«Իմ և LOFT-ի սերը փոխադարձ է»…

Հանդբոլ, մարզական  մրցություններ, շրջագայություններ, սոմելիեի հետաքրքիր աշխատանք, այնուհետև լրագրություն. 32-ամյա Արևիկի անցած ճանապարհն է։ Ժպտադեմ ու շատ հմայիչ Արևիկ Համբարձումյանն այժմ երիտասարդներին ու հատկապես դեռահասներին սիրելի LOFT ցանցի տնօրենն է։

 

Երևանի կենտրոնում  մի քանի  ռուսաստանաբնակ հայ երիտասարդ բիզնեսմենների կողմից  ստեղծած LOFT-ը գունավոր է, նորարար մոտեցումներով, հարմարավետ, լուսավոր սենյակներով, հանգստի սրահներով, գրքերով լի անկյուններով։ Գաղափարի իրականացման առաջին իսկ փուլից Արևիկը եղել է հիմնական թիմում և հիմադիրների հետ միասին ստեղծել այն, ինչն այսօր կա։

 

LOFT-ը բաժանված է տարբեր գոտիների՝ առողջ ապրելակերպի գոտի, բաց խոհանոց, որտեղ այցելուն կարող է պատրաստել իր ցանկալի ուտելիքը, կա ոչ ֆորմալ կրթական գոտի, որտեղ մարդիկ կազմակերպում են սեմինարներ, կոնֆերանսներ, այստեղ նաև հնարավոր է ֆիլմեր դիտել ու քննարկել։ Հանգստի գոտում մարդիկ աշխատում են լուռ, առանց մյուսներին խանգարելու, գրադարանային գոտում էլ այցելուները կարող են ընթերցել իրենց սիրելի գրքերը։ Իսկ ահա արթ-գոտում հիմնական դերակատարներն արվեստագետներն են. նրանք կարող են ինքնարտահայտվել, ցուցադրել իրենց ստեղծագործությունները։ 

 

«Այսինքն՝ սա մի տարածք է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն բնորոշ մի անկյուն ու անցկացնել ժամանակը»,- ներկայացնում է Արևիկը։

 

Բացի LOFT-ի արտաքին տեսքից, թիմը մեծ շեշտ է դրել նաև  բովանդակության վրա ու ստեղծել տարբեր ակումբներ:  «Շատ եմ կարևորում բովանդակությունը ու մենք հետաքրքիր  լուծումներ գտանք. այժմ շուրջ 15 ակումբ ունենք՝ բիզնես ակումբից սկսած, որն ամենամարդաշատն է, ունի մեծ լսարան, վերջացրած մանկական ակումբով։ Այս ակումբները ղեկավարում են այդ ոլորտում քիչ թե շատ հայտնի,  հանրության կողմից  սիրված մարդիկ, ովքեր ունեն մեծ  հեղինակություն ու լայն լսարան և կարող են իրենց փորձով կիսվել մյուսների հետ»,- նշում է Արևիկը։

 

Գործունյա կինն ասում է, որ, ի սկզբանե, նպատակ է եղել LOFT-ի միջոցով փոխել մտածելակերպ, բերել թարմ միջավայր ու կոտրել կարծրատիպեր։ Բիզնես անելու գաղափարը երկրորդական է եղել նրանց համար։ «LOFT-ն ավելի շատ սոցիալական նպատակներ ունի, քանի որ   բիզնես տարրը 80 տոկոսով սոցիալական բաղադրիչն է։ Մեզ համար կարևոր է, որ  հանրությունն իմանա.  այս բիզնեսում չկա գերշահույթի նպատակ։ Մեր շահույթը դրվում է սոցիալական որևիցե ծրագիր  կամ նոր LOFT ստեղծելու նպատակի իրագործման մեջ»,- ասում է Արևիկը։

 
Նման նպատակներից  մեկն էլ Գյումրիում այս հունվարին բացված LOFT-ն է, որի շուրջ  միավորվել են գյումրեցի դեռահասներ ու երիտասարդներ։ Արևիկն ասում է, որ Գյումրիում LOFT-ի բացումը ռիսկային էր՝ մարդկանց սոցիալական վիճակը ծանր է։ Բայց նաև խնդիր են ունեցել. ապակենտրոնացնել երևանյան  ծրագրերն և ուղղել  դրանք մարզեր։

 

 

«Ես միշտ ասում եմ՝  Հայաստանը միայն Երևանը  չէ։ Այսօր մարզերում երիտասարդները  ժամանցի ապահովման կարիք ունեն։ Մենք փորձում ենք 1000 դրամով լայն ծառայություն մատուցել նրանց՝  խթանելով նրանց  ինքնակրթությունն  ու ինքնազարգացումը։ LOFT-ից, ի վերջո, շատ կարևոր «սթարթ-ափ»-եր են դուրս եկել։ Գյումրիում LOFT-ի բացման առաջին օրվանից ակտիվությունն ինձ զարմացնում է, ու վստահ եմ, որ բիզնես մոդելն այնտեղ պետք է իրեն արդարացնի»,- նկատում է Արևիկ Համբարձումյանը։

