«Ներկայացնենք աշխարհին մերը՝ հայկականը». Buyarmenia նախաձեռնություն  

 

 

Լոս-Անջելեսում բնակվող Լիլիթն ստեղծել է հայկական արտադրանքի վաճառքի  Buyarmenian.com կայքը

 

 

Լիլիթ Դոլկարյան-Օդաբաշյանը արտերկրում բնակվող մեր այն  նախաձեռնող հայրենակիցներից  մեկն է, ով արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից մեկնարկել  ու հետևողականորեն իրականացրել է բարեգործական ծրագրեր ու դրամահավաքներ՝  Հայաստանին ֆինանսական ու նյութական օգնություն տրամադրելու համար: 2020-ի հոկտեմբերի սկիզբ առած բարեգործական ծրագրերը, սակայն, որոշ ժամանակ անց որոշել է փոխարինել այլ նախագծով:

 

 

-Պատերազմը բոլորիս ցնցել էր: Յուրաքանչյուրն  ուզում էր ինչ-որ կերպ օգնել Հայաստանին: Պատերազմի ընթացքում դրամական օգնություն էինք հասցնում, տարբեր ֆոնդհայթայթումներ էինք անում Հայաստանի համար,   բայց հետո որոշեցինք, որ փոխանակ ձուկը տալու ժողովրդին, պետք է ձկնորսություն սովորեցնենք և մարդկանց աշխատելու հնարավորություն տանք,- պատմում է Լիլիթը:

 

 

Առաջին միտքը, որ հղանում է, հայկականն առնելու գաղափարի տարածումն է լինում: Հենց այս գաղափարի տարածման տեսլականով է Լիլիթը բացում Buy Armenian  խումբը, որին շատ արագ սկսում են միանալ հայեր Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից:

 

 

-Պատերազմի շրջանում բոլորը չափազանց հետաքրքրված էին հայկական ամեն ինչով: Ու հավանաբար նաև դա էր պատճառը, որ մարդիկ հազարներով էին միանում մեր խմբին,- ասում է Լիլիթը:

 

 

Նրա նախաձեռնությունը ողջունում են նաև ընտանիքում: 40  հազար անդամ ունեցող խմբի բնականոն գործունեության ապահովման գործում օգնության է հասնում ամուսինը՝ Նշանը:

 

 

Խմբում  վաճառողները գնային առաջարկներով հայկական ապրանքատեսակներ են առաջարկում, պոտենցիալ գնորդները՝ հավանելու դեպքում պատվիրում  դրանք: Տեղափոխման ու վճարման հետ կապված, սակայն, ժամանակի ընթացքում որոշակի դժվարություններ են առաջանում, ինչն էլ ստիպում է Լիլիթին մտածել ավելի համակարգված մեխանիզմներ մշակելու մասին:

 

 

– Սկզբնական շրջանում  օգտվում էինք   «Հայփոստի» առաքման  ծառայություններից: Որոշ ժամանակ այն արդյունավետ աշխատում էր:Մարդիկ մեծ ոգևորությամբ սկսել էին պատվիրել հայկականը: Բայց այն պահից սկսած, երբ «Հայփոստը»  կտրուկ բարձրացրեց  իր ծառայությունների սակագները, մենք կանգնեցինք լուրջ դժվարությունների առաջ: Մարդիկ սկսեցին իրենց պատվերները չեղարկել, հայաստանյան վաճառողները մի պահ  խուճապի էին մատնվել պատվերների մեծածավալ չեղարկումների պատճառով: Շատ էի ազդվել ու մտածում էի՝ ի՞նչ պետք է անեմ, որ ժողովրդի ոգևորությունը չմարի,- հիշում է Լիլիթը, պարզաբանելով, -շատ դժվար է, երբ 20 դոլարանոց ապրանք են պատվիրում ու հանկարծ իմանում, որ առաքման համար ևս  50 դոլար պետք է վճարեն…

 

 

Այս ու նմանատիպ այլ բարդություններն էլ պատճառ են հանդիսանում, որ Լիլիթն իր թիմով հիմնի Buyarmenian.com կայքը, որը և՛ ապրանքատեսականին ներկայացնելու, և՛ վաճառքների  ու առաքման գործառույթների ողջ շղթան կվերցնի իր վրա:

 

 

 

Կայքին միանալու համար  պարտադիր նախապայմաններ կան. ապրանքատեսակը պետք է գնանշում ունենա, ուտեստեղենի դեպքում  լինի բարձրորակ, օրգանիկ կամ սերտիֆիկացված:

 

   

 

-Որակը պահելը մեզ համար  գերակա է, ուզում  ենք լավագույնը ներկայացնենք, որպեսզի մարդիկ հայկականը գնելիս իմանան,  որ գնում են լավագույնը,- ասում է Լիլիթը:

