Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները աշխատանքը մեկ ժամով շուտ կավարտեն. նախագիծ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել ժամը 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ն է:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:
«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատարծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը», – ասված է հիմնավորման մեջ:
«Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, քանի որ հիշյալ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը», – նշում են նախագծի հեղինակները:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կրկին մանկապարտեզների աշխատանքային ժամերի մասին. պատասխան քաղաքապետարանից
Մանկապարտեզների աշխատանքային ժամերի խնդիրը. լուծումների սպասումով
Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ
Դիտումների քանակը` 2956