Լուսինե Բադալյան.  «Մեզ այսօր տրվել է հնարավորություն լուրջ փոփոխությունների սաղմերը դնելու»

Մեր զրուցակիցն է  ՝ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ներկայացված է «Իմ քայլը» դաշինքի 6-րդ հորիզոնականում:

 

 

Լուսինե, ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք, որ միանում եք «Քաղաքացիական պայմանագրին»՝ Երևանի ավագանու ընտրություններում:

 

– Այդ որոշմանը գալը, իրականում, տարիների նախապատմություն ունի: Քաղաքացիական ակցիաներին, ակտիվ պայքարին միացել եմ 2011-2012 թվականներից: Սա ընդամենը պայքարի այդ ողջ ընթացքի տրամաբանական հանգուցալուծումն էր: Ուղղակի  խնդիրն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք ինձ համար պայքարը կարող էր լինել միայն ընդդեմ նրանց: Այսօր իրավիճակն այլ է: Այսօր իշխանության են եկել մարդիկ, ում հետ կողք կողքի պայքարել ենք տարիներ շարունակ: Իհարկե, այսօր պայքարի դաշտը փոխվել է: Եկել է ժամանակը ոչ միայն հարցեր, հիմնախնդիրներ բարձրաձայնելու, այլև՝ աշխատելու:  Այսօր եկել է գործնականում խնդիրներ լուծելու ժամանակը:

 

 

– Ձեր խոսքից ենթադրում եմ, որ նախկինում ևս քաղաքական տարբեր ուժերից առաջարկներ եղել են: Գայթակղություն չի եղե՞լ ընդունել դրանք և ներսից պայքարել, փոխել իրավիճակը:

 

– Այո, բազմիցս, եղել են, բայց ես նախընտրում էի իշխանությունների դեմ պայքարի ուղին: Անկեղծ ասած, ես ունեի շատ ընկերներ, ովքեր համարում էին, որ հնարավոր է ներսից պայքարել համակարգի դեմ, փոխել ինչ-որ բան: Ես ինքս հավատում էի, որ նրանք մտել են համակարգի մեջ՝ այն բարեփոխելու համար: Իրականում, սակայն, շատ ցավոտ հետևանքների ականատեսը եղա: Ստացվեց այնպես, որ համակարգը փոխեց ընկերներիս, ոչ թե հակառակը: Հույս ունեմ, որ մարդկային առումով, նրանց մեջ փոփոխություններն անդառնալի չեն:

 

 

– Այս համատեքստում մտավախություն չունե՞ք, որ նույնը կարող է նաև Ձեզ հետ կրկնվել:

 

– Ոչ, չունեմ: Գուցե՝ մեծամտություն թվա, բայց իմ և նաև մի քանի պայքարող ընկերներիս առումով ուղղակի վստահ եմ, որ մեզ հետ նման բան չի պատահի: Համոզված եմ, որ մեր տեսակին դա չի սպառնում: Սա ինքնանպատակ ճանապարհ չէ, որ պետք է անցնենք: Սա սկզբունքային պայքարի արդյունք է, որը նաև հնարավորություն է՝ այդ սկզբունքները պաշտպանելու: Ես շատ կհիասթափվեմ ինքս ինձանից և իմ ընկերներից, եթե ինչ-որ օր հասկանամ, որ համակարգը փոխել է մեզ, բայց գրեթե վստահ եմ, որ դա անհնար է: Նախորդ 3-4 ամիսները ցույց տվեցին, որ խոսակցություններն այն մասին, որ այսօր իշխանությունում հայտնված մարդիկ կդառնան այնպիսին, ինչպիսին նախորդներն էին,  արդարացված չեն, որովհետև ակնհայտ է, որ համակարգում հայտնված մարդիկ ոչ թե հարմարվում կամ համակերպվում են եղած բարքերին, այլ նոր սկզբունքներ, գաղափարներ, մտածելակերպ և մշակույթ բերում իրենց հետ: Մեզ այսօր տրվել է հնարավորություն լուրջ փոփոխությունների սաղմերը դնելու, և մենք պետք է անենք դա, որովհետև երկար ու դաժան պայքարի շնորհիվ ենք հասել այստեղ: Սա, գուցե, ռոմանտիկ թվա, բայց մեր երազանքը և մղումները դրանք են՝ արժեքային, սկզբունքային փոփոխությունների սկիզբը դնել:

 

 

– Նշեցիք, որ 2011-2012 թվականներից եք միացել ակտիվ քաղաքացիական պայքարին: Կարո՞ղ եք հիշել այն օրը, երբ հասկացաք, որ այլևս լռել չեք կարող:

 

– Որպես այդպիսին, համբերության բաժակը լցնող վերջին կաթիլ չի եղել: Ես տեսակով միշտ չափազանց ըմբոստ եմ եղել, անարդարության դեմ մինչև  վերջ պայքարելը բնավորության գիծ էր: Ես այլ կերպ ուղղակի չէի կարող: Ընդհանուր առմամբ, նշածս թվականներին հանրային կարծիքի արտահայտման և համախոհների համախմբման նոր հարթակ ձևավորվեց՝ Facebook-ը: Այդ տարիներին հասկացա, որ ինձ համար մի շարք կարևոր, սկզբունքային հարցերի մասին բարձրաձայնելով՝ կարողանում եմ որոշակի հնչեղություն տալ դրանց: Այս հարթակը նաև հնարավորություն տվեց, որպեսզի իրարից անկախ պայքարող մարդիկ համախմբվեն: Այսպես պայքարի ձևերը փոխվեցին: Օրինակ՝ հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ընթացքում առաջացավ միմյանց մեքենաներով անվճար տեղափոխելու գաղափարը, իսկ կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ֆեյսբուքյան գլխավոր լուսանկարները «Դեմ եմ» գրությամբ մակնշելը:

