Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Հայաստանում քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև աշխատանքի էլեկտրոնային բորսա ստեղծելու հնարավորությունը, երկուշաբթի ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թ.–ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ։
Նրա խոսքով, 2018 թ.–ին կառավարությունը նախատեսում է իրականացնել երեք նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնավորապես, արդեն ներկայացվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի և աշխատանքի համատեղման հնարավորության օրենսդրական նախաձեռնությունը։
«Մենք նախատեսում ենք հնարավորություն ընձեռել երիտասարդ մայրիկներին համատեղել աշխատանքն ու մինչև 3 տարեկան երեխայի խնամքը, երբ մայրիկը կարող է գտնվել դեկրետային արձակուրդում օրինական հիմունքներով։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք երիտասարդ մայրիկին աշխատանքի ժամանակ տրամադրել դայակ, որի ծառայությունների դիմաց կվճարի պետությունը», – ասաց Ասատրյանը։
Նախարարը միաժամանակ չնշեց դայակի տրամադրման պայմաններն ու նրա ծառայությունների դիմաց վճարի չափը։
Միաժամանակ նա նշեց, որ նախարարությունը նաև նախատեսում է փոխել իր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում` ստեղծելով աշխատանքի էլեկտրոնային բորսա։
«Էլեկտրոնային բորսան թույլ կտա լուծել ոչ միայն գործազուրկների զբաղվածության խնդիրը, որոնք գտնվում են հաշվառման մեջ աշխատանքի բորսայում, այլև այն անձանց, որոնք ցանկանում են հետաքրքիր աշխատանք գտնել ինքնուրույն և առանց լրացուցիչ ծախսերի», – ասաց Ասատրյանը։
Դիտումների քանակը` 6413