«Ներկայացնենք աշխարհին մերը՝ հայկականը». Buyarmenia նախաձեռնություն
Լոս-Անջելեսում բնակվող Լիլիթն ստեղծել է հայկական արտադրանքի վաճառքի Buyarmenian.com կայքը
Լիլիթ Դոլկարյան-Օդաբաշյանը արտերկրում բնակվող մեր այն նախաձեռնող հայրենակիցներից մեկն է, ով արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից մեկնարկել ու հետևողականորեն իրականացրել է բարեգործական ծրագրեր ու դրամահավաքներ՝ Հայաստանին ֆինանսական ու նյութական օգնություն տրամադրելու համար: 2020-ի հոկտեմբերի սկիզբ առած բարեգործական ծրագրերը, սակայն, որոշ ժամանակ անց որոշել է փոխարինել այլ նախագծով:
-Պատերազմը բոլորիս ցնցել էր: Յուրաքանչյուրն ուզում էր ինչ-որ կերպ օգնել Հայաստանին: Պատերազմի ընթացքում դրամական օգնություն էինք հասցնում, տարբեր ֆոնդհայթայթումներ էինք անում Հայաստանի համար, բայց հետո որոշեցինք, որ փոխանակ ձուկը տալու ժողովրդին, պետք է ձկնորսություն սովորեցնենք և մարդկանց աշխատելու հնարավորություն տանք,- պատմում է Լիլիթը:
Առաջին միտքը, որ հղանում է, հայկականն առնելու գաղափարի տարածումն է լինում: Հենց այս գաղափարի տարածման տեսլականով է Լիլիթը բացում Buy Armenian խումբը, որին շատ արագ սկսում են միանալ հայեր Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից:
-Պատերազմի շրջանում բոլորը չափազանց հետաքրքրված էին հայկական ամեն ինչով: Ու հավանաբար նաև դա էր պատճառը, որ մարդիկ հազարներով էին միանում մեր խմբին,- ասում է Լիլիթը:
Նրա նախաձեռնությունը ողջունում են նաև ընտանիքում: 40 հազար անդամ ունեցող խմբի բնականոն գործունեության ապահովման գործում օգնության է հասնում ամուսինը՝ Նշանը:
Խմբում վաճառողները գնային առաջարկներով հայկական ապրանքատեսակներ են առաջարկում, պոտենցիալ գնորդները՝ հավանելու դեպքում պատվիրում դրանք: Տեղափոխման ու վճարման հետ կապված, սակայն, ժամանակի ընթացքում որոշակի դժվարություններ են առաջանում, ինչն էլ ստիպում է Լիլիթին մտածել ավելի համակարգված մեխանիզմներ մշակելու մասին:
– Սկզբնական շրջանում օգտվում էինք «Հայփոստի» առաքման ծառայություններից: Որոշ ժամանակ այն արդյունավետ աշխատում էր:Մարդիկ մեծ ոգևորությամբ սկսել էին պատվիրել հայկականը: Բայց այն պահից սկսած, երբ «Հայփոստը» կտրուկ բարձրացրեց իր ծառայությունների սակագները, մենք կանգնեցինք լուրջ դժվարությունների առաջ: Մարդիկ սկսեցին իրենց պատվերները չեղարկել, հայաստանյան վաճառողները մի պահ խուճապի էին մատնվել պատվերների մեծածավալ չեղարկումների պատճառով: Շատ էի ազդվել ու մտածում էի՝ ի՞նչ պետք է անեմ, որ ժողովրդի ոգևորությունը չմարի,- հիշում է Լիլիթը, պարզաբանելով, -շատ դժվար է, երբ 20 դոլարանոց ապրանք են պատվիրում ու հանկարծ իմանում, որ առաքման համար ևս 50 դոլար պետք է վճարեն…
Այս ու նմանատիպ այլ բարդություններն էլ պատճառ են հանդիսանում, որ Լիլիթն իր թիմով հիմնի Buyarmenian.com կայքը, որը և՛ ապրանքատեսականին ներկայացնելու, և՛ վաճառքների ու առաքման գործառույթների ողջ շղթան կվերցնի իր վրա:
Կայքին միանալու համար պարտադիր նախապայմաններ կան. ապրանքատեսակը պետք է գնանշում ունենա, ուտեստեղենի դեպքում լինի բարձրորակ, օրգանիկ կամ սերտիֆիկացված:
