«Կարևոր է, որ զբաղվես այն աշխատանքով, որն իրոք սիրում ես».  Լուսինե Ղազարյան

 

 

25-ամյա Լուսինե Ղազարյանը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում շուրջ երկու տարի է, զբաղվում է  հնդկաձավարի թեփով բարձերի պատրաստման բիզնեսով:  Ասում է՝ գաղափարն առաջացել է երկարատև փնտրտուքների արդյունքում: Իսկ փնտրտուքների պատճառը Ծովագյուղում ու հարակից համայնքներում ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող հնդկաձավարի մշակման խթանմանն ուղղված  ծրագիրն էր, որի վերջնանպատակը ստացված հնդկաձավարը ապրանքային տեսքի բերելն ու տեղական շուկա հանելն էր: Ապրանքային տեսքն ապահովելու ճանապարհին դիտարկվել էր հնդկաձավարի թեփը որպես վառելիք օգտագործելով սերմը բովելու տարբերակը: Պրակտիկայում, սակայն, թեփը նպատակային օգտագործելու խնդիրներ են առաջացել, ինչն էլ ստիպել է փնտրել կիրառության այլ տարբերակներ:

 

-Ես այդ ժամանակ աշխատում էի Ծովագյուղի համայնքապետարանում և որպես համայնքապետարանի աշխատող ներգրավված էի ծրագրերի իրականացման գործընթացում: Ի սկզբանե մտածում էինք, որ  հնդկաձավարի թեփը հնարավոր կլինի օգտագործել այրման եղանակով հնդկաձավարը բովելու համար, սակայն թեփի այրման արդյունքում ջերմությունն այն աստիճան չէր բարձրանում, որ հնարավոր լինել բովել հնդկաձավարը,- պատմում է Լուսինեն:

 

 

Հնդկաձավարի թեփը գյուղացիները փորձարկել են նաև որպես անասնակերի բաղադրիչ:Այս տարբերակը, սակայն,  լայն կիրառություն չի ստացել:  Հենց այդ ընթացքում Լուսինեն փորձել է  համացանցային համառ որոնումների արդյունքում պարզել՝ է՞լ ինչ նպատակով կարելի է օգտագործել հնդկաձավարի թեփը:

 

Ասում է՝ նախ զարմացել, ապա՝ ոգևորվել է, տեղեկանալով, որ հնդկաձավարի թեփով բարձերը լայն կիրառություն ունեն արտերկրում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում:

 

 

-Պարզվում է,  հնդկաձավարի թեփով բարձերը օգտակար են հատկապես միգրեն,  ճնշման խնդիրներ ունեցողների համար,- որոնումների արդյունքներով է կիսվում երիտասարդ գործարարն ու կես կատակ, կես լուրջ հավելում,- իսկ ընդհանուր առմամբ մեր բարձերն ապահովում են լիարժեք ու առողջ քուն:

 

 

 Ամուսնու մայրիկի հետ քննարկում ու որոշում են՝ հարս ու սկեսուր փորձարկել բարձերի պատրաստման ողջ գործընթացքը: Կանանց ոգեշնչում է Լուսինեի ամուսինը՝  իր վրա վերցնելով հումքի տեղափոխման, պատրաստի արտադրանքի առաքման հետ կապված հարցերի կարգավորումը: 2018-ի աշնանն ընտանիքն անցնում  է գործի՝ հիմնելով «ԲԱՐՁԻԿ»  ապրանքանիշը:

 

 

 -Բարձերի պատրաստման պրոցեսը շատ աշխատատար է: Թեփը գնում ենք   հնդկաձավարի մշակման արտադրամասից և այն շատ փոշոտ ու կեղտոտ է լինում:  Ինչպես հնդկաձավարի, թեփի դեպքում ևս հատ-հատ մաքրում ենք այն ավելորդ կեղտից: Հետո թեփը լվանում, լավ չորացնում ենք, ապա միայն անցնում բարձերը լցնելու և կարելու պրոցեսին,- պատմում է Լուսինեն:

 

Գնորդներից զատ առաջին բարձերը փորձարկել են նաև ընտանիքի մեծերը, ովքեր երկու տարի է, օգտվում են միայն հնդկաձավարի թեփով բարձերից:

 

 

