Հայ կանայք ՏՏ ոլորտում արել են ամենադժվարը․ կոտրել են կարծրատիպը, թե սա կնոջ տեղը չէ․ Լուսինե Թանգյան
Աշխարհում ՏՏ ոլորտում աշխատող կանանց թիվը խիստ սահմանափակ է՝ շուրջ 13 տոկոս։ Հայաստանում, մինչդեռ, այս թիվը հասնում է շուրջ 35 տոկոսի։ Սա բացառիկ ցուցանիշ է, որը լավատեսության հիմքեր է տալիս։ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության, առկա խնդիրների, կրթության կարևորության և կարծրատիպերի մասին WomenNet.am-ը զրուցել է ՏՀՏ գործատուների միության բիզնեսի զարգացման տնօրեն Լուսինե Թանգյանի հետ։
– Ի՞նչ գործունեություն է ծավալում այս պահին ՏՀՏ գործատուների միությունը։
– Միության ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում է կրթության ոլորտը, քանի որ մենք հավատացած ենք, որ միայն կրթության միջոցով է հնարավոր ապահովել երկրի կայուն զարգացումը։ Մեր միությունը 46 անդամ կազմակերպություններ ունի, այդ թվում նաև՝ Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունները։ 2010 թվականից ՏՀՏ կրթական ծրագիր ենք իրականացնում Հայաստանի մի շարք դպրոցներում, 2020 թվականին Synopsys–ի կողմից դրամաշնորհ ստացանք՝ դպրոցներում արհեստական բանականության դասավանդման համար։ Այս դասընթացի իրականացման համար, իհարկե, մարտահրավեր դարձավ համավարակը, և մենք ստիպված եղանք թվայնացնել դասընթացները, սակայն գործընթացը կանգ չի առել։ Բացի այդ, մենք մեկնարկել ենք միջազգային տեխնոլոգիական համաժողով, որն անվանել ենք Silicon Mountains։ Այս ծրագրով մենք նպատակ ունենք դիրքավորելու մեր երկիրը աշխարհում՝ որպես տեխնոլոգիապես զարգացած, ինժեներական լուծումներ առաջարկող, բարձրակարգ մասնագետների երկիր։ Silicon Mountains-ը միավորում է ոչ միայն դպրոցական և համալսարանական կրթական ծրագրերը, այլ նաև միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովները և մարզային համաժողովները։ Մենք տարածվելու ենք ամբողջ Հայաստանով՝ տարածելով որակյալ տեխնոլոգիական կրթությունը, ՏՀՏ լուծումները տնտեսության տարբեր ճյուղերում՝ նպաստելով երկրի հզորացմանը։ Այս հավակնոտ նախագիծը մարտահրավեր է աշխարհին և ինքներս մեզ։ Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը 1-2-օրյա միջոցառում է, որը նվիրված է խելացի լուծումների կիրառությանը տնտեսության տարբեր ճյուղերում։
Մեր մյուս նախագիծը Startup Movement-ն է, որն իրականացվում է BANA կազմակերպության հետ համատեղ: Նախաձեռնության շրջանակներում ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ բացահայտվում են հասարակության մեջ առկա տաղանդները, համակարգված ձևաչափով իրենց են փոխանցվում կարևոր գիտելիքներ՝ մարքեթինքի, ֆինանսների, հաշվապահության, իրավաբանության և, իհարկե, ՏՏ ոլորտներից: Այս ամենի արդյունքում ստեղծվում են ստարտափներ, որոնք լուծումներ են առաջարկում ՏՏ, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտների համար: Հաջողված նախագծերը հնարավորություն են ունենում գտնել ֆինանսավորում՝ հետագա զարգացման համար։ Այս նախագիծը նախատեսված է միայն ուսանողների համար։ Ի դեպ, պետք է նշեմ, որ Startup Movement-ի մասնակիցների թվում գերակշռում են աղջիկներից կազմված խմբերը։