 

 

– Դուք նաև հեղափոխության ակտիվ մասնակիցներից էիք: Եղե՞լ է ժամանակ, որ հուսահատվեք կամ չհավատաք վերջնական հաղթանակի հնարավորությանը:

 

– Ես այլ մոտեցում ունեի: Ես համարում էի, որ պետք է գնալ մինչև վերջ՝ ինչ էլ լինի: Ես գիտեի, որ դա մեր ընդհանուր պայքարն է, և դրա արդյունքը ևս ընդհանուր պիտի լինի: Ե՛վ հաղթանակի, և՛ պարտության դեպքում ես ինձ դրա տերն էի համարում: Ինձ համար հստակ էր, որ բոլորս մի նավի մեջ ենք, և ինչ հանգուցալուծում էլ լիներ, ես ընկերներիս կողքին էի լինելու՝ կիսելու թե՛ հաղթանակի երջանկությունը, թե՛ պարտությունը, որովհետև սա առաջին պայքարը չէր, որ իրար հետ էինք տալիս:

 

 

– Դուք այսօ՞ր էլ նույն նավի մեջ եք:

– Կարծում եմ՝ դեռ այո: Այս առումով ևս թիմը հետաքրքրական է: Ես դեռ չեմ նկատել ներքին մրցակցություն, մեկը մյուսի սխալի վրա ինքնահաստատվելու միտում: Թիմում, հատկապես վերին օղակներում, բացարձակ փոխգործակցություն է, փոխադարձ օգնության, իրար թերությունները մատնանշելու, շտկելու, ուղիներ հուշելու պատրաստակամություն:

 

 

– Ձեր թիմի դեմ բերվող հիմնական փաստարկներից մեկը կառավարման փորձի պակասն է: Շոու-բիզնեսից քաղաքի կառավարում անցումը շատերի մոտ է թերահավատորեն ընկալվում:

 

– Այո, այդ հակափաստարկը կա, բայց դրան շատ լավ պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ մենք չունենք կառավարման այն փորձը, որն ունեին նախկին իշխանությունները: Իմ կողմից միայն մի բան կասեմ. Քարոզարշավի մեկնարկից հետո թիմի և, հատկապես, Հայկ Մարությանի գործունեությունը, սրտացավությունը, պատրաստակամությունը, ծրագրերը տեսնելով կարող եմ ասել, որ չկա որևէ մեկը, որն ավելի պատրաստված է կամ ավելի լավ քաղաքապետ կարող է լինել, ավելի գրագետ, ինքնազոհ, քան Հայկ Մարությանը:

 

 

– Լուսինե, ո՞րն է Երևանի առաջնային հիմնախնդիրը Ձեզ համար:

 

– Միանշանակ քաղաքի համաչափ զարգացումը: Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը: Իմ  երազանքն է, որ քաղաքի ծայրամասային բնակավարերը չտարբերվեն կենտրոնից: Միայն այդկերպ կարելի է վերջ տալ քաղաքի կենտրոնում ապրելը առավելություն համարելու քաղքենի մոտեցմանը: Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է կարողանա մրցակցել կենտրոնի հետ՝ արտաքին տեսքով, ենթակառուցվածքներով, մշակութային-կրթական հնարավորություններով: 

 

Ինձ շատ ուրախացրեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը՝ ոչ միայն դրանում ներկայացված ծրագրերի բազմակողմանիությամբ և բազմազանությամբ, այլև՝ դրանց  իրագործմանն ուղղված քայլերի հաջորդականությամբ: Ներկայացվել են խնդիրներ, որոնք լուծելի են կարճաժամկետ ապագայում, կան նաև երկարաժամկետ ծրագրեր, որոնց հիմքերը, սակայն, պետք է դրվեն հենց հիմա: Դրանք բոլորը իրատեսական ծրագրեր են, և ես վստահ եմ, որ թիմի ոչ մի անդամ ջանք չի խնայի՝ դրանք իրագործելու համար:

 

 

– Լուսինե, արդեն իսկ խոսվում է ընտրակաշառքի դեպքերի մասին: Կհաջողվի՞ արդյոք այս ընտրությունների ընթացքում, ի վերջո, արմատախիլ անել այդ երևույթը:

 

– Ես ինքս մի քանի ահազանգ ունեմ ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ: Իրականում, ամբողջովին ձերբազատվել այդ երևույթից, իհարկե, հնարավոր չի լինի, բայց ինձ հույս է ներշնչում այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացին բավականին փոխվել է վերջին ամիսներին, վերգտել իր ինքնասիրությունը, հասկացել, որ եթե չկաշառվի, կկարողանա նաև պահանջել: Այսօր հասարակության մեծ մասը գիտակցում է, որ իրեն առաջարկված այդ ողորմությունն այլևս շատ բան չի փոխելու: Ես կհարգեմ այն մարդուն, ով գաղափարապես կգտնի, որ մեր մրցակիցն առավել արժանի է, կամ՝ առավել պատրաստված, բայց կանի իր ընտրությունը՝ ըստ համոզմունքի, առանց որևէ մեկի ձեռքին նայելու:

 

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 2315

Գլխավոր էջ