Մեկ բարձի արժեքը 6000-7000 դրամ է: Պատվիրելու դեպքում այն անվճար առաքվում է Հայաստանի ցանկացած անկյուն:Լուսինեի խոսքով՝ ընտրել են անվճար առաքման տարբերակը, որպեսզի հասանելի դարձնեն ու ավելի մոտեցնեն ծառայությունը պոտենցիալ հաճախորդին:

 

 

Անկողնային բարձերից զատ հիմա նաև գրասենյակային ու մեքենաների համար նախատեսված բարձիկներ են կարում:

 

 

-Կարծում եմ, դրանք շատ անհրաժեշտ ու օգտակար են այն մարդկանց, ովքեր օրվա գերակշիռ մասն անց են կացնում անշարժ նստած՝ համակարգչի առաջ կամ մեքենայի ղեկին:

 

 

Մեկ բարձի պատրաստման վրա բավականին երկար ժամանակ են ծախսում:  Պատճառը սարքավորումների բացակայութունն է, ինչը թույլ կտար լվացման, չորացման  պրոցեսները շատ ավելի արագ անել:

 

 

Չնայած դժվարություններին, Լուսինեն շարունակում է ոգևորությամբ զբաղվել սիրելի գործով: Հիասթափության կարճատև պոռթկումներն էլ արագ ցրում է ամուսինը: 

 

 

-Ամուսինս իմ մոտիվացիայի աղբյուրն է. երբ մի պահ հոգնում կամ հիասթափվում եմ, ինքն ինձ  ոգևորում ու թևեր է տալիս… Ու ես նոր ոգևորությամբ եմ սկսում աշխատել, հատկապես, որ սա մեր համատեղ հիմնած առաջին բիզնեսն է ու ունի իր տաք տեղը մեր սրտերում,- ժպտում է զրուցակիցս:

 

Մասնագիտությամբ թարգմանիչ և լրագրող Լուսինեն իրականացնում է ապրանքանիշի  մարքեթինգային կառավարումը,  օտարազգի գործընկերների և հաճախորդների հետ կապի ապահովման աշխատանքները:

 

 

Ասում է՝ երկու մասնագիտություններն էլ չափազանց օգնում են բիզնեսը հաջողությամբ առաջ տանելու ու զարգացնելու հարցում: 

 

 

Երիտասարդ գործարարը խոստովանում է՝ սկբնական շրջանում պատվերները շատ քիչ էին: Դա,  Լուսինեի դիտարկմամբ, պայմանավորված էր միայն ֆեյսբուքյան էջով ներկայացված լինելու հանգամանքով: Վերջերս  դրանք ակտիվացել են նաև հայաստանյան տարբեր էքսպոներին մասնակցելու ու  պոտենցիալ հաճախորդների հետ առերես շփման ընթացքում ապրանքանիշը պատշաճ ներկայացնելու շնորհիվ:

 

 

Լուսինեն վստահ է՝ առաջիկայում նոր շուկաներ են նվաճելու նաև արտերկրում: Ապրանքանիշը ներկայումս  Buy Armenian.com կայքում գրանցման փուլում է (կայքը հայ արտադրողներին հնարավորություն է տալիս օնլայն վաճառքներ իրականացնել նաև արտերկրում):

 

 

-Նոր-նոր ենք սկսել գրանցման գործընթացը, բայց արդեն իսկ ամերիկահայերի կողմից մեծ հետաքրքրություն կա «ԲԱՐՁԻԿԻ» նկատմամբ,- նշում է զրուցակիցս:

Պատվերներն ավելանալուն զուգահեռ Լուսինեն պլանավորում է ընդլայնել աշխատողների թիվը՝ բարձերի պատրաստման աշխատանքներում ընդգրկվելով ծովագյուղցի կանանց:

 

 

Վստահ է՝ ոգեշնչված աշխատելու դեպքում հայ կանայք այլընտրանք չունեն՝ հաջողելու են: Հենց այս մտայնությամբ էլ առաջ է շարժվում ու նույնը խորհուրդ տալիս կանանց, ովքեր դեռ որոնումների մեջ են:

 

 

– Ուզում եմ, որ մեր հայ կանաք շատ ավելի ոգեշնչված անեն իրենց գործը, չնայեն,  թե հասարակությունն ինչպես կընդունի: Կարևորն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն զբաղվի այն աշխատանքով, որն իրոք սիրում է: 

 

 

                                                                                                Գայանե Սարգսյան

 

 

Դիտումների քանակը` 1609

Գլխավոր էջ