Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը և դուրս է գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում` մանրամասնելով, որ առողջական խնդիրների պատճառով է նման որոշում կայացրել:
«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․ Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ», – գրել է պատգամավորը։
Դիմելով լրագրողներին նա նշել է, որ այս թեմայով այլևս հայտարարություններ ու մեկնաբանություններ չի անելու: Իսկ իր ֆեյսբուքյան ընկերներին տեղյակ է պահել, որ տաս օրվա ընթացքում ապաակտիվացնելու է իր հաշիվը սոցցանցում։
***
Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կազմում: Թանդիլյանը
2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար, 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։
2018 թվականի մայիսի 11-ին՝ Թավշյա հեղափոխությունից հետո, նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին՝ դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից: Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը, և վերջինս կշարունակի պաշտոնավարել։
2018 թվականի նոյեմբերի 14-ին երկրորդ անգամ հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում և ընտրվել 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր: Նա նաև ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։
Հ.Գ. Հայտնի է, որ Մանե Թանդիլյանին խորհրդարանում փոխարինելու է Ստեփան Ստեփանյանը: Այս մասին հայտարարում է կուսակցությունը՝ պարզաբանելով, որ Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին։
Նշենք, որ կուսակցության նման որոշման արդյունքում խմբակցությունում կանանց ներկայացվծության տոկոսն իջնում է մինչև 17.6%, մինչդեռ գործող Ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 15 կետով որոշակի երաշխիքներ են նախատեսված ընտրված մարմնում 25/75 համամասնաություն սահմանող քվոտայի պահպանման նպատակով:
Մասնավորապես.
«Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա»:
Այսինքն, ստացվում է, որ «կին պատգամավորին ցուցակով հաջորդ կնոջով փոխարինելու» պահանջը վերաբերում է միայն համապետական ցուցակներով ընտրվածներին, իսկ Մանե Թանդիլյանը ժամանակին ընտրվել էր տարածքային ցուցակով:
Դիտումների քանակը` 1203