Մանե Թանդիլյանն Արցախում նախարար կնշանակվի

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր Արցախ է մեկնելու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը: Ըստ պարբերականի տեղեկությունների, Մանե Թանդիլյանին Ստեփանակերտում սպասում են, քանի որ արցախյան իշխանությունները նպատակ ունեն նրան այսօր նշանակել Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

 

Հղում անելով իր աղբյուրներին պարբերականը հայտնում է,  որ Մանե Թանդիլյանին այդ պաշտոնում նշանակելու տարբերակն առաջարկել են ՀՀ քաղաքական իշխանությունները եւ վերջինս համաձայնվել է գնալ Ստեփանակերտ ու աշխատել:

 

Նշենք, որ Մանե Թանդիլյանի նշանակումն այնքանով է տարօրինակ, որ վերջինս սույն թվականի օգոստոսի 14-ին հայտարարեց, թե առողջական խնդիրների պատճառով հեռանում է քաղաքականությունից ու վայր է դնում իր պատգամավորական մանդատը: «Տեւական ժամանակ է`ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ», – հայտարարել էր Թանդիլյանը:

 

Հ.Գ.  Մանե Թանդիլյանն այս օրերին  կրկին ակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը՝ հետևյալ գրառումն անելով. 

 

«Սիրելի հայրենակիցներ,
 
 
ինչպես նախկինում հայտնել եմ, ունեմ առողջական խնդիրներ, որի բուժման նպատակով հոկտեմբերին պետք է մեկնեի արտերկիր, սակայն պատերազմը շատերիս փոխարեն որոշումներ կայացրեց։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․
 
 
Այդ ժամանակ իմ իսկ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն։
Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․»
 
 
 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը և դուրս է գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից

 

Դիտումների քանակը` 1103

Գլխավոր էջ