– Միության ուշադրության կենտրոնում են նաև մարզային դպրոցները։ Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում հատկապես մարզերում բնակվող երեխաների համար։
– Այո, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին շատ ընկերություններ փորձում են իրենց գործունեությունն ուղղել նաև մարզեր, ակնհայտ է, որ Երևանի և մարզերի կրթական հնարավորությունները դեռևս խիստ տարբեր են մնում։ Մեր նպատակը նաև մարզաբնակ աշակերտների համար կրթական լավագույն հնարավորությունների ապահովումն է։ Այդ նպատակով, օրինակ, իրականացնում ենք նաև Silicon Mountains մարզային տեխնոլոգիական համաժողովնը՝ միավորելով առաջատար կազմակերպությունների, ստարտափների, մարզային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Միջոցառման շրջանակներում իրականացվում են մարզերում ՏՀՏ գործիքակազմի տարածմանն ուղղված պանելային քննարկումներ։
– Դուք նշեցիք վերջին տարիներին ՏՏ ոլորտում ներգրավված կանանց և աղջիկների ակտիվության մասին։ Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է վկայում Հայաստանում ոլորոտւմ զբաղված կանանց աննախադեպ թիվը։
– Նախ, պետք է նշել, որ այո, Հայաստանում ՏՏ ոլորտում ներգրավված կանանց թիվը հասնում է 35 տոկոսի։ Սա, իրոք, աննախադեպ ցուցանիշ է ողջ աշխարհում։ Ես սրա համար մի քանի բացատրություն ունեմ։ Նախ, պետք է ընդունել, որ մենք՝ հայերս, հակված ենք դեպի մաթեմատիկան, տեխնոլոգիաները, ճշգրիտ գիտությունները, սա մեր յուրօրինակ առանձնահատկությունն է։ Բացի այդ, կարծում եմ, ոլորտի ընդհանուր զարգացմանը և հատկապես կանանց ներգրավվածությանը մեծապես նպաստեց նաև այն, որ ՏՏ ոլորտը պետության համար առաջնահերթություն համարվեց։ Սա նպաստեց ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։ Քիչ կարևոր չէ նաև այն, որ ժամանակները փոխվել են, և շատ դեպքերում աղջիկներն այլևս չեն առաջնորդվում հասարակական կարծրատիպերով՝ իրենց մասնագիտության կամ աշխատանքի ընտրության հարցում։ Եթե աղջիկը վստահ է իր կարողությունների, հմտությունների, իր խելքի վրա, ՏՏ ոլորտը ճիշտ իր տեղն է։ Մենք՝ կանայք, այստեղ նաև առավելություն ունենք․ ի տարբերություն տղամարդկանց, մենք «multitasking» ենք, այսինքն՝ կարողանում ենք միանգամից կենտրոնանալ մի քանի խնդիրների վրա և լուծել դրանք միաժամանակ։
– Ըստ էության, ՏՀՏ գործատուների միությունը ոլորտի հետ առնչվում է դպրոցից մինչև աշխատաշուկա ընկած ողջ շղթայի ընթացքում։ Դա կարևոր է մի շարք դիտարկումներ անելու համար։ Հետաքրքիր է, ե՞րբ է ՏՏ ոլորտը հետաքրքիր դառնում կանանց և աղջիկների համար։ Այն ցանկալի ոլորտ է միայն այն պատճառով, որ համարվում է ամենալավ վարձատրվողներից մեկը, թե՞ հետաքրքրությունը մեծ է հենց կրթական ծրագրերի մակարդակում, դպրոցում։