 

LOFT-ի հեռահար ծրագրերից է Վանաձորում, մարզային մյուս քաղաքներում, ավելին, Հայաստանից դուրս LOFT-երի բացումը՝ որպես ցանց։ 2016-ի մայիսին Սամարայում ֆրենչայզինգ նախագծով բացվեց LOFT, իսկ այս պահին աշխատանքներ են տարվում ՌԴ այլ խոշոր քաղաքներում ցանցն ընդլայնելու ուղղությամբ։ Եվ դրա համար փնտրում են անհատ ներդրողների, գործարարների, որոնց կարող են առաջարկել շատ հետաքրքիր, ճկուն փաթեթներ։

 

Բացի այդ, վերջերս իրականացրած ծրագրերից է LOFT-ի վերին հարկում «co-working» տարածքի բացումը, որտեղ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ստեղծվել է բիզնես միջավայր։ Այստեղ տարբեր մասնագետների խմբեր շուտով կկարողանան միմյանց օգտակար լինել նոր գաղափարներով։

 

 

Մեկ անակնկալ ևս․ Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, շատ շուտով կբացվի նոր ձևաչափի LOFT՝ տարիքային ավելի մեծ խմբի մարդկանց համար։ «Չեմ կարող փակագծեր բացել, բայց շատ հետաքրքիր ծրագիր է լինելու»,- ժպտում է մեր զրուցակիցը։

 

Ավելին, Մշակույթի նախարարության հետ LOFT-ի ղեկավարությունը, ինչպես Արևիկ Համբարձումյանն է ասում, «շատ լուրջ, հետաքրքիր, ռազմավարական նշանակության  ու երկրի համար կարևոր» ծրագիր են սկսում, որի մեկնարկի մասին կհայտարարվի առաջիկայում: Արմեն Ամիրյանը, ըստ Արևիկի, շատ ոգևորված է այդ ծրագրով, ինչը մոտիվացնում է։

 

32-ամյա գործարար կինն մեկ-մեկ  ինքն էլ է իրեն դեռահաս զգում։ «Ես պատրաստ եմ հիստերիայի հասնող պայքարի մեջ մտնել այն անձի հետ, ով ինձ ասում է, թե մեր երիտասարդությունը  վատն է։ Նրանք շատ լավն են,  ամեն օր այստեղ հանդիպում եմ շատ  խելացի երիտասարդների։ Իրենց համար ուղղակի պետք է միջավայր ստեղծել, որ ինքնազարգանան»,- համոզված է  Արևիկը։

 

Իր գործունեության ընթացքում դժվարությունների հանդիպել է, հուսահատեցնող պահեր եղել են, բայց ասում է, երբեք թևաթափ չի եղել, շարունակել է ընթանալ առաջ։ Արևիկին օգնել է իր՝  չհանձնվող տեսակը և կանացի հոտառությունը։ Ասում է՝ ինքն այդպիսին կրթվել, դաստիարակվել է ընտանիքում։ «Հիմա ուրախանում եմ, երբ տեսնում եմ աղջիկներ, ովքեր շատ առաջադեմ են, փորձում են հասարակության մեջ իրենց դրսևորել։ Կարծում եմ, երբ ընտանիքում տեսնում ես, որ մայրը շատ կարևոր  ու երկրորդական կերպար չէ, ապա փորձում ես նման  կերպարն ինքնուրույն վերարտադրել»,- ասում է Արևիկը։

 

Բայց նրա ամենամեծ աջակիցն ամուսինն է։ «Իմ կողքին ուժեղ տղամարդ է կանգնած։ Վստահ եմ՝ ներքին ուժ պետք է ունենա տղամարդը, որ զերծ լինի կոմպլեքսներից, որ կարողանա ուժեղ կնոջ կողքին լինել, աջակցել, չխոչընդոտել նրան», -ասում է նա։

 

Արևիկն անկեղծանում է՝ իր կյանքում առաջնահերթությունները սխալ են դասավորված, բայց կարծում է, որ շուտով կգա այնպիսի փուլ, որ դրանց դասավորությունը կփոխվի. կյանքում այժմ նրա ամենամեծ երազանքը փոքրիկ ունենալն է և չի վախենում հետագայում երեխան ու կարիերան համատեղելու մտքից։  Բայց մինչ այդ, Արևիկն իր երեխայի նման սիրում է LOFT-ը. «Իմ և LOFT-ի սերը փոխադարձ է, քանի որ որքան ես տալիս եմ LOFT-ին, այնքան էլ ստանում եմ այդ լիցքը  ու նաև փոխանցում եմ իմ թիմին, որն էլ իր հերթին  փոխանցում է այցելուին»։

 

Հասմիկ Համբարձումյան

 

Դիտումների քանակը` 5631

Գլխավոր էջ