-Որակը պահելը մեզ համար գերակա է, ուզում ենք լավագույնը ներկայացնենք, որպեսզի մարդիկ հայկականը գնելիս իմանան, որ գնում են լավագույնը,- ասում է Լիլիթը:
Արդեն իսկ կայքին են միացել 600-ից ավելի անհատ ձեռներեցներ ու կազմակերպություններ 3000-ից ավել ապրանքատեսականիով: Հիմնադիրները մտադիր են այս թիվը շարունակաբար ավելացնել, որպեսզի ցանկացած հայկական ապրանքանիշ հնարավոր լինի գտնել հենց Buyarmenian.com-ում:
Ի դեպ, կայքին միանալն ու ողջ ապրանքատեսականին ներկայացնելն անվճար է, վաճառքի դեպքում 3.5 և 1.5 տոկոսի չափով պահումներ են նախատեսված փոխանցումների ու կայքի պահպանման հետ կապված ծախսերը հոգալու համար:
Լիլիթի խոսքով՝ հայկական ապրանքատեսականիով հետաքրրքվում են աշխարհի տարբեր ծայրերից: Առավել ակտիվ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Ավստրալիայի բնակիչները:
Ամենացանկալի ու պահանջված ապրանքների առաջին հորիզոնականներն էլ զբաղեցրել են հայկական չրերն ու քաղցրեղենը, հայկական խոտաբույսերով թեյերը, մեղրը…
Հատկանշական է, որ կայքում գրանցված տնտեսվարղների գերակշիռ մասը կանայք են:
– Ես տեսնում եմ, որ հայ կինը բացառիկ կարողություններ ու հնարավորութւններ ունի: Պարզապես պետք է ինքն իր համար որոշի՝ ես կարող եմ անել: Եվ ոտքի ելնի ու վստահի ինքն իրեն: Վստահություն , կամք, որոշում, որ ես կարող եմ և ամեն ինչի կարող ենք հասնել: Ամեն ինչ կարող ես, եթե որոշես, որ ուզում ես հասնել ցանկացածիդ,- նշում է Լիլիթը:
Չնայած աշխատանքային գերծանրաբեռնվածությանն ու դժվարություններին, Լիլիթը հավատում է՝ հաջողության հասնելու միակ ճանապարհը անդադար աշխատելն է:
-Պահ եղավ, որ մտածեցի՝ կամ կարող եմ հույսս կտրել ու ոչինչ չանել, կամ՝ կենտրոնանալ գործիս վրա ու աշխատել: Ընտրեցի վերջինը, մտածելով, որ այս դեպքում գոնե կարող եմ ասել, որ ես իմ իմ հնարավորություննների սահմանում լավագույնս աշխատել եմ: Հուսահատությունը ավելի է հուսահատեցնում: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մթությունից հետո լույս կա:
Միայն մի բանի՝ հայկականի մասսայականացմանն ուղղված նախաձեռնությունն ավելի վաղ չիրականացնելու համար է ափսոսում:
-Պատերազմը ցնցեց հայ ժողովրդին ու զգացինք, որ այլևս դանակը ոսկորին է հասած: Երանի շուտվանից սկսած լինեինք այս շարժումն ասեմ, այս մոտեցումն ասեմ: Հայը հային պետք է օգտակար լինի միշտ: Պատերազմի շրջանում շատ-շատ մեծ ոգևորություն կար: Ուզում եմ պահենք այդ միաձեռք լինելը, այդ ոգևորությունը չթողնենք, որ մարի: Պիտի իրար օգնենք, որ առաջ գնանք ու լավագույնն անենք հայրենիքի համար:
18 տարի առաջ Սիրիայի Հալեպ քաղաքից Լոս-Անջելես տեղափոխված Լիլիթը հույս ունի, որ մի օր վերջնականապես կհաստատվեն Հայաստանում:
-Մի քանի անգամ եղել ենք Հայաստանում: Մեկ անգամ Հայաստան այցելած սփյուռքահայն անընդհատ ուզում է վերադառնալ: Հետաքրքիր կապ կա մեր ու Հայաստանի միջև: Ամուսինս՝ Նշանը, հաճախ է ասում՝ մեր վերջը հայրենիքն է, մեր վերջը Հայաստանն է: Միշտ մտածում ենք այդ մասին:
Անկախ բնակության վայրից, սակայն, Դոլկարյան-Օդաբաշյան ընտանիքի գերնպատակը մեկն է. « որ աշխարհի բոլոր հայերով միանանք, հայը հային քաջալերի, հայը հայից գնի, հայկականը գնի: Որ բոլորով աշխարհին ներկայացնենք մերը՝ հայկականը»:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 1238