

2006 թ․ էկրան բարձրացավ նրա առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Փարոսը», որում Մարիան աշխատել է այնպիսի երևելի արտիստների հետ, ինչպիսիք են Սոս Սարգսյանը և Սոֆիկո Չիաուրելին: Սա ֆիլմ էր պատերազմի մասին` առանց պատերազմի: Այն մասնակցել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին «Հեռանկարներ» ծրագրում, իսկ երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Նրա 2012-ին նկաչահանված  «Էնտրոպիա» ֆիլմում նկարահանվելէին   Քսենիա Սոբչակը, Վալերիա Գայ-Գերմանիկան, Դիանա Դելը,  Եվգենի Ցիգանովը և Դանիլա Պոլյակովը: Մարիա Սահակյանի հեղինակած «Ալավերդի» կամ «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացավ «Հայակ» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Այդ ես չեմ»-ը արժանացավ նաև «Կինոշոկի» Լավագույն ռեժիսորական աշխատանք մրցանակին։

 

«Ես գիտեմ` ինձ ինչն է երջանիկ դարձնում, ու դա կինոն է: Ինչքան քեզ կդնես մի բանի մեջ, այնքան էլ հետ կստանաս: Եթե մի բան չի ստացվում, պետք է մտածես, որ քեզ այնքան չես տվել, ինչքան պետք էր, – ասում է Մարիան: – Ես ու կինոն սիրում ենք իրար և ուզում ենք միասին լինել», – ասում էր Մարիան:

 

Մարիան  հայտնի հրապարակախոս,  տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևայի թոռնուհին է: Նա ունի 5 զավակ, որոնք այժմ ԱՄՆ- ում հոր հետ:

 

***

 

Տեղեկացնենք, որ փետրվարի 3-ին   երեւանյան  Լոֆտ կենտրոնի  «Դիտանկյուն» ակումբը  ՝ համատեղ National Cinema Center of Armenia-Հայաստանի ազգային կինոկենտրոն-ի եւ Կինոաշխարհ Kinoashkharh-ի, առաջարկում են դիտել Մարիա Սահակյանի  կինոկենսագրության մեջ առանձնակի նշանակություն ունեցող «Այդ ես չեմ» ֆիլմը: Ցուցադրության արդյունքում գոյացած հանգանակությունը կփոխանցվի Մարիայի հինգ փոքրիկների համար բացված հաշվեհամարին։

 

 

Երեկոն կվարի «Դիտանկյուն» կինոակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։ ։
Մանրամասները կարող եք գտնել Լոֆտ-ի ֆեյբուքյան էջում.   https://www.facebook.com/The.LOFT.center/

 

 

Գրանցման հեռախոսահամար՝ 043 408 864

 

Երեկոն նվիրված է Մարիա Սահակյանի հիշատակին

Դիտումների քանակը` 3391

Գլխավոր էջ