– Սա, իմ կարծիքով, շատ կարևոր հարց է։ Պետք է նշեմ, որ հետաքրքրությունը ահռելի է հենց դպրոցական աղջիկների շրջանում։ Սա նշանակում է, որ մեր աղջիկները սկսել են ավելի լավ պատկերացնել իրենց հետագա կարիերայի ընտրության կարևորությունը, ուզում են փորձել ներգրավված լինել մի քանի ոլորտներում՝ հետագայում ճիշտ կողմնորոշվելու համար։ Որպես օրինակ ուղղակի ասեմ, որ շուրջ 15 տարի է, ինչ Հայաստանը միացել է «Տեխնովացիա» աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթին, որը նախատեսված է 10-18 տարեկան աշակերտուհիների համար։ Այս մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրներից:
2007 թվականին առաջին անգամ «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ ձեռնարկեց «Տեխնովացիա Հայաստան» ծրագիրը։ Հենց սկզբից ՏՀՏ գործատուների միությունը ակտիվորեն աջակցել է «Տեխնովացիա Հայաստան» մրցույթին․ միության անդամ ընկերությունները հիմնադրում են մրցանակային ֆոնդը, հանդես են գալիս որպես մենթոր և ժուրիի անդամ։ «Տեխնովացիան» առաջարկում է ամբողջ աշխարհի աղջիկներին այնպիսի հմտություններ, որոնք հնարավորություն կտան նրանց հանդես գալ որպես ձեռներեցներ և տեխնոլգիաների առաջնորդներ։
Ծրագրի շրջանակում 10-14 տարեկան աղջիկները կազմում են կրտսեր թիմեր, իսկ 15-18 տարեկանները՝ ավագ թիմեր։ «Տեխնովացիա Աղջիկներ» ծրագիրը բաղկացած է 12 շաբաթյա առցանց դասընթացից՝ 50-ժամյա ուսումնական ծրագրով, որը հասանելի է բոլոր գրանցված մասնակիցներին։ Պետք է ասեմ, որ այս մրցույթում լուրջ հաջողություններ ենք գրանցել․ օրինակ Կարբի գյուղի միջնակարգ դպրոցի թիմը իր ստարտափով հաղթել է միջազգային փուլում և հասել մինջև Սիլիկոնյան հովիտ՝ մրցանակ ստանալու։ Այս աղջիկներն իրենց ուսուցչուհու օգնությամբ ստեղծել էին հայերեն ժեստերի լեզվի ուսուցման հավելված, որը հրաշալի գաղափար էր։
Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարեց տարի մեծանում է աղջիկների հետաքրքրվածությունը ոլորտով։ Սա լավագույն սկիզբ է ՏՏ ոլորտում մեծ ճանապարհ սկսելու համար։
– Իհարկե, չի կարելի անտեսել կանանց աննախադեպ ներկայացվածությունը ՏՏ ոլորտում, սակայն պետք է նաև նշել, որ ՏՏ ոլորտում կանայք, որպես կանոն, բավարարվում են ցածր կամ միջին պաշտոններով։ Ոլորտի կազմակերպություններում ղեկավար պաշտոններում, միևնույնն է, կանայք չկան։ Ինչպե՞ս եք սա բացատրում։
– Իրականում, ես այստեղ խտրականություն չեմ տեսնում։ Ես, իհարկե, լսել եմ պատմություններ խտրական վերաբերմունքի մասին, սակայն ես, սովորաբար, վիճում եմ այս թեմայի շուրջ։ Ես աչքիս առաջ ունեմ բազմաթիվ կանանց պատմություններ, որոնք ճիշտ հակառակն են ապացուցում։ Կարծում եմ՝ խտրական վերաբերմունքը, եթե լինում է գործատուի կողմից, մեծ մասամբ, կախված է մարդկային գործոնից։ Իմանալով մեր հասարակության հայրիշխանական պատկերացումները, ուզում եմ ասել, որ իմ կարծիքով, ՏՏ ոլորտի կանայք կոտրել են ամենամեծ կարծրատիպը, թե, իբր, սա կնոջ տեղը չէ։ Մնացյալը, կարծում եմ, ածանցյալ խնդիրներ են, որոնք կլուծվեն ժամանակի ընթացքում, փորձառության և կրթության արդյունքում։ Ես, այս իմաստով, շատ լավատես եմ։
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 869