 

 

 

Արդեն իսկ կայքին են միացել 600-ից ավելի անհատ ձեռներեցներ ու կազմակերպություններ 3000-ից ավել ապրանքատեսականիով: Հիմնադիրները մտադիր են  այս թիվը շարունակաբար ավելացնել, որպեսզի ցանկացած հայկական ապրանքանիշ հնարավոր լինի գտնել հենց  Buyarmenian.com-ում:

 

 

Ի դեպ, կայքին միանալն ու ողջ ապրանքատեսականին ներկայացնելն անվճար է, վաճառքի դեպքում  3.5 և 1.5 տոկոսի չափով պահումներ են նախատեսված փոխանցումների ու կայքի պահպանման հետ կապված  ծախսերը հոգալու համար:

 

 

Լիլիթի խոսքով՝ հայկական ապրանքատեսականիով հետաքրրքվում են աշխարհի տարբեր  ծայրերից: Առավել  ակտիվ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի,  Ավստրալիայի բնակիչները:

 

 

Ամենացանկալի ու պահանջված ապրանքների առաջին հորիզոնականներն էլ զբաղեցրել են հայկական չրերն ու քաղցրեղենը, հայկական խոտաբույսերով թեյերը, մեղրը…

 

 

Հատկանշական է, որ կայքում գրանցված տնտեսվարղների գերակշիռ մասը կանայք են:

 

 

– Ես տեսնում եմ, որ հայ կինը բացառիկ կարողություններ ու հնարավորութւններ ունի: Պարզապես պետք է ինքն իր համար որոշի՝ ես կարող եմ անել: Եվ ոտքի ելնի ու վստահի ինքն իրեն:  Վստահություն , կամք, որոշում, որ ես կարող եմ  և  ամեն ինչի կարող ենք հասնել: Ամեն ինչ կարող ես, եթե որոշես, որ ուզում ես հասնել ցանկացածիդ,- նշում է Լիլիթը:

 

 

Չնայած աշխատանքային գերծանրաբեռնվածությանն ու դժվարություններին, Լիլիթը հավատում է՝ հաջողության հասնելու միակ ճանապարհը անդադար աշխատելն է:

 

 

-Պահ եղավ, որ մտածեցի՝  կամ կարող եմ  հույսս կտրել ու ոչինչ չանել, կամ՝ կենտրոնանալ գործիս վրա ու աշխատել: Ընտրեցի վերջինը, մտածելով, որ այս դեպքում գոնե կարող եմ ասել, որ ես իմ իմ հնարավորություննների սահմանում  լավագույնս աշխատել եմ: Հուսահատությունը ավելի է հուսահատեցնում: Ես  հավատում եմ, որ յուրաքանչյուր մթությունից հետո լույս կա:

 

 

Միայն մի բանի՝  հայկականի մասսայականացմանն ուղղված նախաձեռնությունն ավելի վաղ չիրականացնելու համար է ափսոսում:

 

 

-Պատերազմը ցնցեց հայ ժողովրդին ու զգացինք, որ այլևս դանակը ոսկորին է հասած: Երանի շուտվանից սկսած  լինեինք այս շարժումն ասեմ, այս մոտեցումն ասեմ: Հայը հային պետք է օգտակար լինի միշտ: Պատերազմի շրջանում շատ-շատ մեծ ոգևորություն կար: Ուզում եմ պահենք  այդ միաձեռք լինելը, այդ ոգևորությունը չթողնենք, որ մարի:  Պիտի իրար օգնենք, որ առաջ գնանք ու լավագույնն  անենք հայրենիքի համար:

 

 

18 տարի առաջ Սիրիայի Հալեպ քաղաքից  Լոս-Անջելես տեղափոխված Լիլիթը հույս ունի, որ մի օր վերջնականապես կհաստատվեն Հայաստանում:

 

 

-Մի քանի անգամ եղել ենք Հայաստանում: Մեկ անգամ Հայաստան այցելած սփյուռքահայն անընդհատ ուզում է վերադառնալ: Հետաքրքիր կապ կա մեր ու Հայաստանի միջև: Ամուսինս՝ Նշանը, հաճախ է  ասում՝  մեր վերջը հայրենիքն է, մեր վերջը Հայաստանն է: Միշտ մտածում ենք այդ մասին:

 

 

Անկախ բնակության վայրից, սակայն, Դոլկարյան-Օդաբաշյան ընտանիքի գերնպատակը մեկն է. « որ աշխարհի բոլոր հայերով միանանք, հայը հային քաջալերի,  հայը հայից գնի, հայկականը գնի: Որ բոլորով աշխարհին ներկայացնենք մերը՝ հայկականը»:

 

 

                                                                                    Գայանե Սարգսյան

 

 

 

Դիտումների քանակը` 1155

Գլխավոր էջ