Մանե Բաբայան. «Կարծում եմ, ամեն ինչի հիմքում որակյալ կրթությունն է»

Մանե Բաբայանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից։ Համամասնական ցուցակի չորրորդ տեղում է, ռեյտինգային կարգով առաջադրված է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ  12 ընտրատարածքում։ Կուսակցության խորհրդի անդամ է, մինչ այս  որևէ կուսակցության անդամ չի եղել։

 

Ծնվել է 1979թ  Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում, ավարտել է միջնակարգ դպրոցը, ընդունվել է Ճարտարագիտական համալսարան։ Մասնագիտությամբ նախագծող, ճարտարագետ է։ Համալսարանն ավարտել է գերազանց առաջադիմությամբ, հենց նույն տարում էլ  ընդունվել է աշխատանքի ՏՏ ոլորտում։ Աշխատել է առաջատար մի շարք ՏՏ ընկերություններում, այս պահին «Սինոփսիս Արմենիա»-ում է։

 

«Մեր կուսակցությանը վստահելու դեպքում, ես անցնելու եմ ԱԺ և ներդնելու եմ ունեցածս գիտելիքներն ու ներուժը մեր հայրենիքի զարգացման ու զարթոնքի պատասխանատու և պատվաբեր գործում»,-WomenNet.am-ի հետ զրույցում ասում է Մանե Բաբայանը։

 

Ինչպե՞ս եղավ, որ որորոշեցիք զբաղվել քաղաքականությամբ։

– Դեռ 2008  թվականից միշտ ակտիվ եմ եղել քաղաքացիական դաշտում, մասնակցել եմ բողոքի բազմաթիվ ակցիաների և շարժումների, մասնավորապես էլեկտրաէներգիայի  թանկացման դեմ, ՊՊԾ գնդի գրավման օրերին եմ պայքարել,  թավշյա հեղափոխության հետ եմ եղել։ Ավելի ուշ ծանոթացա «Ազգային առաջընթաց» կուսակցության հիմնադիրների հետ, ծրագրին, այն հավանեցի  և որոշեցի միանալ  քաղաքական այդ թիմին՝ հանուն ազգանվեր նպատակի։ Կուսակցության խորհրդի անդամ եմ։ Խորհուրդում ընդգրկված է 21 մարդ,  առաջնորդվում ենք կոլեգիալ սկզբունքով։ Պատգամավորի թեկնածուների կազմը որոշվել է կուսակցության խորհրդի անդամների առաջադրմամբ և համաձայնությամբ։ Թեկնածուները, այդ թվում և ես, հաստատել ենք պատրաստակամություն, ներդնելու ողջ գիտելիքներն ու ներուժը մեր հայրենիքի զարգացման գործում։

 

Դուք առաջադրված եք Վայոց Ձորում, որտեղ ծնվել եք ու մեծացել։  Որո՞նք են այդ մարզերի այն առաջնահերթ խնդիրները:

 

-Կարող եմ ասել, քաջատեղյակ եմ խնդիրներին։ Գյուղական վայրերում դրանք  հիմնականում կապված են գյուղատնտեսության ոչ լավ վիճակի հետ, աշխատատեղերի պակասի հետ։  Առաջնայինը, երիտասարդների աշխատանքի և զբաղվածության հարցն է։ Աշխատանք չգտնելու հետևանքով նրանք մեկնում են արտագնա աշխատանքի, գյուղերն ու քաղաքներն օրեցօր դատարկվում են։ Սա ցավալի, շատ ցավալի խնդիր է, որի լուծումը պետք է սկսել հենց այս պահից։ Հաջորդ խնդիրը հողերի՝ ոչ ռացիոնալ  օգտագործումն է, ազատ շուկայական դաշտի բացակայությունը,  ինչպես նաև ոռոգման ջրի, գյուղատնտեսության համար վտանգավոր աղետների՝ հիմնականում կարկուտի, նորագույն տեխնիկայի, ցածր տոկոսադրույքով վարկերի, գործարանների և գնային ազատ մրցակցության, ներդրումային և տարատեսակ խնդիրների առկայությունն է։ Եվ երրորդը մշակույթային , արդյունաբերական, կրթական, սպորտային ոլորտներում միջոցառումների, ակտիվ կյանքի բացակայությունն է, ինչն էլ իր հերթին է բերում   գյուղերի և քաղաքների դատարկմանը։

 

Ձեր կուսակցությունը միակն է, որ կանայք ընտրացուցակում կեսից ավելին են։ Ընտրվելու դեպքում, պատրա՞ստ եք պաշտպանել նրանց շահերը խորհրդարանում։

-Այո, բացի ցուցակից, կանանց ներգրավվածությունը մեծ է նաև մեր կուսակցությունում։ Դա մեկ անգամ ևս փաստում է, որ  չենք կարող անտարբեր լինել կանանց խնդիրների նկատմամբ։ Կանանց շահերը պաշտպանում և պաշտպանելու են մեր թիմի բոլոր անդամները, անկախ նրանից կընտրվեն, թե ոչ։ Իհարկե, ընտրվելու դեպքում գործիքներն ու հնարավորություններն ավելի շատ կլինեն։

 

-Ձեր դիրքորոշումը կանանց նկատմամբ խտրականության ու անհավասարության դրսևորումները հաղթահարելու հարցում…

-Կարծում եմ, որ կանայք պետք է ստանան որակյալ կրթություն, ունենան մասնագիտություն, լինեն անկախ և ներգրաված երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին։ Կնոջ դերը թե´ հասարակական, թե´ քաղաքական կյանքում ունի իր հստակ, նշանակալի դերն ու կարևորությունը։ Գենդերային անհավասարությունը ընդհանրապես անընդունելի է։

 

Համաձա՞յն եք այն կարծիքին, որ պետությունն արդյունավետ կերպով չի  օգտագործում  մեր կանանց ներուժը։

-Հայաստանում ընդհանրապես քաղաքացիների ներուժը ռացիոնալ չի օգտագործվում, հետևաբար կանանց ներուժի օգտագործման արդյունավետությունն էլ ցածր է: Այստեղ ամեն ինչ պարզ է, եթե մենք մարդկային կապիտալի լիարժեք օգտագործման մոդել ունենանք, ապա կանանց ներուժի օգտագործման հարցն էլ իր լուծումը կստանա։ Մանավանդ մարզերում այդ խնդիրը շատ վառ կերպով է արտահայտված։ Պետք է լուրջ աջակցություն ցուցաբերել կանանց իրենց դրսևորելու համար։ Կարծում եմ, ամեն ինչի հիմքում որակյալ կրթությունն է։ Ուստի ես առաջնահերթությունը տալու եմ կրթական մակարդակի բարելավմանը և բազմակողմանի զարգամանը նպաստող տարբեր ծրագրերի իրականացմանը, սկսած մարդու ամենավաղ տարիքից՝ մանկապարտեզից։

 

Կին քաղաքական գործչի  հաջողության Ձեր բանաձևը ո՞րն է: Ի՞նչ դժվարություններ եք տեսնում այդ ճանապարհինի՞նչ հատկանիշներ են հարկավոր կնոջը դրանք հաղթահարելու համար։

 

-Քանի որ քաղաքականությունում ես սկսնակ եմ, նոր-նոր եմ  քայլեր անում,  վաղ եմ համարում խոսել  հաջողության բանաձևի  կամ դժվարությունների մասին, միայն գիտեմ որ սերը հայրենիքի և ժողովրդի հանդեպ կհաղթահարի բոլոր դժվարություններն ու արգելքները։

 

Ինչպե՞ս եք վերաբերվում քվոտավորմանը, և ինչպիսի՞ն պետք է լինի քվոտան։ Համամի՞տ եք բոլոր ոլորտներում 50/50 գաղափարի հետ։ Պատրա՞ստ եք այդ գաղափարը  պաշտպանել հետագայում։

 

-Քվոտավորում որոշ բնագավառներում անհրաժեշտ է, բայց կարճաժամկետ։ Պետք է նախ դրա օգնությամբ մեծացնենք կանանց ներգրավածությունը տարբեր ոլորտներում, բայց  միաժամանակ պիտի զարգացնենք այնպիսի մշակույթ, որ գնահատվի անձի անհատական հատկանիշները՝ առանց գենդերային տարբերակման: Պետք է ամեն ինչ անել, որ նախապատվությունը տան անձի ունեցած գիտելիքներին, կազմակերպչական ու այլ հմտություններին, ղեկավարելու կարողությանը, ոչ թե սեռային պատկանելությանը։ Այս գործոնը երբեք չպետք է որոշիչ լինի կանանց՝ ղեկավար դառնալու ճանապարհին։
 


Ի՞նչ կասեք  կին ընտրողներին։

-Ակտիվ ու նախաձեռնող եղեք, համարձակ եղեք, ձեզ ազատեք կարծրատիպերից։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին որևէ կերպ իր փոքրիկ ներդրումն  ունենա հայրենիքի, պետության զարգացման և առաջընթացի պատվաբեր գործում։

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 1423

Գլխավոր էջ